Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սյունիքում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարզում կան իրենց ժողովրդական իշխանությունից հզոր համարող տնտեսական և քրեական ուժեր. Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 24 Հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ քվեարկության արդյունքները կապելով մարզում հին ընտրական համակարգի տրամաբանությունը գործի դնելու դեպքերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Կապանում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել, որ Սյունիքի մարզում հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: «Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ Սյունիքում գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, շարունակելով իր ձեռքում պահել շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի: »,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին: «Բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման հետ: Ընդհակառակը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ: Իմ համոզմունքը հետևյալն է՝ Սյունիքում հեղափոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, որոնք մտածում են, որ իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի և աներկբա պետական ժողովրդական իշխանություն: Սա ոչ թե քաղաքական հիմնախնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: 5 ամիսների ընթացքում ձևավորված իմ աներկբա համոզմունքն այն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը: Եվ այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ մենք լուծելու ենք հստակ, վճռական և անառարկելիորեն»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ այս ամենին ֆոնին բնական հարց կծագի՝ թե ինչո՞ւ այդ պարագայում իրենք ընդունեցին Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և դա համարեցին ժողովրդավարության հաղթանակ: «Մենք դա արել ենք առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունը: Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում են բազմաթիվ պետական, ազգային և այլ նպատակներով: Այսինքն,մ երբեք ոչ մի ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, որ մենք ատամներով պետք է պահենք իշխանությունը: Ես որպես լրագրող այդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ, միշտ էլ բերվում են պատճառներ: Ընդհուպ, ասում են՝ բա վա՞տ կլիներ, որ դարասկզբին այն ընտրություններով, որ Հիտլերն էր ընտրվել, եթե լիներ մի քաղաքական ուժ, որ այդ ընտրությունների արդյունքները բան աներ, բան կլիներ: Մենք չենք ուզում բան անել, որ բան լինի, մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ մեր ժողովրդի հետ: Մենք ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ: Հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական նշանակություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների համար»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ընդունել է, որ իրենք կարող են շարունակել անկեղծ երկխոսությունը հանրության հետ՝ նրան ավելի մանրամասնորեն և տեսանելի բացատրելով իրենց գործողություների մոտիվացիան, ի ցույց դնելով յուրաքանչյուր քաղաքացու քվեի վճռական և շրջադարձային նշանակությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ավելի շոշափելի տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների և ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական դաշտում և ողջ ներքաղաքական իրավիճակի վրա: «Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել սրան, որ ես փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ: Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ, այն է` եղել, որ մարդիկ ասել են՝ դե մենք մի ձայնով ի՞նչ ենք որոշում, իսկ ես փորձել եմ մարդկանց համոզել, որ, այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից: Եվ հեղափոխությունը տեղի ունեցած այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մի պահ ընդունեց և գիտակցեց, որ այո, վճռական քաղաքական գործոնը իր, բացառապես քաղաքացու որոշումն է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս տրամաբանությունը հստակ նկարագրել Հայաստանի քաղաքացիներին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հատուկ շեշտեց՝ Կապանում տեղի ունեցած քվեարկությունը և դրա արդյունքներն օրինական են: «Քվեարկության պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը: Սակայն իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունը դեռևս ոչ բոլորին է հասել, և ոչ բոլորն են զգացել ու գնահատել իրենց ազատությունը: Մեր խնդիրը կոնկրետ է և գործնական: Ազատությունը ողջ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, պետք է ոչ թե լինի դեկլարացիա և հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Եվ մեր քաղաքական խնդիրն է այդ ազատությունը բոլորի համար իրապես դարձնել հասանելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա: Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում և Արթուր Վանեցյանի նշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում շատ մեծ աղմուկ բարձրացրեց, անհասկանալիության շատ մեծ դիսկուրս եղավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո թեման փակվեց: «Հունան Պողոսյանի դեպքում ֆեյսբուքյան և ոչ միայն ֆեյսբուքյան ալիքը բավական երկար տևեց, որովհետև ազնիվ, ընդունելի հարցադրումների ու մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ քրեական և տնտեսական շրջանակներ հմտությամբ օգտագործեցին՝ օգտագործելով նաև իրենց ձեռքի տակ գտնվող, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն պահպանելու և հաստատելու համար: Այս թեմային այսքան մանրամասն անդրադառնում եմ, որովհետև սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող ներքաղաքական դրվագ է: Մյուս կողմից որպես ժողովրդի պահանջով վարչապետ ընտրված մարդ, ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որևէ տարընթերցում և այլաբանություն, որևէ սխալ մեկնաբանություն մեր մոտիվացիաների առումով չլինի: Մեր մոտիվացիաները պետք է մինչև վերջ բաց, անկեղծ, թափանցիկ տեսանելի լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ