Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուս-ամերիկյան «կրակից » շագանակներ հանելու նոր հնարավորություն Հայաստանի համար

Վերադարձ լուրերի բաժին

19:35 , 22 Օգոստոս 2017

ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի կրճատման հետևանքով տարեկան մինչև 70 հազար հավելյալ զբոսաշրջիկ կարող է այցելել Հայաստան ԱՄՆ դեսպանատնից մուտքի վիզա ստանալու համար

Մերօրյա սառը պատերազմի շրջանակում Ռուսաստանի կառավարությունը վերջերս պահանջեց ԱՄՆ-ից մինչև 2017թ․-ի սեպտեմբերի 1-ը կրճատել իր տարածքում ամերիկյան դիվանագետների քանակը 755-ով, ինչի արդյունքում պարալիզացվելու է ամերիկյան հյուպատոսարանների գործունեությունը։ Մասնավորապես, սկսած օգոստոսի 23-ից ՌԴ տարածքում դադարեցվում է ոչ ներգաղթային (non-immigrant) վիզաների տրամադրումը (տրամադրվելու են  միայն ներգաղթային (immigrant) վիզաներ, այն էլ միայն Մոսկվայում)։

Այսպիսի սահմանափակումը նոր հեռանկար է բացում Ռուսաստանից Հայաստան ներգնա զբոսաշրջության համար։ Մասնավորապես, ՌԴ-ում ոչ ներգաղթային վիզա ստանալու հնարավորության բացակայության պայմաններում, ՌԴ շատ քաղաքացիներ ստիպված են լինելու դիմել հարակից երկրների ամերիկյան հյուպատոսարաններ։

Հաշվի առնելով, որ ՌԴ բնակչության 68%-ից ավելին բնակվում է երկրի եվրոպական հատվածում՝ հիմնական այլընտրանքներ կարող են դիտարկվել Ֆինլանդիան, Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը։ Սակայն հաշվի առնելով, որ այս երկրներից որոշները հանդիսանում են Շենգեն գոտու անդամներ, իսկ տարածքային հակամարտության պատճառով 2015թ-ից սկսած Ուկրաինայի հետ ուղիղ ավիափոխադրումներ չկան, իրական այլընտրանքները մնում են 5-ը՝ Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Վրաստանը [1]:

Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդիսանում է աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը, ինչը բարձրացնում է Հայաստանի հնարավորությունները, թեև իհարկե, դրա համար անհրաժեշտ է նաև ԱՄՆ-ի գոնե «լուռ համաձայնությունը», որը իր հերթին պետք է ավելացնի Հայաստանում հյուպատոսական անձնակազմի քանակը՝ ՌԴ քաղաքացիների հոսքը սպասարկելու համար։ Այս պարագայում մենք կարող ենք խոսել այսպես ասած «իրանական մոդելի» մասին, երբ ԻԻՀ բազում քաղաքացիներ հենց ՀՀ-ում գտնվող ամերիկյան հյուպատոսարանից են ստանում ԱՄՆ մուտքի վիզա։

Գծապատկեր 1ՌԴ տարածքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանների կողմից ոչներգաղթային տրամադրում 2012-2016թթ-ին[2]

Chart1

Աղբյուր՝ ԱՄՆ Պետ․ դեպարտամենտ

 

Անդրադառնալով ՌԴ տարածքում ԱՄՆ non-immigrant visa-ների տրամադրմանը՝ պետք է նշել, որ 2012-2016թթ-ին դրանց միջին տարեկան քանակը կազմել է մոտ 211 հազ, թեև վերջին տարիներին նկատվել է էական կրճատում։

Ինչևէ եթե հաշվարկային տարի դիտարկենք 2016թ-ը և բացառենք Վլադիվոստոկի հյուպատոսարան պոտենցիալ դիմողների քանակը [3], ապա կարող ենք ասել, որ գործ ունենք տարեկան մոտ 176 հազ․ հայտատուի (արտագնա զբոսաշրջիկի) հետ, ովքեր դիմելու են վերոնշյալ այլընտրանքային երկրներում գտնվող ամերիկյան հյուպատոսարաններ։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ լրացուցիչ տրանսակցիոն ծախսերը (արտերկիր մեկնելու ավիատոմսի/գնացքի տոմսի գին, հյուրանոցի/ վարձու բնակարանի գին և այլն) կարող են էականորեն կրճատել նաև դիմումատուների քանակը։

—-

Կարդացեք նաև Հայկազ Ֆանյանի հոդվածը՝ ծխախոտի թանկացման տնտեսական հետևանքների մասին

—-

Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է օգուտ քաղել երկու ուղղությամբ.մի կողմից` ՌԴ-ից ՀՀ ներգնա զբոսաշրջիկների քանակի ավելացման հաշվին, մյուս կողմից` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի ավելացման հաշվին, որոնք մեծամասամբ ՀՀ քաղաքացիներ են լինելու։

Զբոսաշրջության արժեքային շղթայի վրա տնտեսական հետևանքը գնահատելու համար դիտարկենք 3 սցենար և միևնույն ժամանակ փորձագիտորեն գնահատենք, որ միջին օրական ծախսը մեկ զբոսաշրջիկի հաշվով կազմելու է 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում մնալու միջին տևողությունը` 2.2 օր։

Աղյուսակ 1. ՌԴ-ից հավելյալ զբոսաշրջիկների ներհոսքի հնարավոր ազդեցությունը ՀՀ ներգնա զբոսաշրջության արժեքային շղթայում ընդգրկված ձեռնարկություններ հասույթի վրա (չհաշված ավիափոխադրումը)[4]

table1

Այսինքն, ըստ մեր գնահատումների, այլ հավասար պայմաններում, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն այցելելու նպատակով ՌԴ-ից ժամանած ներգնա զբոսաշրջիկները կարող են ապահովել ներգնա զբոսաշրջիկների 2-4.7% աճ (եթե ընդունենք, որ 2017թ-ին ներգնա զբոսաշրջիկների քանակը կլինի շուրջ 1.5 մլն) և 10-23 մլն ԱՄՆ դոլար հավելյալ հասույթ Հայաստանի ներգնա զբոսաշրջության արժեքային շղթայում ընդգրկված ձեռնարկությունների համար, ինչն իր հերթին կնպաստի նաև այս ոլորտում հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Առավել դժվար է գնահատել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների քանակի հնարավոր աճը, որպես ուղենիշային թիվ կարելի է ընդունել նրանց տրամադրած ԱՄՆ մուտքի վիզաների քանակը։

Գծապատկեր 2․Հայաստանի տարածքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի կողմից ոչներգաղթային վիզաների տրամադրում 2012-2016թթ-ին

chart2

Աղբյուր՝ ԱՄՆ Պետ․ դեպարտամենտ

Վերոնշյալ գծապատկերից ակնհայտ է դառնում, որ առկա մարդկային ռեսուրսներով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի կարող սպասարկել մուտքի վիզայի հնարավոր հայտատուների հոսքը ՌԴ-ից, ինչի համար հյուպատոսական և սպասարկող անձնակազմի (հավաքարարներ, անվտանգության աշխատակիցներ և այլն) քանակը մի քանի անգամ պետք է ավելացվի։

Ամփոփելով այս անդրադարձը՝ ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի կրճատման հետևանքով ՀՀ տնտեսության հնարավոր օգուտների մասին, պետք է ևս մեկ անգամ նշել, որ այս ամենը մեծապես կախված է ԱՄՆ քաղաքական կամքից և տարածաշրջանային տեսլականից։

Գլխավոր լուսանկարը՝ Արմենպրեսի

Ծանոթագրություններ

[1] Չնայած տարածքային հակամարտությանը ՌԴ-ն Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցություն ունի, ընդ որում՝ Վրաստանի քաղաքացիների համար գործում է վիզային ռեժիմ, իսկ ՌԴ-ի քաղաքացիները Վրաստան կարող ենք մուտք գործել առանց վիզայի։

[2] Հաշվարկվում է հարկային տարով՝ հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ը։

[3] Նրանք ամենայն հավանականությամբ դիմելու են Ճապոնիայում Մոնղոլիայում, Հարավային Կորենայում և Չինաստանում գտնվող ամերիկյան հյուպատոսարաններ

[4] Ներգնա զբոսաշրջիկների քանակի աճի հետ կապված՝ ենթադրվում է, որ կլինեն նաև անձինք, ովքեր դեսպանատուն այցելելու համար կգան Հայաստան, սակայն չեն գիշերի և 24 ժամից պակաս կմնան Հայաստանի տարածքում, այս գնահատումները կատարելիս, նման անձանց քանակը բացառվել է սցենարների մուտքային տվյալներից, սակայն նրանք ևս կարող են ծախսեր կատարել (տաքսի, ռեստորան և այլն), որը ընդգրկված չի հավելյալ հասույթի մեջ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։