Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պատրաստվել վատագույն սցենարին. ինչ է սպասվում նավթի 25 դոլար գնի դեպքում

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 13 Հունվար 2016

 

Եթե նավթի գնանկումը շարունակվի, ապա հարկ կլինի ճշգրտել պետական բյուջեի որոշ պարամետրեր, որոնք հաշվարկվել են 50 դոլար/բարել գնի հիման վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Գայդարյան ֆորումի «Ռուսաստանը և աշխարհը, հայացք ապագային» նիստի ժամանակ։ Այդ պարագայում անհրաժեշտ կլինի նախապատրաստվել տնտեսության «վատագույն սցենարին», ինչպես, ըստ Մեդվեդևի, անում են այլ երկրները։

«Մեր քաղաքականության հիմնական սկզբունքը պետք է մնա նույն՝ ապրել միջոցներին համապատասխան», — ասել է Մեդվեդևը և ավելացրել, որ բյուջետային խնայողությունը պետք է շոշափի առաջին հերթին պետական ապարատի ծախսերը, իսկ եկամուտների նվազումը կարելի է փոխհատուցել պետական ակտիվների մի մասի մասնավորեցմամբ։

ՌԴ կառավարության ղեկավարը չի մանրամասնել, թե ինչ բնութագրիչներ կարող է ունենալ «վատագույն սցենարը»։ Սակայն РБК-ի աղբյուրը կառավարության ֆինանսատնտեսական բլոկում ասել է,  որ ներկա պահին ՌԴ ֆիննախը դիտարկում է «սթրեսային» բյուջեի 2 սցենար՝ $40 և $25 մեկ բարել նավթի գնի դեպքում։

Առաջին սցենարը բազայինն է։ Իսկ երկրորդի դեպքում ռիսկ է առաջանում, որ պետբյուջեի դեֆիցիտը կարող է դուրս գալ նախատեսված 3%-ի սահմաններից։ $25  գնի սցենարի դեպքում, եթե կառավարությունը պահպանի բյուջետային ծախսերի ծավալը և լրացուցիչ եկամուտներ չներգրավի, բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ-ի 7.5%-ը։ Միայն պահուստային ֆոնդի միջոցները չեն բավարարի, և եկամուտների լրացուցիչ աղբյուրներ գտնելու անհրաժեշտություն կառաջանա։

РБК-ի զրուցակիցը չի բացառել, որ կառավարությունը կարող է նավթարդյունաբերողներից վերցնել եկամուտների այն մասը, որը նրանք ստացել են ռուբլու արժեզրկման արդյունքում։ Այդ տարբերակը նախորդ աշնանը՝ բյուջեի նախագծի պատրաստման ժամանակ քննարկվել է, սակայն չի հաստատվել։

Ռուսաստանի 2016թ. պետական բյուջեի հիմքում դրված է ռուսաստանյան Urals նավթի 50 դոլար գինը (1 բարելի համար), սակայն այժմ Urals-ի գինը մոտ 30 դոլար է։ Նավթի համաշխարհային գները միայն այս տարվա սկզբից նվազել են արդեն 15%-ով և այժմ տատանվում են 30-32 դոլարի սահմաններում։ ՌԴ բյուջեով ընթացիկ տարում կանխատեսվում է 0.7% տնտեսական աճ, սակայն այս ամիս երկրի տնտեսական զարգացման նախարարությունը պետք է ներկայացնի ճշգրտված կանխատեսում, որտեղ ՀՆԱ-ի դինամիկան կվերանայվի նվազման ուղղությամբ։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը այսօրվա ֆորումի ժամանակ ասել է, որ նավթի գինը առաջիկայում ամենայն հավանականությամբ կշարունակին նվազել, իսկ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը զգուշացրել է, որ ցածր գների ժամանակաշրջանը կարող է ձգվել տարիներ և անգամ տասնամյակներ։ Սիլուանովը նաև ասել է, որ նախարարություններին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել՝ ծախսերը 10%-ով կրճատելու ուղղությամբ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պղնձի բորսայական գինն աճել է

Մետաղների գներն ու դրանց փոփոխությունները Լոնդոնի մետաղների բորսայում

Ներդրումային ակտիվությունը աշխարհի մասշտաբով շարունակում է թույլ մնալ

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Nissan-ը խնդիրների առաջ է կանգնել

Տոկիոյի փոխադրամիջոցների վարչությունը Nissan ընկերության մի քանի գործարաններում անսպասելի տեխնիկական ստուգումներ է իրականացրել և լուրջ խնդիրներ հայտնաբերել