Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետք է մեր ուժերը համախմբենք ու առաջ գնանք»

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

13:17 , 18 Օգոստոս 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է.

«Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին: Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության առաջնայնությունների թվում է, քանի որ այն նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:

Սիրելի բազեականներ,
Իր պատմության 13 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների Հայրենիքից և Սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման, որի կարևորագույն նպատակներից է հայ երիտասարդության համախմբումը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման ու զարգացման: Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզնով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով: Համոզված եմ՝ ի դեմս ձեզ և ձեր գործունեության, ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած Մայր Հայրենիք:

baze2

Սիրելի երիտասարդներ,
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ հավաքի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և անձնական երջանկություն»
:

Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տարբեր խնդիրների վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանրապետությունում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, կրթօջախների, մշակութային տների և համայնքային նշանակության այլ կարևորագույն օբյեկտների հիմնանորոգման ու վերակառուցման մի շարք ծրագրեր, որոնք նաև նպաստելու են երկրում տնտեսության ակտիվության ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում առկա է բարձր բերքատվություն և այդ առումով մեծ նշանակություն է տրվել ոռոգման աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպմանը: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ստացված բերքի արտահանման ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իսկ արտահանվել է 21 հազար տոննա ծիրան և 70 հազար տոննա բանջարեղեն: Արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է նաև վրաց-ռուսական անցակետի (Դարիալի) աշխատաժամանակի ավելացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Վրաստանի վարչապետների վերջին հանդիպման ժամանակ:

Երկրի վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա և կողմերը փորձում են երկու երկրների համար փոխշահավետ համագործակցություն ծավալել:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսության զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերը: Շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի միջև, ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են և առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախատեսում է այցելել Չինաստան, որի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Ներդրումային ծրագրեր են իրականացվելու նաև մայրաքաղաքում, մասնավորապես 150 մլն դոլար է ներդրվելու «Հին Երևան» նախագծում և այլն:
Վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):

Ամփոփելով՝ վարչապետը հավաքի մասնակիցներին մաղթել է համերաշխություն և միասնականություն:«Մենք պետք է մեր ուժերը համատեղենք, որպեսզի մեր երկիրը զարգանա: Պետք է միասնաբար շտկենք բացթողումները և առաջ գնանք, ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց ապահովենք աշխատատեղերով: Սա է մեր գլխավոր խնդիրը: Դրան զուգահեռ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է օգնեն կառավարությանը և նպաստեն մեր երկրի առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանավում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում: «Բազե»-ի նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ