Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ի նախագահն ու տեղակալները ավելի բարձր աշխատավարձ կստանան

Վերադարձ լուրերի բաժին

19:40 , 03 Օգոստոս 2016

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում բարձրանալու են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, նրա առաջին տեղակալի և մյուս տեղակալների աշխատավարձերը։ Նախագիծը կառավարության վաղվա նիստում ներկայացնելու է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նշենք, որ պետական պաշտոնյաների վարձատրության չափն այսօր կարգավորվում է հստակ գործակիցներով։ Օրինակ՝ հանրապետության նախագահի վարձատրությունն ամենաբարձրն է՝ 20 գործակից, ԱԺ նախագահինը՝ 18 գործակից, նախարարներինը՝ 12 գործակից։

Ու օրենսդրական առումով զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։
Բանն այն է, որ ՊԵԿ նախագահի և տեղակալների պաշտոն՝ որպես այդպիսին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում չկա։ Որովհետև ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարությունից առանձնացել է այս տարվա մարտին, և օրենքի մեջ համապատասխան փոփոխություն չի արվել։ Այսինքն՝ ՊԵԿ-ը մնացել է «օդից կախված» վիճակում։ Կարելի է ենթադրել, որ մինչ օրս ՊԵԿ ղեկավարությունը վարձատրվել է իներցիայով՝ որպես ֆինանսների նախարարի տեղակալներ։

Այժմ, այս կառույցն առաջարկում է լրացնել օրենքը և Ոստիկանության պետի պաշտոնից հետո ավելացնել Պետական եկամուտների նախագահի պաշտոնը, Ոստիկանության պետի առաջին տեղակալից հետո՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոն, և Ոստիկանության պետի տեղակալից հետո՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոն։ Այսինքն՝ ՊԵԿ-ը ցանկանում է այդ ցանկում հանդես գալ հավասար մակարդակի վրա՝ Ոստիկանության հետ, քանի որ երկուսն էլ կառավարությանն առընթեր կառույցներ են։

Իսկ Ոստիկանության գործակիցները նախարարականին հավասար են։ Ոստիկանության պետի գործակիցը 12 է, առաջին տեղակալինը՝ 10, մյուս տեղակալներինը՝ 8.5։
ՊԵԿ-ն առաջարկում է իրենց համար սահմանել նույն գործակիցները։ Իսկ դա նշանակում է, որ ՊԵԿ ղեկավար կազմի աշխատավարձը կբարձրանա։ Այս պահին ՊԵԿ նախագահը վարձատրվում է 10 գործակցով, նրա առաջին տեղակալը՝ 8.5, մյուս տեղակալները՝ 7.5։

Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ը ճշգրտում է օրենքը և հընթացս բարձրացնում իր աշխատավարձը։ Սակայն կարծում ենք՝ սա արվում է ոչ այնքան՝ փողի, որքան՝ կարգավիճակի համար. սրանով ՊԵԿ-ը՝ ի դեմս նախագահ Հովհաննես Հովսեփյանի, փաստում է, որ իր ղեկավարած կառույցը Ֆինանսների նախարարությունից ցածր կառույց չէ պետական հիերարխիայում։ Միաժամանակ՝ առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում:

Մի ուշագրավ կետ էլ կա։ Փոփոխության նախագծին տրված եզրակացության մեջ նշվում է, որ փոփոխությունների ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով: Մյուս կողմից՝ նույն եզրակացության մեջ նշվում է, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

Թերևս, հեղինակները նկատի ունեն, որ աշխատավարձի բարձրացումը շահագրգռող լրացուցիչ խթան կհանդիսանա և կնպաստի հարկերի ավելի արդյունավետ հավաքագրմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս

2018թ. ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը կարող է արգելվել. Նախագիծը պատրաստ է

Քննարկման է դրվել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։