Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պաշտպան՝ «Խախտվել են Գագիկ Խաչատրյանի հիմնարար իրավունքները»

Վերադարձ լուրերի բաժին

13:08 , 05 Փետրվար 2020

Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինները խախտում են անձի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ ես առողջական խնդիրների թեման չհանրայնացնեմ, սակայն այսօր ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանին այցից հետո մասնագետներն արձանագրել են բժշկական օգնության անհրաժեշտություն, որից հետո հունվարի 15-ին իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել է հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Բնականաբար պետության առաջին պարտավորությունը պիտի լիներ բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հենց նույն օրը, երբ իմացան, որ Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի, տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ նշված դեպքից հետո իրենք դիմել են քրեակատարողական ծառայությանը, արդարատադության նախարարության համապատասխան գերատեսչությանը, գլխավոր դատախազությանը` պահանջելով, որ Գագիկ Խաչատրյանը իրացնի իր իրավունքը՝ տեղափոխվելով բժշկական կենտրոն սեփական միջոցների հաշվին։ Փաստաբանը նշել է, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն առավել ծայրահեղ քայլերի դիմել, սակայն հուսով են, որ համապատասխան մարմիններն ամեն դեպքում կպահեն ողջամտությունը։

«Հիմա տարբեր անձանց շրջանակում քննարկումներ է լինելու՝ «ում բռնում են հիվանդանում է և այլն» ձևակերպումներով։ Բայց եկեք ֆիքսենք մի քանի կարևոր հանգամանքներ. նախ Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից սկսած 3 անգամ վիրահատության է տարել Գերմանիայում։ 2018թ.-ին վիրահատությունից հետո հետվիրահատական բուժումը կիսատ թողնելով՝ ժամանել է Հայաստան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Երկրորդը՝ տարիքը հաշվի առնենք. 64 տարեկան է ու վերջին 6 ամսում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում զրկված է եղել որևէ բուժում ստանալու հնարավորությունից, միայն ցավազրկող է ստացել։ Հիմա հարց է առաջանում. պետական մարմիններն ի՞նչ շահ ունեն անձի իրավունքները այսպես կոպիտ ոտնահարելու։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար առողջության պահպանման պարտավորություն ունի։ Մասնագետները տվել են եզրակացություն, որ եթե Խաչատրյանի բուժումը չիրականացվի, ծայրահեղ ծանր հետևանքներ կարող են առաջանալ… Անդառնալի հետևանքը նշում եմ, այլևս չեմ ցանկանում մասնավորեցնել», – ասել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Խաչատյանի հարազատներն ու ընկերներն արտերկրից, անհանգստացած լինելով առողջականով, կապ են հաստատել և պատրաստակամություն հայտնել ենթադրյալ վնասի ամբողջական փոխհատուցում կազմակերպելու, մինչև որ քննությունը ավարտվի ու պարզվեն հանգամանքները։ Նա նշել է, որ եթե ցանկություն լինի կոնկրետ աղբյուրներն էլ կերևան, թե ովքեր են այդ անձինք և արդյոք ունեն նման հնարավորություններ, թե ոչ։

Նա նաև հիշեցրել է, որ փոխհատուցման ապահովման առաջարկն ու գրավի միջնորդությունը ներկայացնում են հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահվել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե արդյոք նշված ենթադրյալ հանցանքը կատարվել է, և Գագիկ Խաչատրյանը դրա հետ կապ ունի, թե ոչ։ Հիմնական մեղադրանքն այն է, որ պատճառվել է վնաս ոչ թե անձնական օգուտ ստանալու նպատակով, այլ պաշտոնական գործունեության ընթացքում ոչ նպատակային կամ ճիշտ ծախսերի կատարման հետևանքով, որը հանգեցրել է պետական միջոցների վատնման։ Նման մեղադրանքով, տեսականորեն, կարելի է ներգրավվել ցանկացած նախկին պաշտոնյայի։

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել», – եզրափակել է Երեմ Սարգսյանը։

Դատարանի որոշումը հրապարակվելու է փետրվարի 6-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն 500 միլիոն դրամ կվերադարձնի բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Հետաձգվում են գործուղումները, պարգևավարները, վերադարձվում՝ չծախսված գումարները:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: