Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

19:48 , 12 Ապրիլ 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ: «Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի», – ասել է Կարեն Կարապետյանը:

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կառուցապատում-հարկային վարչարարություն իրականացում-իրացում շղթային: Այս առումով վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը, թափանցիկության ավելացմանը, շուկայի ակտիվացմանը, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, տեղական ընկերությունների խրախուսմանը՝ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին: «Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը և ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից», – ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետը տեղեկացրել է, որ «Doing business»-ի շրջանակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երևան քաղաքում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով, հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, և եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար և ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը:

Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։