Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ռուբեն Վարդանյանը չի ուզում, որ դադարենք համեմատել մեզ լավագույնների հետ. Media.am

Վերադարձ լուրերի բաժին

20:59 , 11 Սեպտեմբեր 2015

Media.am-ը գրում է. Գործարար, բարերար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանում իրականացվող հավակնոտ ու մեծ ներդրումներ պահանջող իր տարբեր նախաձեռնություններով կարծես փորձում է հայաստանցիներին վերադարձնել լայն հեռանկարներով ու երկարատեւ ծրագրերով ապրելու հմայքն ու առավելությունները:

IdeA հիմնադրամի տարբեր նախագծերը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը` UWC Dilijan College-ը, Տաթեւի ճոպանուղու կառուցումով սկիզբ առնող վերածննդի ծրագիրը, «100 lives» մեծածավալ նախագիծը, որը ներառում է նաեւ բազմալեզու մուլտիմեդիա կայքը եւ այլ մեծ ու փոքր նախագծերը, ըստ Ռուբեն Վարդանյանի, սկիզբ են առել երազանքից:

«Պարզ երազանք է. ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ հաճույքով ապրեն, զարգանան, ստեղծագործեն»,- ասում է նա՝ վստահ լինելով, որ նույն ուղղությամբ նայող ու նույն իղձով համակված ազգից ավելի հզոր ներուժ չկա:

Ռուբեն Վարդանյանը նկատում է, որ հայերը միշտ ձգտել են հետեւել լավագույն օրինակներին (կրթության, արվեստի, բիզնեսի, հաղորդակցության եւ այլ ոլորտներում), իսկ հիմա բավականին ներփակված ու նեղ սպասելիքներով են ապրում:

Լավագույնին ձգտելն ու լավագույնին հավասարվելը այն մղումն է, որը, անկախ հանգամանքներից ու սոցիալական խնդիրներից, իմացություն է ենթադրում: Պարզ ասած՝ եթե տիրապետում ես ինֆորմացիայի ու նպատակ-երազանք ունես, չես կարող թույլ տալ քեզ անփույթ գործել:

Ռուբեն Վարդանյանը գտնում է, որ այդ նույն մոտեցումը աշխատում է ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլեւ լրագրության մեջ, որտեղ նույնպես օրինակելի մոդելներ են անհրաժեշտ:

Այդ մոդելները յուրաքանչյուր լրատվամիջոց եւ լրագրող սահմանում է ինքն իր համար՝ փորձելով տեղայնացված միջավայրից ավելի հեռու տեսնել ու համապատասխանեցնել սեփական աշխատանքը միջազգային ստանդարտներին:

– Ձեր հիմնադրամի բոլոր նախագծերը սկիզբ են առնում լոկալ վայրերում, Հայաստանի մայրաքաղաքից հեռու: Օրինակ` Դիլիջանի դպրոցը: Դա սկզբունքայի՞ն դիրքորոշում է:

– Իհարկե, համեմատած Երեւանի հետ` Դիլիջանը փոքր քաղաք է, բայց կարծում եմ` միջազգային դպրոցի գոյությունն այդ քաղաքի համար մեծ իրադարձություն է:

Առաջնային նպատակը Դիլիջան քաղաքի վերածնունդն է` որպես մշակութային-կրթական, նաեւ առողջապահական կենտրոնի: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում յուրահատուկ խարսխային կետեր՝ Տաթեւ-Գորիս, Ստեփանակերտ-Շուշի, Դիլիջան- Գյումրի: Հույս ունենք, որ այդպիսի խարսխային կետերով կարելի է խթանել ամբողջ Հայաստանի զարգացումը:

– Հիմնադրամը աջակցել ու ֆինանսավորել է նաեւ այս տարվա Ստամբուլի արվեստի բիենալեում հայկական մասնակցությունը, իսկ նախկինում Վենետիկի բիենալեում, որտեղ «Արմենիթի» խորագիրն ունեցող Հայաստանի ազգային տաղավարը գլխավոր մրցանակի արժանացավ: Եթե ճակատային ձեւակերպենք հարցը, ինչու՞ եք դա արել:

– Այդ որոշումն ավելի շուտ կապված էր Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի հետ: Մենք կարծում ենք, որ հատկապես այս տարի անհրաժեշտ է խոսել ոչ միայն մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության մասին, այլեւ հիշել ու հիշեցնել, թե, որպես ազգ, որքան շատ բան ենք տվել աշխարհին: Եվ դեռ կարող ենք տալ:

Այդ իմաստով շատ կարեւոր էր աջակցել ժամանակակից արվեստագետներին (ընդ որում՝ թե՛ հայերին, թե՛ ոչ հայերին), որոնք իրենց ստեղծագործություններում անդրադառնում են Օսմանյան կայսրությունում հայերի ներկայությանը, զբաղեցրած տեղին ու ներդրումներին:

Այս տարին շատ կարեւոր էր գիտակցելու համար, թե ովքեր ենք մենք, ինչ է մեզ հետ կատարվել ու ինչպիսի ճանապարհներ ենք ընտրում:

– Ստամբուլի բիենալեի խորագիրը «Աղի ջուր» է, այսինքն՝ այն իրականությունն ու երազանքները, որոնք կապված են ծովի հետ: Կարծես թե մենք սիրում ենք երազել (օրինակ՝ «ծովից ծով Հայաստանի» մասին) ու հաճախ մոռանում ավելի հողեղեն ու իրատեսական նպատակների մասին: Արդյո՞ք երազանքները չեն խանգարում ապրել ներկայով:

– Վստահ կարող եմ ասել, որ երազանքները միայն օգնում են: Մանավանդ հավակնոտ երազանքները, երբ երազողը ոչ թե դեպի հետ, այլ դեպի առաջ է նայում: Ես, օրինակ, չեմ տեսնում այն երազանքը, որով համակված ողջ ազգը առաջ է նայում: Նկատի չունեմ անցյալի ու «ծովից ծով Հայաստանի» կարոտաբաղձությունը (Տիգան Մեծ ենք ունեցել, առաջին քրիստոնյաներն ենք), ավելի շատ ուզում եմ դեպի ապագան ուղղված սպասելիքներ ու նպատակներ տեսնել:

Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե ապագայի, այլ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք: Ինչը շատ վտանգավոր եմ համարում: Ի վերջո, եթե իրականում երազեինք ծովից ծով Հայաստանի մասին, պիտի գործեինք, չէ՞, առնվազն փոքր քայլեր ձեռնարկեինք երազանքին հասնելու համար: Իսկ մենք չենք անում, քանի որ երազանք չունենք:

Ես, օրինակ, երազում եմ Հայաստանը բարգավաճող երկիր տեսնել, եւ իմ բոլոր նախաձեռնություններն այդ երազանքին հասնելու քայլեր են, երազանքը կայացնող աղյուսներ: Թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցը, թե՛ Տաթեւի ճոպանուղին ինքնանպատակ չեն, անձամբ ես էլ ճոպանուղու ֆանատիկոս չեմ: Պարզապես ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ մարդիկ հաճույքով կապրեն, կզարգանան ու կստեղծագործեն:

Պատմության բերումով մեր ազգը սովոր է ինքն իրեն պահպանել, դիմադրել հանգամանքներին՝ գոյատեւելու համար: Շատ բան ենք սպասում աշխարհից (որ մեզ հասկանան, խղճան, դատապարտեն մեղավորներին), բայց ինքներս կարծես չենք փորձում հավասարվել աշխարհի լավագույն օրինակներին:

Իհարկե, չեմ սպասում, որ բիենալեից հետո կփոխվի Թուրքիայի վերաբերմունքը, բայց հիմա թուրքական հասարակությունում բարդ գործընթացներ են տեղի ունենում, եւ շատերը փորձում են վերաիմաստավորել կատարվածն ու իրենց կողմից գործածը:

Հույս ունեմ, որ բիենալեն էլ կդառնա այն փոքր աղյուսը, որը կօգնի Հայաստանին: Պարզապես խնդիրն այն է, որ բոլոր աղյուսները պետք է միմյանց հետ կապված ու համակցված լինեն: Չի ստացվի հասնել երազանքին, եթե մի նախաձեռնություն-աղյուսը իր հետ չքաշի-տանի մյուսներին:

Համենայնդեպս, ես այլ կերպ աշխատել չեմ կարող:

Եվ երբ Դիլիջանի դպրոցի շենքը լավագույն եվրոպական ճարտարապետական կառույց է համարվում, իսկ դպրոցն ինքն ամենախոշորն է տարածաշրջանում, Հայաստանը միջազգային դաշտում դիրքավորվում է որպես կրթության կենտրոն: Օրինակ է դառնում: Միգուցե շատ հավակնոտ օրինակ, բայց ինչու՞ ոչ:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում

«Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ». Կարեն Կարապետյան

Վարչապետը հանդես է եկել ելույթով լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջև