Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջրային տնտեսության պետական կոմիտեն անդրադարձել է Ախուրյանի ջրամբարում ձկների ջրի մակերևույթ բարձրանալու դեպքին

Վերադարձ լուրերի բաժին

14:55 , 04 Սեպտեմբեր 2017

Ջրային տնտեսության պետական կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում Ախուրյանի ջրամբարում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծությունն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:

Նրա խոսքով` թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝1.5 մ ³/վրկ թողունակությամբ:

«Ինչ վերաբերում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից հետո 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որևէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը»,- ասել է Մարտիրոսյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղարը նշեց, որ սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով:

«Այս ընթացքում թուրքական կողմը ջրբացթողումն իրականացնում է՝ 10 մ³/վրկ թողունակությամբ»,- ասել է Մարտիրոսյանը:

525 մլն մ³ ծավալով Ախուրյանի ջրամբարը շահագործման է հանձնվել 1982 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ բացառապես ոռոգման նպատակով: Ախուրյան գետի ջուրը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարը, օգտագործվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միակողմանի:

Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի և Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մլն մ³: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մլն մ³՝ անցյալ տարվա 545,75 մլն մ³ դիմաց: Այսօրվա դրությամբ հայկական կողմի համար ջրամբարից թողնվել է 305.21 մլն մ³ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%