Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:23 , 05 Սեպտեմբեր 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:

Նախագահը ողջունել է ավելի քան վեց տասնյակ երկրներից ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակության անդամներին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող այդ կարևոր միջոցառման կազմակերպիչներին և մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն տիկին Քազընին:
Հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակությամբ է նշվել վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ, կազմակերպիչների խոսքով, ֆորումը Հայաստանում անցկացնելու առիթ է դարձել:

ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված համագործակցությունը և դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզերի մոտ 83 հազար երեխա ապահովված է դպրոցական սննդով:
Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում ծրագիրը շարունակական է լինելու և այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ:

Հանրապետության Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի 17 նպատակների մի մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ներկայացուցիչներից հետաքրքրվել է իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող քաղաքականության և տվյալ ոլորտում փորձի մասին:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ֆորումը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովին, Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ