Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՍԱՍ» սուպերմարկետն ընդդեմ ՓՄՁ լավագույն կին գործարարի. «Գավառի գաթայի» խնդիրը

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 19 Դեկտեմբեր 2017

Սաթիկ Աչիկյանը անհատ ձեռնարկատեր է՝ Գավառից։ 2009 թվականից զբաղվում է խմորեղենի և արևելյան քաղցրավենիքի արտադրությամբ: Սաթիկ Աչիկյանի արտադրանքի շարքում առավել հայտնի է «Գավառի Գաթան»։ Այս ապրանքանիշով նա շուկա է մտել սկսած 2009 թվականից՝  հիմնական սպառումն ապահովելով «Երևան Սիթի» խանութների ցանցի միջոցով: Այնուհետև, 2010 թվականից սկսած, ապրանքանիշի վրա ավելացվեց նաև «Գավառի Գաթա ՍԱԹԵՆԻԿ» անվանումը, և հենց այդ տարվանից սկսվեց մատակարարումը «ՍԱՍ» խանութների ցանցին:

«Գավառի Գաթայի» նկատմամբ ձևավորվեց կայուն պահանջարկ, որը բավարարվում էր ոչ միայն այս 2 սուպերմարկետների, այլ բազում այլ առանձին խանութների միջոցով։ Այս տարիների ընթացքում անհատ ձեռնարկատերը տարեկան աշխատանքով է ապահովել միջինում 9-12 կանանց, ստեղծել ամուր կոլեկտիվ, վայելել բարձր հարգանք, վստահություն, ստացել մի շարք մրցանակներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի կողմից «Լավագույն կին գործարար» մրցանակը:

ԽՆԴԻՐԸ

Մինչև 2016 թվականը վերոհիշյալ երկու խոշոր խանութների ցանցին մատակարարումն ընթանում էր նորմալ ընթացքով (չնայած ժամանակ առ ժամանակ ցանցերի կողմից փոփոխվող խաղի կանոնների, այնուամենայնիվ, մատակարարում իրականացվում էր): 2016 թվականի կեսերից «ՍԱՍ» խանութների ցանցում հայտնվեց իրենց իսկ կողմից արտադրվող՝ նույն  «Գավառի Գաթա» անվանումով արտադրանք։

Սաթիկ Աչիկյանը գտնում է, որ «ՍԱՍ»-ի արտադրած «Գավառի Գաթան» գնորդի մոտ շփոթություն էր առաջացնում իր արտադրանքի հետ, միշտ ավելի լավ էր ցուցադրվում և ավելի ցածր վաճառքի գնով էր հանվում վաճառքի: Դրա հետևանքով, անհատ ձեռնարկատիրոջ մոտ սկսվեց նկատվել կտրուկ եկամուտների նվազում, վաճառքների անկում: Այս ամենը բերեց որոշակի ժամանակով նույնիսկ արտադրության փակման, իսկ այսօր արդեն շեշտակի թվով աշխատակազմի կրճատմանը:

Սակայն դա դեռ ամենը չէր։

2017թ. հունվարից «ՍԱՍ» խանութների ցանցը հրաժարվեց վերցնել ձեռնարկատիրոջ արտադրանքը` ցանցում վաճառելու համար՝ պատճառաբանելով, որ ա/ձ Սաթիկ Աչիկյանը գործունեություն է ծավալում Շրջանառության հարկ վճարող համարվող հարկման ռեժիմում և մատակարարումն իրականացնում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվարկային փաստաթղթերով, իսկ «ՍԱՍ»-ը ԱԱՀ վճարող է և չի կարողանում հաշվանցել Սաթիկ Աչիկյանի արտադրանքի վաճառքից գոյացած ԱԱՀ-ն:

Սաթիկ Աչիկյանը ասում է, որ նշյալ սահմանափակումը իր նկատմամբ առայսօր չի դադարեցվել «ՍԱՍ» խանութների ցանցի կողմից։ Փոխարենը՝ ա/ձ-ի արտադրանքը դուրս մղելով շուկայից, «ՍԱՍ»-ը շարունակում է վաճառել իր (կամ իր հետ փոխկապակցված անձանց) կողմից մատակարարվող «Գավառի Գաթա» անվանումով այլ արտադրանք:

Հենց այս ամենի հետ կապված էլ Սաթիկ Աչիկյանը որոշել է դիմել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

Քանի որ Աչիկյանը հանդիսանում է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» անդամ, հենց Ասոցիացան է ձեռնամուխ եղել նրա շահերի պաշտպանության գործին և նոյեմբերի 22-ին նամակ է ուղարկել ՏՄՊՊՀ-ին՝ խնդրելով քննության առարկա դարձնել Ա/Ձ Սաթիկ Աչիկյանի կողմից արտադրվող «Գավառի Գաթա» արտադրանքը «ՍԱՍ» խանութների ցանցին մատակարարումը և դրա անհիմն միակողմանի դադարեցման փաստը։

Ուղարկված նամակում  Ասոցիացիան ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը հրավիրել է 3 կետի վրա.

– Արդյո՞ք սույն նկարագրված իրավիճակում, լայն սպառում ապահովող «ՍԱՍ» խանութների ցանցի կողմից չի խախտվում ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը և վերջինս իր վարքագծով Անբարեխիղճ մրցակցությամբ է զբաղվում գործարարությամբ, որն արգելվում է օրենքով;

– Արդյո՞ք սույն նկարագրված իրավիճակում, «ՍԱՍ» խանութների ցանցի կողմից չի խախտվում ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը և վերջինս իր ձեռնարկատիրական գործունեության գործողություններով շփոթության մեջ է գցում գնորդին;

– Առկա է արդյո՞ք ՀՀ-ում որևիցէ իրավական ակտ, որով խանութների ցանցը կարող է միևնույն տեսակի ապրանք արտադրող, միևնույն հարկման ռեժիմում գործող մեկ տնտեսվարողից ընդունել այն, իսկ մյուսից՝ ոչ:

Այս հարցը քննարկման առարկա դարձավ ՏՄՊՊՀ-ի՝ դեկտեմբերի 18-ի նիստում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ «ՍԱՍ»-ը

«ՍԱՍ»-ը պնդում է, որ անբարեխիղճ մրցակցության կամ ապրանքային նշանը շփոթության աստիճանի նմանության հասցնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «Գավառի գաթա» անվանումը Սաթիկ Աչիկյանը չի գրանցել մտավոր սեփականության գործակալությունում։ Ավելին, չէր էլ կարող գրանցել, քանի որ, «ՍԱՍ»-ի ներկայացուցչի խոսքով, անվանումը  չի կարող հանդիսանալ որևէ մեկի մտավոր սեփականության օբյեկտ, եթե այն ունի զուտ նկարագրական բնույթ։

Ինչո՞ւ է «ՍԱՍ»-ն իր գաթան անվանել հենց «Գավառի գաթա»: Այն որևէ կապ ունի՞ Գավառի հետ։ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցչի այս հարցին «ՍՍՍ»-ի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ անվանումներով զբաղվում է այլ ստորաբաժանում։ Սակայն ենթադրեց, որ թերևս գաթայի պատրաստման համար օգտագործվում է այն «մեխանիզմը» կամ «բաղադրատոմսը», որն ընդունված է Գավառի գաթայի դեպքում։ Ինչին ի պատասխան՝ Սաթիկ Աչիկյանը հայտարարեց, որ նման բան լինել չի կարող, «Գավառի գաթա» կարող է պատրաստել միայն Գավառեցին՝ Գավառում։

Այսքանը՝ ապրանքային նշանի մասով։

Սակայն մյուս մասն ավելի հետաքրքիր է և գնալով ավելի է հետաքրքրանում։

«ՍԱՍ» սուպերմարկետը պնդում է, որ իրենք չեն հրաժարվել ընդունել Սաթիկ Աչիկյանի գաթան, համագործակցությունը «դադարեցվել է վերջինիս ցանկությամբ»:

Սակայն միևնույն ժամանակ նշում է, որ իրենք աշխատում են ԱԱՀ-ի դաշտում, իսկ տնտեսվարողը՝ շրջանառության հարկի։ «ՍԱՍ»-ի գլխավոր փաստարկն այն է, որ ինքը շրջհարկով աշխատող մատակարարի դեպքում չի կարողանում հաշվանցել ԱԱՀ-ն, և ստիպված է լինում այդ հարկը վճարելու համար արհեստական (իրենց ձևակերպմամբ) բարձր վաճառքի գին սահմանել։ Ինչպես նշեց «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը, իրենք տնտեսվարողին առաջարկել են անցնե ԱԱՀ-ի դաշտ, ինչին տնտեսվարողը դեմ է։
Կարճ ասած, սուպերմարկետը չի հրաժարվում ընդունել ապրանքը, սակայն առաջադրում է այնպիսի պայման, որը փոքր տնտեսվարողի համար անընդունելի է։

ՈՎ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ

Այս ամենի մեջ ամենակարևոր կետերից մեկն այն է, որ վերջնական վաճառքի գնի մեջ մտած ԱԱՀ-ն, վերջին հաշվով, վճարում է ոչ թե սուպերմարկետը, այլ վերջնական սպառողը։ ՏՄՊՊՀ-ի անդամները չէին կարողանում հասկանալ՝ ի՞նչն է կաշկանդում «ՍԱՍ»-ին։ «Սպառողն է չէ՞ վճարում։ Թող թանկ գին ստացվի՝ չգնեն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ ՏՄՊՊՀ անդամներից մյուսն էլ նշեց, որ միգուցե ինքը՝ որպես սպառող, կոնկրետ հենց այդ թանկն է ուզում գնել։ «Չէ՞ որ ձեզ մոտ վաճառվում են, օրինակ, էկլերներ՝ էժան և թանկ գներով»:

Այս հարցին ի պատասխան՝ հնչում է շատ ուշագրավ մի ձևակերպում՝ եթե պետք է ընտրություն կատարենք սպառողի և մատակարարի միջև, մենք նախապատվությունը տալիս ենք սպառողին։ «Այսօր էլ պատրաստ ենք ընդունել ապրանքը, եթե հարկման հարցը լուծվի»,-ասում է «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը։

«ՍԱՍ» սուպերմարկետը, այսպիսով, ցանկանում է ասել, որ չի ցանկանում իր սպառողներին արհեստականորեն (իրենց իսկ ձևակերպմամբ) բարձր գնով ապրանք վաճառել։ Այսինքն, մտածում է սպառողի մասին։

Եթե անգամ հավատանք այս մոտիվացիային (թեպետ հատկապես այս նախատոնական օրերին որոշ ապրանքների անմարդկային գները այլ բանի մասին են խոսում), միևնույն է՝ ստացվում է, որ է խնդիր կա։ Որովհետև է «սպառողի մասին մտածելով»՝ «ՍԱՍ»-ը սահմանափակում է սպառողի ընտրության հնարավորությունը։

ՏՄՊՊՀ անդամները նաև հետաքրքրվեցին՝ իսկ միգուցե մատակարարի համար ավելի ձեռնտո՞ւ կլինի տեղափոխվել ԱԱՀ-ի դաշտ։ ՓՄՁ Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը այս դիտարկմանը պատասխանեց, որ փոքր բիզնեսի համար ԱԱՀ-ով աշխատելը բարդ է, քանի որ դա ենթադրում է մեծ հաշվապահություն և ծանր վարչարարություն։ Բացի այդ, կան բազում այլ խնդիրներ։ Օրինակ՝ ԱԱՀ-ով աշխատող փոքր տնտեսվարողը չի կարող հաշվանցել այդ հարկը, քանի որ նրա կողմից ձեռքբերված ապրանքները ԱԱՀ-ով չեն, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ փաստաթուղթ հնարավոր չէ ստանալ։
Սակայն մեծ հաշվով խնդիրը դա չէ։ Աշխատել ԱԱՀ-ի դաշտո՞ւմ, թե՞ շրջանառության հարկի՝ ընտրությունը տնտեսվարողինն է։ Ոչ ոք նրանից իրավունք չունի պահանջել փոխել հարկման ռեժիմը։ Իսկ սուպերմարկետը, լինելով գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտ, իրավունք չունի չարաշահել այդ դիրքը, և նախապայման առաջ քաշել։
Նշենք, որ ՏՄՊՊՀ անդամները հետաքրքրվեցին, թե «ՍԱՍ»-ում այնպիսի ապրանքներ չե՞ն վաճառվում, որոնց մատակարարները շրջհարկով աշխատող են։ Իհարկե, վաճառվում են։

Իսկ ինչո՞ւ դրանց դեպքում հարկման ռեժիմների տարբերությունը խոչընդոտ չի հանդիսանում։ Միգուցե այն պատճառով, որ «ՍԱՍ»-ը այդ ապրանքները դեռ չի արտադրում։

ԱՅՍԲԵՐԳԻ ԳԱԳԱԹԸ

Իրականում, խնդիրը ավելի խորն է, հնուց եկող ու համատարած, քան այս կոնկրետ դեպքը։ Նույն պատմությունը եղել է փախլավա արտադրող Ռուզաննա Խաչատրյանի դեպքում, նույնը եղել է պանրագործների դեպքում և խոշոր սուպերմարկետների հետ աշխատող շատ այլ տնտեսվարողների դեպքում։ Մեծ ցանցերը նրանցից պահանջում են տեղափոխվել ԱԱՀ դաշտ, կամ դադարեցնել համագործակցությունը։
Առաջին հայացքից թվում է, թե իրական պատճառը հենց հարկման ռեժիմների տարբերությունն է, սակայն, որպես կանոն, հետո պարզվում է, որ դա ուղղակի պատրվակ է՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու և պահանջարկ վայելող արտադրանքի շուկան իրենց ձեռքում կենտրոնացնելու համար։

Դրա համար էլ սուպերմարկետները շահագրգռված չեն հարկային այդ խնդիրը լուծելու հարցում։ «Երբ փոքր բիզնեսի հաշվապահը դիմում է մեծի հաշվապահին՝ ինչ-որ լուծում գտնելու համար, և անգամ ասում՝ լուծումը գտել ենք, պայմանագրի ձևը մշակել ենք, ասում են՝ կարո՞ղ է՝ մենք բանուգործ չունենք, ձեր պայմանագիրը նայենք», – ասում է Հակոբ Ավագյանը։
Նա նաև նշում է, որ ՓՄՁ Ասոցիացիան առաջիկայում այլ տնտեսվարողների նմանատիպ հարցերով էլ դիմելու է ՏՄՊՊՀ-ին։

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

Տարիներ շարունակ պետությունը հայտարարությունների և ծրագրերի մակարդակով կարևորում է ՓՄՁ-ի դերը, խոսում դրան աջակցելու անհաժեշտության մասին, սակայն գործնականում տեղի է ունենում հակառակը՝ ՓՄՁ-ն զիջում է դիրքերը։ Կոնկրետ առևտրի ոլորտում խոշոր խանութների և սուպերմարկետների կշիռը մանրածախ առևտրում երբեմնի 40%-ից աճել է և այժմ մոտենում է 80%-ին։
Ինչպես նշեց Հակոբ Ավագյանը, խնդիրները ծագեցին այն ժամանակ, երբ բակային խանութներին փոխարինեցին մեծ խանութները, որոնք ժամանակի ընթացքում դարձան և՛ արտադրող, և՛ ներմուծող, և՛ վաճառող։

Նոր բան չէ՝ խոշոր խանութներն ու սուպերմարկետները միշտ էլ փորձել են կանոններ թելադրել փոքր տնտեսվարողներին։ Սակայն այժմ ոչ թե փորձում են, այլ «չորով» իրենցն են պարտադրում՝ օգտվելով իրենց դիրքից և իրենցից՝ ՓՄՁ-ի կախվածությունից։
Այս տեսանկյունից, ՏՄՊՊՀ-ի որոշումը «ՍԱՍ Սուպերմարկետ»-«Գավառի գաթա Սաթենիկ» գործով շատ կարևոր է։ Այն կհստակեցնի խաղի կանոնները խոշոր առևտրային ցանցերի և փոքր մատակարների միջև և ինչ-որ առումով նախադեպային կլինի։

Այդ որոշումից կախված՝ կա՛մ մեծ սուպերմարկետները կփոխեն գործելաոճը ՓՄՁ-ի նկատմամբ, կա՛մ ավելի կոգևորվեն՝ ամբողջությամբ իրենց ձեռքում կենտրոնացնելով այն ամենը, ինչով զբաղվում են փոքր գործարարները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին: