Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պետական գնումներին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին

Վերադարձ լուրերի բաժին

15:27 , 18 Օգոստոս 2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նիստի սկզբում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

«Սույն թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ, ընդ որում՝ աշխատանքներին ներգրավվել են մի շարք պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մասնավորապես` ի կատարումն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ հանձնարարականի` պետք է նշել, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական(իրավապահ): Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է, որպես վերջնական նպատակ, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է կրթական ծրագրեր ու մեթոդներ մշակելու և հաստատելու, դրանք նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ներդնելու, հանրային ծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, բուհերում համապատասխան մարմիններ ստեղծելու միջոցով:
Քննչական ֆունկցիան, թերևս, ամենապարզ բացահայտվողն է, այն է` կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:

Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին և այդ մարմինը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։ Այս առումով հետաքրքրական է Ուրկրաինայի փորձը, որում, թեև առկա է ապակենտրոնացված մոդելը, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, Լիտվայում, Լատվիայում և այլն:

Երկորդ մոդելը, որը ես կանվանեի ապակենտրոնացված մոդել, իր մեջ ներառում է երկու մոդելներ: Ընդ որում, կանխարգելիչ և կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաները իրականացնում է մեկ այլ մարմին: Հարկ է նշել, որ երկու մոդելների դեպքում անչափ կարևորվում է, որ քննչական գործառույթի իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ, ոչ թե նման մարմինը, ի թիվս այլ խնդիրների, պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:
Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես` կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում առկա մոդելը մեր կարծիքով ունի որոշակի թերություններ, դրանք են` ինստիտուցիանալ և գործառույթային անկախության բացակայությունը: Հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիանալ անկախության բավականաչափ երաշխիքները: Հաշվի առնելով առկա խնդիրները` կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար: Միջազգային փորձը վկայում է, որ այս երկու մոդելներն էլ գործում են հավասարապես, և նաև որևէ առավելություն չի տրվում այս կամ այն մոդելին:

Ներկայումս մենք իրականացնում են լայնածավալ աշխատանքներ միջազգային փորձի ուսումնասիրության, երկու մոդելների առանձնահատկությունների վերհանման, դրանց թե ՛ դրական, թե′ բացասական կողմերի, մոդելներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում կատարվելիք ինստիտուցիոնալ և օրենսդրական քայլերի մշակման ուղղությամբ:

Ձեր հանձնարարականի դեպքում, պարո՛ն վարչապետ, մենք կարճ ժամանակ անց կամփոփենք մեր աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնենք հավասարաչափ գործուն մոդելներ:

Հանձնարարականներից մյուսը, որը բարձրացվել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին: Մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ աշխարհն այսօր շարժվում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման ուղղությամբ:

Այսպես` իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված նշանակալի քայլ կատարեց Եվրոպական միությունը. Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական խորհրդը 2015 թվականի մայիսի 20-ին ընդունեցին Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվը, որի համաձայն Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։ Այս պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է նախատեսված 2017 թվականի հունիս ամիսը։

Բացի դրանից, ներկայումս իրական սեփականատերերի գրանցման հանրային գրանցամատյաններ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Դանիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Նորվեգիայում: Սակայն պետք է փաստել, որ աշխարհում այսօր չկա հաջողված ու կիրառված այնպիսի վերջնական փորձ, որը ապացուցել է իր կենսունակությունը, որի բոլոր թերությունները, սկզբունքները հաշվի են առնվել և որը կարելի է միանգամից ներդնել ՀՀ-ում: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կատարել առաջին փոքր, սակայն կարևոր քայլերն այս ուղղությամբ: Մենք որոշել ենք սկսել մեր համար կարևորագույն ոլորտներից մեկից, այն է` պետական գնումների ոլորտից։

Խոսքը վերաբերում է հետևյալին. այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ընդ որում բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով:

Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10 տոկոս բաժնեմաս, կամ իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները։
Ընդ որում, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ անձը ոչ միայն պետք է հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, այլ նաև պետք է ներկայացնի իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: Բնականաբար խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն:

Հաջորդ հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացմանը: Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձը ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է գույքի կամ եկամուտի զգալի աճը և դա անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն:

Իհարկե, այս տեսանկունից պետք է նշել, որ նման մոտեցումը անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել ենք հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ։ Մեր դիրքորոշումը այն է, որ այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց և իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը: Եթե ներկայացվում է պատշաճ հիմնավորում, ապա որևէ խնդիր բնականաբար չի ծագում, եթե ոչ՝ վրա է հասնում պատասխանատվություն:

Սակայն մենք կարծում ենք, որ ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը:

Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը՝ դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։

Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու կամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,-նշել է արդարադատության նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ