Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը Հայաստանում «թաքնված» թուրքական լոլիկ է հայտնաբերել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:10 , 26 Սեպտեմբեր 2016

ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Ինչպես տեղեկացնում էՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ:

Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր:

ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն: Եղել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման փորձեր:

Լոլիկի պատմությունը, թերևս, ամենաուշագրավն է։ Հիշեցնենք, որ այս տարի լոլիկի արտահանումը Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ աստղաբաշխական աճ է ունեցել։ ԵՏՄ տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է 20366 տոննա լոլիկ՝ ավելի քան 14 մլն դոլար մաքսային արժեքով։ Այն դեպքում, երբ 2014 թվականին (ամբողջ տարվա կտրվածքով) Հայաստանից արտահանվել է ընդամենը 217.7 տոննա լոլիկ, իսկ 2015 թվականին՝ 1254 տոննա։ Ընդ որում, միայն ապրիլին արտահանվել է 7000 տոննա։

Որոշ «չար լեզուներ» ասում էին, որ իրականությունը հետևյալն է. Թուրքիայից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ լոլիկ, պիտակները փոխարինվում են հայկականով, ու հայկականի անվան տակ թուրքական լոլիկն արտահանվում է Ռուսաստան։

Հետո, իհարկե, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքեց այս տեղեկությունները՝ պնդելով, որ Ռուսաստանը հայկական լոլիկի անվան տակ ներկրվող թուրքական լոլիկ չի վերադարձրել Հայաստանին։ Ինչ վերաբերում է Թուրքիայից լոլիկի ներկրմանը, ՍԱՊԾ-ն տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ընդամենը 120 տոննա լոլիկ։ 120 տոննան՝ ուր, 20366 տոննան՝ ուր։ Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շտապեց պարզաբանում ներկայացնել այս հրապարակման կապակցությամբ։ Պարզաբանման մեջ նշվում էր, որ ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016 թվականին՝ օպերատիվ տվյալներով՝ լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։

Սակայն ՊԵԿ-ի բացահայտումը, այնուամենայնիվ, վկայում է այն մասին, որ թուրքական լոլիկի վերաարտահանման պրակտիկան գործում է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ