Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սիզիփոսի առասպելը. ազգային տարբերակ

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 23 Հունվար 2018

Հոդվածը վերցված է Գագիկ Գալստյանի՝ 2017 թվականին հրապարակված  «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈԻԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ» գրքից։

Հոդվածի բնօրինակը հրապարակվել է մամուլում 2000 թվականի մայիսին, սակայն չի կորցրել հետաքրքրությունն ու արդիականությունը։

* * *

Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լ ռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ցած էր գլորվում: Աստվածները հիմք ունեին կարծելու, որ անօգուտ և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել:

Հայաստանը պարուրած կացության մասին այնքան է գրվել և հազարապատիկ անգամ ասվել, որ նորով զարմանալու բոլոր հնարավորությունները սպառված են թվում: Սակայն սա չի խանգարում, որ հաջորդ յուրաքանչյուր օր հրամցնի մի նոր զարմանք և ստիպի մտածել, որ մեզ բաժին է հասել Սիզիփոսի ճակատագիրը: Սակայն առավել անողոք ու մարդուն նսեմացնող տարբերակով: Սիզիփոսը թեև անզոր է, բայց աստվածները չեն զրկել նրան մտածելու ունակությունից:

Նա գիտակցում է իր ծանր վիճակի անելանելիությունը: Իսկ ողջամտությունը, որ ըստ աստվածների նրան պետք է տառապանք պատճառեր, ըստ էության հաղթանակի է վերածվում: Մերն ուրիշ է: Մեզ պարտադրում են հայրենասիրական կոչեր և բացատրություններ, որոնք ոչ միայն կասկածի տակ են առնում մարդու մտածողական ունակությունը, այլև առհասարակ բացառում են գիտակցության առկայությունը: Ու արդեն տասնամյակը բոլորած անօգուտ ջանքերից հոգնած և հույսը բախտին հանձնած հայ մարդն իր փրկությունն է փնտրում հայրենիքից դուրս:

Նման իրավիճակներն ինքնին չեն ստեղծվում: Իսկ հղումները առարկայական՝ օբյեկտիվ պայմաններին, ըստ էության նույնական են երկրագնդին կլորության մեջ մեղադրող պատճառաբանություններին: Հայրենիքից դուրս հայ մարդու գոյատևման ու բարգավաճման հարկադրված ձևը հուշում է պատճառները փնտրել ոչ թե յուրաքանչյուր անհատի, այլ նրանց համախմբի մեջ, որն էլ կոչվում է հասարակություն և ունի կառավարողներ:

Հայտնի է, որ անառողջ մարմնի խեղումներն ուսումնասիրում է պաթոլոգիական անատոմիան: Մեր հասարակական հիվանդ օրգանիզմը, որքան էլ վիճակը անհույս լինի, ևս պահանջում է ճշգրիտ ախտորոշում, «սկզբի» բացահայտմամբ, որով նաև քաղաքական պաթանատոմիայի օրինակը կտրվի:

Սկիզբը բավականին հուսադրող էր. բարեկեցության մի մակարդակ, որն այսօր բաղձալի է թվում, գործող ձեռնարկություններ, աշխատող մարդիկ և ամենաէականը՝ հավատ: Հավատ, որ ազատվելով առաջընթացի գոյություն ունեցող կապանքներից, մի քանի տարում կապահովենք…, միտումնավոր չթվարկենք նպատակները, հեգնանքի անխուսափելի ալիքից դրանց գաղափարը պաշտպանելու համար:

Արդեն բավարար ժամանակ է անցել առկա վիճակի պատճառները սթափորեն բացահայտելու համար: Վիճակը ճգնաժամային չէ այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր ճգնաժամ պարունակում է նաև իր լուծման ներքին զսպանակը: Մեր դեպքում վերջինս բացակայում է, և վիճակը ավելի մոտ է կոմային: Որքան էլ առարկելի թվա, պատճառներն առարկայական չեն և արկածախնդրությունն ու անբարտավանությունն են: Եվ առաջին հերթին՝ այն երիտհեղափոխականների, որոնք ժողովրդական ցասման ալիքը հեծած և բորբոքելով մարդկանց կրքերը՝ առան իշխանությունը: Առան ու աշխարհի բոլոր հեղափոխականների նման սկսեցին իրենց ավերիչ գործունեությունը:

Իսկ բորբոքված ժողովուրդը չհիշեց, որ ցանկացած հեղափոխություն, որքան էլ որ մեծ լինի նրանով իրագործված փոփոխության պահանջը, միշտ մնում է որպես մեծագույն դժբախտություն, հասարակության համար ծանր և ոչ հազվադեպ էլ մահացու հիվանդություն: Եվ ժողովուրդը հետևեց ամբարտավաններին:

Ամբարտավանություն չէ՞ր արդյոք, որ կանգնեցվեցին բացառիկ արտադրությունները: Իսկ այնուհետև պոռթկացինք, որ շրջափակում են ճանապարհները: Ամբարտավանություն չէ՞ր ջերմուկ-մոլիբդենով բարգավաճող երկիրը, ջրվեժյան տրոլեյբուսը, Աբովյանի հեռուստացույցը, ար- տերկրյա ներդրումների հեղեղը… Ամբարտավանություն չէ՞ արդյոք, որ տնտեսությունը ձախողած վարչապետը ժողովրդին մեղադրում է իր «բարեփոխումները» չընկալելու մեջ կամ մտավորականը հայտարարում է, որ իշխանութ- յուններն իջել են ժողովրդի մակարդակին:

Իրականում՝ ժողովրդից վեր ոչինչ չկա, և իշխանությունները հաջողություն ունենալու համար պետք է ձգտեն նրա բարձրությանը: Ընդունենք նաև, որ քաղաքային կոյուղու մակարդակին համապատասխանող նման դատողությունները ժողովրդի արդարացի պատժի մասին են: Ամբարտավանություն չէ՞ր արդյոք, որ վատնվեցին ու փոշիացվեցին ոչ միայն նախորդ սերունդների ջանքերով ստեղծված հարստությունները, այլև արտերկրից փոխառնված ֆինանսական միջոցները: Հայաստաբնակ յուրաքանչյուր ընտանիք արդեն պարտավորված է ավելի քան 1200 ԱՄՆ դոլար գումարով: Եվ դա վճարելու է ժողովուրդն իր երեխաների կրթության, առողջության և բարեկեցության հաշվին, և ոչ այն անբարեխիղճ իշխանավորը, որը լավագույն դեպքում քամուն է տվել այդ միջոցները:

Զվարճության աստիճանի անհեթեթություն է, բայց այդ միջոցներից աղետի գոտու անասնաբուժության համար, և ոչ ավերված հիվանդանոցների կամ պոլիկլինիկաների, գնվել են նույնիսկ դյուրակիր համակարգիչներ՝ տիեզերական կապի հարմարանքով: Ամբարտավանություն չէ՞, որ տնտեսության կառավարման լծակներին տիրեցին մարդիկ, որոնց գիտելիքները տնտեսական օրգանիզմի մասին նույնն են, ինչ որ մսագործի պատկերացումները վիրաբուժությունից: Բարձրացնում են հարկը՝ «ի շահ տնտեսության», մի քանի ամսից իջեցնում են նույն հարկը՝ դարձյալ «ի շահ տնտեսության»: Այսպիսի բան չկա և չի կարող լինել. տնտեսությունը և հասարակությունը մսագործի նման կացնահարումներից միայն հյուծվում են ու կործանվում:

Ամբարտավանությունը և չարամտությունը չե՞ն պատճառը, որ կառավարությունն իր ծախսերի համար միջոցներ է փոխառնում 70 տոկոսով, երբ նույն միջոցներից իշխանավորներն «իրենց մարդկանց» վարկ են տրամադրում 6 տոկոսով և մնում անպատիժ: Ամբարտավանություն և չարագործություն չէ՞ր, երբ ստվերային տնտեսության դեմ պայքարի պատրվակով նենգ կռիվ էր մղվում գործունեության շահավետ ոլորտներին տիրանալու համար: Ամբարտավանությունը չէ՞ր պատճառը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարում մոռացվեց կամ չգիտակցվեց, որ այն այնուամենայնիվ և առաջին հերթին տնտեսություն է և խեղդամահ անելու փոխարեն անհրաժեշտ է օրիկանացնելու պայմաններ ստեղծել:

Այսպիսով, լինելով հնագույն քրիստոնեական ազգ, եկանք ապացուցելու աստվածաշնչյան մի ճշմարտություն. «Կորուստից առաջ գնում է գոռոզամտությունը, կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին»: Որքան ակնհայտ են մեր հիվանդությունները, նույնքան էլ հայտնի են դրանց ապաքինման միջոցները: Հակաբանական կացության զարգացումներն ի վերջո ստանալու են իրենց լուծումը: Մենք պետք է ընտրենք մեր ճանապարհը, դեպի վե՞ր, թե՞ դեպի ետ՝ անդունդը:

Դեպի ետ՝ «արհեստավարժ» ոչ վաղ անցյալը կամ ռազմա- ֆեոդալական ներկան, թե՞ առաջ՝ կարգ ու կանոնի և օրինականության հիմքերի վրա մարդու լիակատար ազատությունը: Եվ անկախ մարդասիրությունից ու ազնվության աստիճանից, ովքեր լուծումը կփնտրեն հետևում, կարագացնեն մեր կործանումը: Մեր սխալները և բացթողումները չվերագրենք ճակատագրին: Եվ բացի այդ, չկա մի այնպիսի ժակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով:

Գագիկ Գալստյանը տնտեսագետ է, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝  Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար

Չափազանցված սպասումների վտանգը

Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերը աճելու են

Բիզնեսի հետ խոսելու ժամանակը

Տարիներ շարունակ միշտ նշվել է, որ պետությունը և բիզնեսը պետք է ոչ թե մեկը մյուսին հակառակորդ դիտարկեն, այլ՝ գործընկեր