Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական պարտքի խոշոր «մանրուքը»

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 07 Հոկտեմբեր 2016

Վերջին օրերի տնտեսական լրահոսի ամենաքննարկված թեմաների թվում էր պետական պարտքը։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ 2016 թվականի վերջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 54%-ը, իսկ 2017 թվականին կշարունակի աճել։

Շատերն այս առթիվ մտահոգություններ հայտնեցին, որ մոտենում ենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության թույլատրելի շեմին՝ 60%-ին, ինչը բավականին վտանգավոր է։

Արդյո՞ք մոտ ենք թույլատրելի վերին սահմանին։ Եվ այո, և ոչ։ Այստեղ գործ ունենք շատերի կողմից մոռացված մի փոքրիկ մանրուքի հետ, սակայն՝ ամեն ինչ հերթով։

Այսպես, 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 603.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 484.9 մլն դոլար: 2015 թվականի ՀՆԱ-ն 5 տրլն 32.1 մլրդ դրամ է (ցուցանիշը հաշվարկվում է նախորդ տարվա ՀՆԱ-ի համեմատ)։ Ստացվում է՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս պահին 51.7% է։

2016 թվականի վերջին պետական պարտքը կհասնի 5 մլրդ 866.5 մլն դոլարի, որը համարժեք է 2 տրիլիոն 757.2 մլրդ դրամի։ Դա կկազմի ՀՆԱ-ի 54.8%-ը։

2017-ին պետական պարտքն է՛լ ավելի կմեծանա և կկազմի 6 մլրդ 277 մլն դոլար, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է շուրջ 2.95 տրիլիոն դրամի։  Անվանական ՀՆԱ-ն 2016 թվականին, ըստ բյուջեի, կկազմի 5 տրիլիոն 149.9 մլրդ դրամ։ Այսպիսով, 2017 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 57.3%-ի։ Իսկ եթե դրամը արժեզրկվի, ապա այս հարաբերակցությունը կմեծանա և կմոտենա 60%-ի։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ կառավարությունը մոտենում է վերին սահմանաչափին և չի կարողանա 6.5 մլրդ դոլարից ավելի պարտք կուտակել (2016-ի ՀՆԱ-ի 60%-ը)։

Ոչ։

Որովհետև 2015 թվականին «Պետական պարտքի մասին» մի օրենքում փոփոխություն է կատարվել. 60% թույլատրելի շեմին վերաբերող դրույթում «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվել է «կառավարության պարտք» արտահայտությամբ։

Իսկ սա ահագին բան է փոխում և մեծացնում կառավարության՝ պարտք կուտակելու հնարավորությունը։

Այս պահի դրությամբ առկա 5.48 մլրդ դրամ պետական պարտքից մոտ 0.5 մլրդ դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Առանց ԿԲ-ի՝ կառավարության պարտքը կազմում է մոտավորապես 5 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 47.1%-ը։

Սա նշանակում է, որ կառավարությունը հանգիստ կարող է հայտարարել, թե թույլատրելի վերին շեմից դեռ շատ հեռու ենք։

Ի դեպ, օրենքի փոփոխության ընդունման ժամանակ կառավարությունը համոզում էր, որ դրա նպատակը ոչ թե պարտքի թույլատրելի շեմի փաստացի մեծացումն է, այլ տեխնիկական բնույթի խնդիրների լուծումը։

««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակներում պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ»,- նշված էր հիմնավորման մեջ։

Այն ժամանակ, անդրադառնալով այս հիմնավորմանը՝ մենք կարծիք հայտնեցինք, որ կառավարությունը փող չի ուզում (իր իսկ պնդմամբ), բայց գրպանն ամեն դեպքում լայնացնում է։ Ու հիմա, ինչպես տեսնում ենք, դա իր դերը խաղաց. եթե գրպանը լայնացրած չլինեին, փողը կհասներ գրպանի եզրին և մի քանի հարյուր միլիոն դոլար ավելացնելու հնարավորություն չէր լինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: