Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը». հետաքրքիր մտքեր՝ Վլադիմիր Մաուից

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 25 Սեպտեմբեր 2017

Վլադիմիր Մաու։ Լուսանկարը՝ Ռամիլ Սիտդիկովի /  РИА Новости

Forbes-ը ծավալուն հարցազրույց է անցկացրել Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուի հետ։

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշագրավ մտքեր, որոնք հետաքրքիր են նաև Հայաստանի տնտեսության ու տնտեսական քաղաքականության տեսանկյունից։

Տնտեսական աճի կարևորության մասին

Տնտեսական աճի տեմպը տնտեսության հաջողության կամ անհաջողության միանշանակ չափանիշ չէ։ Չէ՞ որ տնտեսական աճը կարևոր է ոչ թե ինքն իրենով, այլ՝ որպես բարեկեցության աճն արտացոլող ցուցանիշ։ Պետք է ավելանան բնակչության բարեկեցությունն ու զբաղվածությունը, ոչ թե ՀՆԱ-ի աճի անվանական տեմպերը։ Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը։

Պոպուլիզմի թակարդը

Ժամանակակից տնտեսական քաղաքականության խնդիրներից մեկը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքների կոնֆլիկտն է։

Այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում աճի լավ ցուցանիշներ ապահովել, երկարաժամկետ հեռանկարում վնասակար է։ Եվ հակառակը. այն, ինչը ապահովում է համաշխարհային միջինից բարձր, կայուն աճի տեմպ 10 տարվա ընթացքում, ընտրողին հնարավոր չէ ներկայացնել կարճաժամկետ հեռանկարում։

Սա իրական քաղաքական թակարդ է։ Կամ՝ պոպուլիզմի թակարդ, երբ կարճաժամկետ հաջողությունները ավելի կարևոր են համարվում, քան ռազմավարական հաջողությունները։

Երբ տնտեսությունը հասնում է հատակին

Կա մի գործոն, որը դարձել է նոր իրականության էլեմենտներից մեկը. տնտեսական աճը ավտոմատ կերպով չի վերականգնվում։ 2014-2015 թվականներին և 2016-ի սկզբին բոլոր քննարկումները հանգում էին մեկ հարցի՝ տնտեսությունը հասե՞լ է արդյոք հատակին։
Այդ մասին գրում էին բոլորը, որովհետև նախորդ 200 տարիների ընթացքում տնտեսությունը, հասնելով հատակին, հետո միշտ սկսել է աճել։

Այսօր մենք այլ բան ենք տեսնում. հատակին հասնելուց հետո տնտեսությունը կարող է չաճել ոչ թե 2-3 տարի, այլ քառորդ դար։

Նայեք Ճապոնիային՝ բարեկեցությունն աճում է, մեկ շնչին ընկնող եկամուտն աճում է, սակայն ՀՆԱ-ի աճը զրոյականի սահմաններում է։
Անկման դադարումը ավտոմատ աճի չի հանգեցնում։

Վերաֆինսավորման տոկոսադրույքի նվազեցման օգուտն ու վտանգները

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի ակտիվորեն չի նվազեցնում, որովհետև դա կարող է հանգեցնել սպեկուլյատիվ կապիտալի արտահոսքի։ Դրան զուգահեռ՝ ռուբլին կթուլանա, գնաճը կարագանա, և հարկ կլինի կրկին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Բացի այդ, ՎՖ-ի նվազեցումը շատ բան չի փոխի։ Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսության դրամավարկային խթանման միջոցները լավագույն դեպքում կարող են մեղմել ճգնաժամը, սակայն չեն նպաստում տնտեսական աճին։

Տնտեսական աճի ցածր տեմպերը և ներդրումային թույլ ակտիվությունը պայմանավորված են նախևառաջ կառուցվածքային և ինստիտուցիոնալ սահմանափակումներով, ոչ թե դրամավարկային։

Հարկային բարեփոխումներ

Մեր հարկային համակարգը ողջամիտ է։ Ավելի լավ կլինի դադարել այն բարեփոխել։

Այո, հարկային համակարգը կարելի է կատարելագործել և բարելավել, սակայն պետք է հասկանալ, որ այժմ կայունությունն ավելի կարևոր է, քան բարելավումը… Իհարկե, իդեալական հարկային համակարգեր չկան, սակայն մեր պայմաններում ավելի ճիշտ է պահպանել դրա կայունությունը։

Ինչ է պետք՝ աճի համար

Ամենամեծ էֆեկտը ապահովում են այն գործոնները, որոնք արտադրողականության աճի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին։

Ինստիտուցիոնալ տեսանկյունից՝ դա մրցակցության և արտահանման խթանումն է։

Առանցքային նշանակություն ունեն նաև ոչ տնտեսական գործոնները՝ դատական համակարգի ռեֆորմը և իրավապահ համակարգի գործունեությունը։

Փոխարժեքի էֆեկտը արտահանման վրա

Մրցունակությունը փոխարժեքով չի որոշվում. դրա փոփոխությունը կարող է միայն կարճաժամկետ էֆեկտներ ունենալ։ Ուզում եմ հիշեցնել, որ երբ դոլարն արժեր 24 ռուբլի, բոլորն ասում էին՝ տվեք մեզ 30 ռուբլի փոխարժեք, և երջանկությունը վրա կհասնի։ Իսկ երբ հասավ 50-ի, ասում էին, որ դա էլ է քիչ։

Գայդարի ինստիտուտի հաշվարկները ցույց են տալիս, որ սեփական արժույթի դևալվացիան օգտակար է միայն կարճաժամկետ հեռանկարում, իսկմիջնաժամկետում հակառակը՝ է՛լ ավելի է վատացնում դրությունը։

Եթե սևեռվենք փոխարժեքի վրա, չի բացառվում, որ շուտով լսենք կրկնակի փոխարժեք սահմանելու առաջարկներ՝ մեկը ներմուծողների համար, մյուսը՝ արտահանողների։

Նյութը հրապարակման է պատրաստվել B4B.am-ի կողմից

Սկզբնաղբյուրը՝ Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս անել, որ բոլոր սառնարանների մեջ հաճախորդը հենց ձերը բացի (ֆոտո)

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր օրինակ է ներկայացրել

Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները

Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։

Ամենից շատ միլիարդատերեր տված 10 ամերիկյան բուհերը. Forbes

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր