Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Վերադարձ լուրերի բաժին

Կան բաներ, որոնք բոլոր մարդիկ անում են: «Սակայն այդ սովորույթները սպանում են ձեր հաղորդակցությունը»,- ասում է խոսքի վարպետության մասնագետ Ջուլիան Թրեժըրը: Այս հոդվածը կօգնի ձեզ ուժեղացնել գրավիչ խոսելու ձեր կարողությունը:

Տարիների ընթացքում մասնագետը ֆիքսել է զգացմունքային որոշ շարժիչ ուժեր, որոնք դուրս են քաշում զորությունը հաղորդակցությունից: Մասնագետը դրանք անվանել է չորս տզրուկներ: Թրեժըրը վստահ է, որ բոլոր մարդկանց մեջ էլ կա դրանց մեծ մասը, եթե ոչ բոլոր չորսն էլ: «Ես չեմ ասում, թե դրանք վատն են կամ սխալ, կամ պետք է միայն դրանց մեղադրել: Հարցն այն է, որ պետք է զգոն լինել դրանց նկատմամբ և թույլ չտալ, որպեսզի այդ տզրուկները ղեկը վերցնեն իրենց ձեռքը»,- ընդգծում է մասնագետը:

Տզրուկ #1: Լավ երևալ
Բոլորս ենք ուզում լավ երևալ: Սակայն այդ պարզ մարդկային ձգտումը հաճախ կարող է մեր լսելու և խոսքի մեջ խցկվել: Այդ միտումն իրեն հաճախ դրսևորում է երկու պարզ բառերի միջոցով՝ «Ես գիտեմ»: Սակայն եթե ես ամեն ինչ գիտեմ, ի՞նչ կարող եմ սովորել: Ընդհանրապես ոչինչ: Ձեն բուդդիզմի հետևյալ ասացվածքն ամփոփում է այդ երևույթը՝ «Գիտելիքն ամեն օր ինչ-որ նոր բան սովորելն է: Իմաստությունն ամեն օր որևէ բան տալ է»:

Հիասթափեցնող է լինել մեկի շրջապատում, ում անհնար է տպավորել: Հաղորդակության մասնագետ Թրիշա Բաումանը Ջուլիան Թրեժըրին պատմել է, որ ինքն ամեն անգամ որևէ առիթով հիացմունք արտահայտելիս Փարիզում իր ընկերների շրջապատում անհարմար դրության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ երբ նա որևէ գեղեցիկ տեղանքից ստացած տպավորություններն ու զգացմունքները կիսել է ընկերների հետ, նրանք պարզապես ուսերն են թոթվել և անցել առաջ: Հետագայում Բաումանը հասկացել է, որ խնդիրն ինքը չէ, այլ այդ մարդիկ, որոնց շրջապատում որևէ բանով տպավորվելը համարվում էր պատվից ցածր: Նման պահվածքն, ըստ Թրեժըրի, սպանում է ուրախությունը: Իսկ ուրախությունն այն հազվադեպ «ունեցվածքն» է, որի կորուստը ողբերգական է:

Լավը երևալու ավելի աննկատ եղանակներից մեկն էլ, ըստ Թրեժըրի, «ելույթը գրելն է» (“speechwriting”): Դա այն իրավիճակն է, երբ զրուցակցի համար Ձեր խոսքը հնչում է որպես անկապ աղմուկ, և նա այդ ընթացքում մտովի արարում է իր հերթական հանճարեղ մենախոսությունը: Այդ իրավիճակը հաճախ ավարտվում է անտրամաբանական «ինչևէ …»-ով, որն արհամարհում է այն, ինչ հենց նոր ասացիք և խոսակցությունը տեղափոխում լրիվ այլ ուղղությամբ: Այդպիսի պահվածքը հաճախ բնորոշ է իշխանություն ունեցողներին, չնայած՝ դա արդյունավետ ղեկավարման ոճ չի կարելի համարել:

Ելույթ գրելուց փոքր-ինչ տարբերվում է մրցակցային խոսքը: Դա նույնպես լավ երևալու դրսևորումներից մեկն է: Օրինակ՝ ես ոգևորված ասում եմ. «Մենք այնքան ուրախ ենք, որ այս ամռանն արձակուրդին գնալու ենք Հունաստան»: Մրցակցային զրուցակիցը կներխուժի խոսակցության մեջ՝ ասելով. «Օ, այո, ես Հունաստանում եմ եղել վեց անգամ և շատ եմ սիրում այն»: Ես սկսում եմ ինձ արժեզրկված և երկրորդ կարգի մարդ զգալ:

Տզրուկ #2: Ճիշտ լինելը
Եթե կա մի բան, որը մենք սիրում ենք լավ երևալուց ավելի, դա ճիշտ լինելն է: «Երբ ես ճիշտ եմ, իսկ Դուք՝ սխալ, դրանից ես ավելի լավ եմ զգում, քան Դուք»,- ասում է Թրեժըրը: Ճիշտ լինելու տենչն ապակառուցողական է հարաբերություններում: Բժիշկ և դասախոս Հարվիլ Հենդրիքսն ասել է. «Դուք ցանկանում եք լինել ճի՞շտ, թե ցանկանում եք պահպանել հարաբերությունները: Երկուսը միասին չեն կարող լինել: Դուք չեք կարող հանգստանալ և սիրված լինել՝ երկար և հոգնեցուցիչ օրվանից հետո Ձեր ճիշտ լինելը պնդելով»:

Ճիշտ լինելու կարիքը կարող է ծագել չհարգված լինելու վախից: Կամ դրա պատճառը կարող է լինել վախը, որ Ձեզ կճանաչեն որպես սխալական մի մարդու, որը կատարյալ չէ և լի է հակասություններով ու շփոթված է, ինչպիսին իրականում կանք մենք բոլորս: Արդարացված ճիշտ լինելու կամ մյուսներին սխալ դարձնելու ձգտումն այն ճանապարհն է, որը մենք ընտրում ենք մեր ցանկություններն իրականացնելու համար, քանի որ այն մեզ մյուսներից ավելի վեր է դասում:

Ընդհատելը բխում է ճիշտ լինելու ցանկությունից: Դա նաև կարող է լինել «ելույթ գրելու» ձգտումից, բայց այն ավելի հաճախ ծագում է ընդհանրապես որևէ պլանավորում չունենալուց՝ պարզապես չհամաձայնելու, պատասխան պահանջելու կամ հենց հիմա պատճառաբանություն պահանջելու ձգտումից՝ առանց սպասելու, որպեսզի զրուցակիցը վերջացնի խոսքը: Ընդհատելն ավել հաճախակի է դառնում մեր անհամբեր աշխարհում, նույնիսկ՝ կյանքի և մահվան հարցերում: ԱՄՆ-ի և Կանադայի բժիշկների շրջանում անցկացված հետազոտությունը պարզել է, որ բժիշկները հիվանդներին ընդհատում են միջինում նրանց խոսքի 18-րդ վայրկյանին: Հիվանդների մեկ քառորդից էլ քչերին են թույլ տվել իրենց խոսքը վերջացնել:

Ընդհատելն ունի երկու անցանկալի հետևանք: Մենք չենք լսում՝ ինչ է ասում մյուս անձը, այնինչ, նրա ասածը կարող է օգտակար լիներ: Նաև դա ամենայն հավանականությամբ կհարվածի խոսակցության հետագա ընթացքին՝ փոփոխելով դինամիկան և զգացմունքային ենթատեքստը: Ընդհատվող անձը կարող է իրեն նվաստացած և վիրավորված զգալ՝ զայլանալով, հուզմունքի տրվելով և չցանկանալով բացվել: Չնայած ընդհատելը միշտ չէ, որ սխալ է՝ այն պետք է երբեք սովորություն չդառնա:

Տզրուկ #3: Մարդկանց հաճոյանալը
Եթե ինչ-որ մեկն առաջնորդվում է մարդկանց հաճոյանալու սկզբունքով կամ առնվազն այդպես է թվում, դա «գողանում է» նրանց խոսքի զորությունը: Ազնվությունը և իսկությունը բացակայում են, իսկ դրանք ուժեղ հաղորդակցության հիմքն են: Մարդկանց հաճոյացողներն այո են ասում, երբ նրանք նկատի ունեն՝ ոչ, նրանք կարող են համաձայնել ինչ-որ տեղ գնալ, այնինչ պետք է մնային իրենց տեղում: Նրանք հաճոյանալու համար կարող են համամիտ լինել այնպիսի տեսակետներին, որոնց հետ իրականում արմատապես համաձայն չեն: Չնայած բոլորս էլ ձգտում ենք, որպեսզի մյուսներին դուր գանք, գլխավոր հարցը չափի զգացողությունը և աստիճանն են:

Եթե ինքներդ Ձեզ որսում եք մարդկանց չափից շատ հաճոյանալիս, կանգ առեք և մտածեք Ձեր սեփական արժեքների մասին: Հարցրեք ինքներդ Ձեզ. «Ինչի՞ կողմնակիցն եմ ես: Ի՞նչն է կարևոր ինձ համար կյանքում: Ի՞նչը ենթակա չէ քննարկման»: Գրեք այն ամենը, ինչը կանցնի Ձեր մտքով՝ այդ հարցերին պատասխանելիս: Երբ հստակեցնեք Ձեր հիմնարար արժեքները, ավելի հեշտ կդառնա դրանք պահպանելը և այլ մարդկանց կարծիքներին ու կարիքներին չտրվելը:

Տզրուկ #4: Ամեն ինչ կարգավորելը
Ամեն ինչ կարգավորելը հիմնականում առնչվում է այն ձգտմանը, որպեսզի ամեն ինչ լավ լինի: «Մի լացիր» կամ «Մի հիասթափվիր» նախադասությունները ամեն ինչը կարգավորել փորձող անձի առաջին պատասխանն են ցավին: Ինչու՞ է այդ մոտեցումը տզրուկ: Որովհետև երբեմն մարդիկ պետք է հիասթափվեն և արտահայտեն իրենց ցավը, տխրությունը, բարկությունը կամ այլ բացասական զգացմունքները:

Ամեն ինչ կարգավորել փորձողները կարծում են, թե անընդունելի է, երբ մյուսները հիասթափվում են: Այդ վերաբերմունքի աղբյուրը կարող է լինել մարդկանց հաճոյանալու ձգտումը կամ նրանց համար ուժեղ բացասական զգացմունքները մի բան են, ինչից նրանք վախենում են: Դրա պատճառը կարող է լինել նաև այն, որ նման զգացմունքներ նրանց ընտանիքներում չափից շատ են եղել կամ ընդհանրապես չեն եղել: Նաև պատճառը կարող է լինել այն, որ նրանց ընտանիքներում զգացմունքների արտահայտումը եղել է անընդունելի:

«Հորաքույրս մի պատմություն պատմեց, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է նույնիսկ ամենալավ մտադրությամբ կատարվող ամեն ինչ կարգավորելու ձգտումը վնաս պատճառել»,- ասում է Թրեժըրը: Երբ նրա հորաքույրը փոքր է եղել, նրա ծնողներն ասել են, թե եղբայր կամ քույր է ունենալու: Հորաքույրը շատ է հուզվել, և նրանց ազատ սենյակը ձևավորվել է որպես փոքրիկների սենյակ: Ի վերջո, երբ օրը մոտեցել է, նրա ծնողները գնացել են հիվանդանոց, իսկ ինքը հարևանի հետ սպասել է տանը: Սակայն նրա ծնողները հիվանդանոցից վերադարձել են միայնակ: Որևէ բառ երբևէ չի ասվել: Իրականում աղջիկն ունեցել էր երկու եղբայր, սակայն շատ ու շատ հետո է միայն իմացել, որ եղբայրներից մեկը մահացած է ծնվել: Նա երբեք չի մոռացել այն շփոթմունքը և միայնությունը, որը զգացել էր այդ օրը: «Անկասկած, իմ տատիկն ու պապիկը որոշել էին չքննարկել այդ հարցն աղջկա հետ՝ նրան չհիասթափեցնելու համար: Հետևանքը եղել է այն, որ նրա մեջ մի կարևոր բան է կոտրվել, և նա սկսել է մեծ դժվարությամբ վստահել մարդկանց»,- գրում է Ջուլիան Թրեժըրը:

Ամեն ինչ կարգավորելու ցանկությունը, լինի դա վերևում նշված ձևով թաքցնելը կամ ինչ-որ երևույթից շեղելը և ետ պահելը, մարդկանց ետ է պահում այն զգացմունքներից, որոնք նրանք պետք է ապրեն: Երբ հաղորդակցության շարժիչ ուժն ամեն ինչը շտկելու և կարգավորելու միտումն է, նշանակում է, որ աշխատավայրում կան ծածուկ նպատակներ և օրակարգ: Այդպիսով կարգավորել ցանկացող անձն իր նպատակներին է հասնում, չնայած՝ կողքից այդ ամենը կարող է քողարկված լինել սիրո կեղծ արտահայտմամբ:

Այս տզրուկներից որոշները ձեզ համար կարող են աննշան լինել կամ բացակայել ձեր կյանքից: Այդուամենայնիվ, հեղինակը պատրաստ է գրազ գալ, որ ընթերցողը կարող է նկատել այնպիսի տզրուկ, որը ազդել կամ այժմ էլ ազդում է ընթերցողի կյանքում: «Երբ Դուք սկսեք հաշվի առնել այդ հանգամանքները և ավելի ու ավելի ուշադիր լինեք Ձեր խոսքում դրանց գոյության հանդեպ, դրանց ուժը կթուլանա»,- ասում է հեղինակը: «Նրանց վրա ուշադրության և ուշիմության լույսը շողացնելը բավարար կլինի, որպեսզի այդ տզրուկների ազդեցությունը թուլանա և չեզոքանա»,- եզրափակում է հաղորդակցության մասնագետ Ջուլիան Թրեժըրը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է:

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է տարածաշրջանային սուր խնդիրներից մեկին՝ Իրանի ցնցումներին: