Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սյունիքի նախկին մարզպետը պետբյուջեին վճարել է 172.4 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկում

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 15 Օգոստոս 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի 391-րդ հորիզոնականում հայտնվել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը։ Խոսքը ոչ թե ներկայիս մարզպետից անմիջապես առաջ Սյունիքը գլխավորած Վահե Հակոբյանի մասին է, այլ նրանից առաջ մարզպետ եղած՝ Վահե Մաքսիմի Հակոբյանի մասին։

Վահե Մաքսիմի Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին է։ Նա 2004-2007թթ. և 2007-2012թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2013 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է Սյունիքի մարզպետ։
2014 թվականի սեպետմբերի 9-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, և ընդամենը 2.5 ամիս անց սեփական դիմումի համաձայն ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Ըստ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի խոշոր հարկատուների ցանկի՝ Վահե Հակոբյանը պետական բյուջե է վճարել 172 մլն 364 հազար դրամ։

Թեպետ հարկատուների ցանկում նրա անվան դիմաց նշված է ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվի համարը), նման ՀՎՀՀ-ով անհատ ձեռնարկատետ պետռեգիստրում գրանցված չէ։ Խոշոր հարկատուների ցանկում նախկին տարիներին նրա անունով վճարումներ գրանցված չեն։ ՊԵԿ բազաներում նրա ՀՎՀՀ-ով որոնման արդյունքում կարգավիճակը նշվում է որպես ինքնուրույն հարկ վճարող։ Սա նշանակում է, որ Վահե Հակոբյանը այդ գումարը վճարել է ոչ թե որպես տնտեսվարող, այլ որպես անհատ։ Ընդ որում, Վահե Հակոբյանը այդ գումարը վճարել էր դեռ այս տարվա առաջին եռամսյակում, սակայն այդ մասին նոր է հայտնի դառնում, քանի որ ՊԵԿ-ը բավականին ուշ հրապարակվեց խոշոր հարկ վճարողների ցանկերը։

Իսկ ի՞նչ հարկ է վճարել Վահե Հակոբյանը և ինչի համար։ Ինֆորմացիան շատ սահմանափակ է, սակայան եղած տվյալներով կարելի է որոշ ենթադրություններ անել։

Նախ, ըստ խոշոր հարկատուների ցանկի, այդ 172.4 մլն դրամն ամբողջությամբ ԱԱՀ է։ Եվ երկրորդ, գումարն ամբողջությամբ վճարվել է ոչ թե մաքսային, այլ հարկային մարմիններին։ Սա նշանակում է, որ խոսքը չի գնում բարձրարժեք ապրանքների (ասենք՝ գերթանկարժեք մեքենաների) ներկրման մասին, որի դիմաց ԱԱՀ է վճարվել։

Հակառակը՝ սա նշանակում է, որ Վահե Հակոբյանը վաճառել է իրեն պատկանող շարժական կամ անշարժ գույք։ Ընդ որում, վաճառել է այնպիսի քանակներով և ծավալներով, որոնք հարկային պարտավորություն են առաջացրել (ըստ հարկային օրենսդրության՝ ֆիզիկական անձանց կողմից սեփական գույքը վաճառելու դեպքում գործում են որոշ սահմանափակումներ (քանակի և հաճախականության առումով), որոնք գերազանցելու դեպքում գործարքը դիտարկվում է որպես բիզնես գործունեություն)։

Իսկ Վահե Հակոբյանն այդքան գույք ունե՞ր, որի վաճառքը 172 մլն դրամի հարկային պարտավորություններ կառաջացներ։ Այո, և դա երևում է նրա իսկ կողմից լրացված հայտարարագրերում։ Մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ջրպետկոմի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Վ. Հակոբյանը հայտարարագիր է լրացրել, որտեղ հայտարարագրել է 3 բնակարան, 3 անհատական բնակելի տուն, 7 կտոր հողամաս, հասարակական նշանակության 2 շինություն, 3 ավտոմեքենա և այլն։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է նաև 900 մլն դրամ և 1 մլն դոլար դրամական միջոցներ, ավելի քան 3 մլրդ դրամի և 400 հազար ԱՄՆ դոլարի չափով հանձնված փոխառություններ, մեծարժեք բաժնետոմսեր և բաժնեմասեր։
Այսինքն, Վահե Հակոբյանը տեսականորեն կարող էր այնքան գույք վաճառել՝ 1 տարվա ընթացքում, որ 172 մլն դրամի հարկային պարտավորություն առաջանար։

Իսկ թե ինչ գույք է վաճառել և ինչու, չենք կարող ասել։ Նշենք միայն, որ որոշ ԶԼՄ-ներ դեռ այս տարվա մարտին գրել էին, որ Վահե Հակոբյանը վաճառել է ունեցվածքի մեծ մասն ու ընտանիքով մեկնել Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով արտերկրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին