Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ջանջուղազյանը դեմ է ոչ թե դրված նպատակին, այլ դրան հասնելու ընտրված եղանակին

Վերադարձ լուրերի բաժին

13:21 , 20 Օգոստոս 2020

Կառավարության նիստում Հարկային օրենսգրքում և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում են նախատեսում և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղված քայլերից են:

Նախագծի քննարկման նախնական փուլում ֆինանսների նախարարությունը դեմ է քվեարկել: Այդ մասին հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ դեմ են ոչ թե դրված նպատակին, որը նկարագրվում է որպես տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլ, այլ այդ նպատակին հասնելու ընտրված եղանակին:

«Մենք ունենք միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ, որոնք ինչ-որ մասով անցնում են համայնքների վարչական տարածքներով, բայց դրանից չի դադարում նույն ճանապարհների նկատմամբ պատասխանատվությունը Կառավարության համար: Այդ նույն ճանապարհներից ստացվող եկամուտները ենթադրվում է՝ այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ պետք է լինեն պետական բյուջեի եկամուտ, մինչդեռ առաջարկվող նախագծով ստացվում է, որ պատասխանատվությունը շարունակում է մնալ Կառավարության համար, իսկ եկամուտներն այդ նույն հատվածից գեներացվող, դառնում են տեղական ինքնակառավարվող մարմինների եկամուտներ: Հիմնական բացատրությունը եղել է ապակենտրոնացումը, մինչդեռ, մեր կարծիքով, ապակենտրոնացումը չի կարող լինել միայն իրավունքի ապակենտրոնացում: Ենթադրում է նաև պատասխանատվության ապակենտրոնացում: Մենք առաջարկել ենք ձեռնպահ մնալ այսպիսի կարգավորումից, քանի դեռ չունենք այլ կարգավորումներ, թե ինչպես ենք կազմակերպելու շահագործման և սպասարկման և ընդհանրապես այդպիսի ճանապարհներ ունենալու, ինչպիսիք են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները»,- ասաց Ջանջուղազյանը:

Պապիկյանն արձագանքեց, որ երբ գնում են ապակենտրոնացման, այն և՛ լիազորությունների, և՛ պարտականությունների մասին է:

«Նույն հանրապետական, միջպետական և մարզային նշանակության ճանապարհների սպասարկումն ինչ-որ փուլում պետք է փոխանցվի այդ նույն համայնքներին, այսինքն՝ այդ հաջորդական շղթայի հաջորդ հանգրվանը կարող է լինել հենց դա»,- ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ տվյալ հարցը քննարկել են և գումարների առումով էական կորուստներ պետբյուջեն չի կրում, բայց լիազորությունների փոխանցման առումով նախարարությունը որոշ ծավալով այդ գործընթացների ծավալը փոխանցում է համայնքներին: Ավինյանը ևս նշեց, որ ապակենտրոնացումը փուլային է և տարբեր էլեմենտներով կարող է իրականացվել:

«Ճանապարհների սպասարկման հատվածն արդեն ինչ-որ մեխանիզմներով կարող ենք սկսել դիտարկել ամբողջապես փոխանցել համայնքներին՝ մանավանդ գալիք համայնքների խոշորացման տրամաբանության ներքո, և սա ընդամենը մեկ քայլ է ընդհանուր շղթայի մեջ»,- ասաց Ավինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարն էլ ընդգծեց, որ կդիտարկեն նաև միջհամայնքային, միջմարզային ճանապարհների սպասարկման լիազորությունները խոշորացված համայնքերում պիլոտային փոխանցում կատարելու հարցը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։