Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Պետական ծառայությունը չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն»,-Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

14:54 , 11 Փետրվար 2019

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Նա ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը:

_TM_2038

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով. «Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, և շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել և, իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձը:

Մենք անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, համենայնդեպս իմ երկարամյա լրագրողական և պատգամավորական փորձը հետևյալն է ցույց տվել՝ որ համայնք մտնում և աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքվում ես, պարզվում է կամ համայնքի ղեկավարինն է, կամ համայնքի ղեկավարի տեղակալինն է, կամ այդպես շարունակ: Սա ընդհանրապես, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է: Զարմանալի է նաև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից, և ամեն անգամ այդ մոտեցումն ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետև յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրական ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել:

_TM_2090

Ինձ համար, Հայաստանի Հանրապետության կառավարության համար և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել , որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն:

Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային: Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել:

Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը: Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, և պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից:

Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, բոլոր առումներով: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հեսա մինչև այս խորհրդարանական ընտրությունները բան չմնաց, իրար աչքով են տալիս, հեսա բան չմնաց, մի բան կանենք, մի բան կլինի: Մի բան չե՛ք անի, ոչ մի բան չի՛ լինի, և միակ բանը որ կլինի Հայաստանում կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է:

_TM_2232

Այս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին:

Ես չեմ կարող պնդել, որ ամենուրեք և համատարած ամեն ինչ հենց այդպես է: Ես գիտեմ և էլի եմ ասում, որ Հայաստանում համայնքների ղեկավարներ, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, ինչպես պատգամավորներ տարբեր են, և չի կարելի մի չափանիշով չափել բոլորին»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]