Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Չի բացառվում, որ ֆինանսական շուկայի ագրեսիվ մրցակցությունը բերի հայաստանյան բանկերի թվի կրճատման»

Վերադարձ լուրերի բաժին

16:19 , 13 Մարտ 2018

Ի՞նչ վիճակում է Հայաստանի բանկային համակարգն այսօր, ինչո՞ւ շուկայից դուրս եկան 4 բանկերը և հնարավո՞ր են նոր միաձուլումներ, ի՞նչ փոփոխություններ կարող են բերել թվային տեխնոլոգիաներն այս ոլորտում և ի՞նչ կա կրիպտոարժույթների ետևում։  Այս և այլ հարցերի շուրջ B4B.am-ը զրուցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հետ։

Պրն Օսիպյան, 2014 թվականի վերջին Կենտրոնական բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի նվազագույն կապիտալի պահանջը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ։ Դրա արդյունքում՝ մի քանի բանկեր միաձուլվեցին, մյուսները՝ համալրեցին կապիտալը։ Դա որակական փոփոխությունների բերե՞լ է բանկային համակարգում։

– Իհարկե բերել է:  Նախ`  այդ փոփոխությունների արդյունքում, մենք այսօր ունենք որակական առումով նոր բանկային համակարգ, որն ավելի մրցունակ է տարածաշրջանային ֆինանսական շուկայում: Երկրորդ` կապիտալի ավելացումը բերեց ֆինանսական շուկայի կայունության, ինչը  թույլ կտա առևտրային բանկերին հաղթահարել միջազգային ֆինանսական շուկաներում առկա մարտահրավերները, որոնք կապված են «Բազել-3»-ի նոր կանոնակարգի ներդրման և ՖՀՄՍ 9-ի  ( Ֆինանսական հաշվետվությունների  միջազգային   ստանդարտ)  կիրառման  հետ` ապահովելով նոր զարգացումներ: Եվ վերջապես, կապիտալի ավելացման շնորհիվ,  բանկերը կարող են տնտեսության ավելի խոշոր ծրագրերի ֆինանսավորման մասնակիցը դառնալ:

Այդ փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերի թիվը 21-ից դարձավ 17։ Հայաստանի տնտեսության համար այդ թիվը նորմա՞լ է, թե՞ դեռ կրճատվելու տեղ կա։

– Երբ ավելի երիտասարդ էի, այդ հարցին կտրուկ էի պատասխանում՝ ասելով, որ Հայաստանին պետք է 11-ից 13 բանկ`  օրինակ բերելով  բալթյան երկրների բանկերի քանակը: Սակայն հիմա դիրքորոշումս այդքան կատեգորիկ չէ և կարծում եմ,  որ բանկերի քանակը որոշում են շուկան և տնտեսության մեջ ձևավորված ավանդույթները:

Հայաստանում 17 բանկեր թեժ մրցակցության մեջ են։  Մարքեթոլոգները դա կոչում են «bloody competition»` «արյունոտ մրցակցություն» կամ «կարմիր օվկիանոս»: Իսկ շուկայի նման մրցակցությունը, որպես կանոն, բերում է միաձուլումների և բանկերի թվի կրճատման։ Շուկայում կմնան այն բանկերը, որոնք ավելի ադապտացված են, արդիական, ավելի մրցունակ են  և ունեն լավագույն տեխնոլոգիաները`  բանկային  գործընթացների բոլոր փուլերում: Երբ, համեմատության համար, նայում ենք տարածաշրջանի՝ օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի բանկային համակարգը, տեսնում ենք, որ Հայաստանի բանկային համակարգում նման մեծ կենտրոնացում չունենք: Այնպես որ, այդ բնականոն պրոցեսը` շուկայի կենտրոնացումը,  շարունակվելու է, և  այդ ագրեսիվ մրցակցության արդյունքում չի բացառվում, որ բանկերի թվի կրճատում լինի:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  այս փոփոխությունների ընթացքում ձեռք բերեց Զարգացման հայկական բանկը։ Դուք այն ժամանակ չէիք բացառում, որ հնարավոր է՝ ևս մեկ բանկ ձեռք բերեք։ Դա դեռ կա՞ ձեր պլանների մեջ։

-Այսպես ասեմ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ռազմավարության մեջ ունենք զարգացման 2 հնարավորություն՝ օրգանիկ և ոչ օրգանիկ աճ: Տեսեք, Զարգացման բանկը, ըստ էության, մեր երրորդ ձեռքբերումն էր:  Նախ, մենք ոչ օրգանիկ ճանապարհով ապահովեցինք աճ` ձեռք բերելով  վարկային կազմակերպություն, հետո առևտրային բանկից` վարկային փաթեթ, իսկ  այնուհետև  ձեռք բերեցինք բանկ, որի հետ կապված ինտեգրացիոն պրոցեսը հաջողությամբ ավարտեցինք 2017 թվականի աշնանը։ Պետք է ասեմ, որ ոչ օրգանիկ աճի գաղափարախոսությունն այսօր էլ մեր ռազմավարության ներքո է և հնարավոր, շահավետ  տարբերակ լինելու դեպքում`  կիրականացնենք:

Շուկայից դուրս եկած 4 բանկերից 3-ը՝ ՊրոԿրեդիտ, ԲՏԱ Բանկ և Առէկսիմբանկ, ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով աշխատող բանկեր էին։ Նրանց հեռանալը զուտ գործարար բնույթի պատճառներո՞վ էր պայմանավորված, թե՞ քաղաքական պատճառներ էլ կարելի է փնտրել։

– Նախ ասեմ, որ ինձ համար  թե՛ որպես քաղաքացի և թե՛ որպես բանկի ղեկավար, ցանկալի չէ որևէ օտարերկրյա ընկերության հեռանալը Հայաստանից, որովհետև նրանց  ներկայությունը ոչ միայն լրացուցիչ մրցակցություն է ապահովում, այլ նաև` նոր  բիզնես-մշակույթ:  Բայց, մյուս կողմից Ձեր նշած բանկերի հեռանալը բնականոն գործընթաց էր և, իմ գնահատմամբ, մեծ մասամբ    պայմանավորված էր  նրանց կողմից  ոչ ճիշտ  բիզնես-մոդելների ընտրությամբ:

Սակայն, օրինակ, ՊրոԿրեդիտը համարվում էր թեպետ փոքր, բայց որակյալ բանկ, որը հաջողություններ ունի այլ երկրներում։

– Չէի ցանկանա քննարկել ՊրոԿրեդիտ բանկի  հաջողություններն այլ երկրներում,  քանի որ դա միանշանակ չէ:  Պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում ՊրոԿրեդիտի առավելությունը դա իր իսկ հիմնադրի` IPC խորհրդատվական կազմակերպության կողմից  ստեղծված  փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արդյունավետ կիրառումն է: 2007թ.-ին, երբ ՊրոԿրեդիտը մուտք գործեց Հայաստան, սկսեց աշխատել  այդ նույն տեխնոլոգիայով, որն արդեն իսկ ներդրել էր Հայաստանում և  որով 8 հայկական բանկ աշխատում էր:  ՊրոԿրեդիտը ֆինանսավորման այդ նիշում մրցակցությանը չկարողացավ դիմանալ և փորձեց իր ուժերը խոշոր բիզնեսի, սպառողական վարկավորման  և այլ ոլորտներում, սակայն, ապարդյուն:

Իսկ մյուս բանկերի համա՞ր ինչ կասեք։

– Չէի ցանկանա առանձին գնահատականներ տալ։ Սակայն համոզված եմ, որ մյուս  բանկերի հեռանալը ևս պայմանավորված էր ոչ ճիշտ բիզնես-մոդելների ընտրությամբ։  Հայաստանում բանկային համակարգի զարգացման համար բոլոր նախադրյալները, պայմանները կան և դա միայն իմ գնահատականը չէ, նույն կարծիքին են նաև մեր գործընկեր միջազգային  ֆինանսական կառույցները: Իսկ դա նշանակում է, որ եթե այդ չորս բանկերն ունենային լավ ցուցանիշներ, լավ մոդելներ ու որակյալ կառավարում, կմնային հայաստանյան շուկայում։

Պրն Օսիպյան, Կենտրոնական բանկը երկար ժամանակ է՝ շարունակում է իրականացնել ընդլայնող կամ մեղմ դրամավարկային քաղաքականություն և վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավականին ցածր՝ 6%-ի վրա։ Դա ինչպե՞ս է ազդել վարկավորման տոկոսադրույքների և ծավալների վրա։

– Նախ ասեմ` շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ կամաց-կամաց սկսում են ուշադրություն դարձնել վերաֆինանսավորման տոկոսադրույքին, դրա նշանակությանը և ազդեցությանը։ Իհարկե, այդ քաղաքականության ազդեցությունը նկատելի է՝ թե՛ վարկավորման տոկոսադրույքների նվազման, թե՛ վարկավորման ծավալների աճի առումով։

Հատկապես, դրամային վարկերի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցածր մակարդակը լուրջ ազդակ է։ Դրամով վարկավորման միջին տոկոսադրույքը 2017 թվականի ընթացքում նվազել է մոտ 2 տոկոսային կետով, ինչը մեծ  տեղաշարժ է։

Վարկավորման ծավալների աճն էլ զգացվում է բոլոր ուղղություններով։ Կոնկրետ մեր բանկի օրինակով՝ վարկային ներդրումների ծավալներն աճել են, հատկապես, տուրիզմի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և հիպոթեկային վարկավորման  ոլորտներում։

Osipyan2

Իսկ 7%-անոց տնտեսական աճի էֆեկտը զգո՞ւմ եք։

– Միանշանակ։ Տնտեսական աճը բանկային համակարգը «զգում է» երկու ուղղությամբ՝ վարկերի նկատմամբ առողջ պահանջարկի աճ և վարկային պորտֆելի որակի բարելավում։ Այս երկու առումով էլ տնտեսական աճը դրական ազդեցություն է ունեցել ոչ միայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ, այլև ընդհանուր բանկային համակարգի վրա։

Հայաստանում հասարակության վերաբերմունքը բանկերի նկատմամբ, մեղմ ասած, դրական չէ։ Բանկերը ընկալվում են որպես վաշխառու՝ տոկոս «քամող» կառույցներ։ Սոցիալական ցանցերում օգտատերերը ոգևորվում և ինչոր առումով ուրախանում են, երբ բանկ կամ բանկոմատ է թալանվում։ Ո՞րն է այս վերաբերմունքի պատճառը, և ի՞նչ է պետք անել դա փոխելու համար։

– Պատճառը գալիս է նախ մեր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակից, որովհետև շատերը մինչև հիմա ճիշտ չեն պատկերացնում  բանկի առաքելությունն ու նշանակությունը: Եվրոպական երկրներում, ինչպես նաև մեզ մոտ, տնտեսական պրոյեկտների ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկերն են: Այսինքն՝ բանկերը մեծ դեր ունեն յուրաքանչյուր տնտեսության զարգացման մեջ, բայց այդ դերի, առաքելության մասին, ցավոք, մեր քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ:

Երևի այս հարցում ամենամեծ մեղավորը հենց մենք՝ առևտրային բանկերս ենք, որ քիչ ենք շփվում հասարակայնության հետ, չենք բացատրում մեր  արածը, տեղն ու դերը: Ի վերջո, բանկը կառույց է, որը ֆինանսավորում է տարբեր պրոյեկտներ և եթե հրապարակենք, թե քանի նոր աշխատատեղ է բացվել, բանկի ֆինանսավորած պրոյեկտների շնորհիվ ինչ սոցիալ-տնտեսական խնդիրներ են լուծվել, որքան հարկային մուտքեր են ավելացել, կարծում եմ` կփոխի վերաբերմունքը: Իսկ թե ինչո՞ւ է դրա մասին քիչ խոսվում՝ հստակ չեմ կարող ասել: Գուցե կարծում ենք, որ ավելի լավ է դրա մասին ուրիշները խոսեն: Բայց, ցավոք, բանկերի մասին ավելի շատ խոսում են այն հաճախորդները,  ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սպասարկել իրենց  վարկերը, կորուստներ են ունեցել: Դե նրանք էլ իրենց  սուբյեկտիվ, բացասականտրամադրություններն են տարածում:  Այնպես որ,  մենք, իսկապես,  անելիք ունենք` օբյեկտիվ կարծիք և վերաբերմունք ձևավորելու առումով:

Թվային տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են և ավելի մեծ դեր են խաղում ֆինանսական համակարգում։ Մի կողմից՝ սոցիալական ցանցերը սկսում են ֆինանսական ծառայություններ մատուցել, մտնում են բանկերի տիրույթ։ Մյուս կողմից՝ բանկերն են տրանսֆորմացվում, դառնում օնլայն, մեծ տեղ տալիս տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Այսինքն՝ բանկային համակարգը մի քանի տարի հետո չի լինի այն, ինչպիսին եղել է տասնամյակներ շարունակ։ Հայաստանի բանկայնի համակարգը պատրա՞ստ է այդ տրանսֆորմացիաներին։

– Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր զարգացումներին, կարդում  բոլոր վերլուծությունները, որոնք մեր գործընկերները և ակադեմիական շրջանակներն  իրականացնում են: Օրերս ծանոթացա ամենավերջին վերլուծություններից մեկին, որն արվել էր Չիկագոյի համալսարանի կողմից և կոչվում էր «Բանկային ծառայությունների ապագան»:

Սրանք գլոբալ նշանակություն ունեցող հարցեր են, որոնցից անհնար է անմասն մնալ։ Մեր աշխատանքի մեջ էլ ամեն օր տեսնում ենք, թե սոցմեդիայի ազդեցությունն ինչպես է մեծանում, ինչպես են աճում ինտերնետի միջոցով կատարվող գործարքների թիվը, էլեկտրոնային առևտուրը։ Կամ՝ ինչպես է արտերկրում լայն տարածում գտնում, այսպես կոչված, P2P (peer-to-peer) բանկինգը, երբ սուբյեկտները մեկը մյուսին ֆինանսական ծառայություններ է մատուցում  առանց միջնորդի` ուղիղ եղանակով:

Այս ամենն անխուսափելի է, ինչպես և անխուսափելի է բանկային համակարգի դերի փոփոխությունը: Սրա հետ չի կարելի հաշվի չնստել։ Ու մենք էլ՝ բանկի  գործադիր մարմնի ու խորհրդի անդամների մասնակցությամբ, պարբերաբար քննարկումներ ենք անում` մեր տեսլականը հստակեցնելու ու մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար։

Այս ամենով հանդերձ՝ մի կարևոր բան նշեմ։ Այո, ֆինանսական համակարգի դերն ու մոտեցումները փոխվելու են, սակայն բանկը՝ որպես վստահության խորհրդանիշ, պահպանելու է իր տեղն ու նշանակությունը։ Այլ համակարգերն այդ վստահության մակարդակը չունեն։ Բանկերը պետք է օգտագործեն իրենց այս առավելությունն ու դրանով «զինված»՝ փոխվեն, կատարելագործվեն, կրճատեն ծախսերն ու գնան  թվային տիրույթ, որպեսզի կարողանան մրցակցել թվային, դինամիկ ու ավելի էժան ծառայություններ առաջարկող համակարգերի հետ:

Ավանդական ֆինանսական համակարգի համար այսօրվա ամենալուրջ մարտահրավերներից մեկն էլ կրիպտոարժույթներն են։ Հայաստանում մայնիգով սկսել են ավելի շատ հետաքրքրվել։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Եկեք միասին վերլուծենք՝ կրիպտոարժույթների համակարգն անանուն է, այսինքն՝ անվերահսկելի  և թողարկվում է մասնավորի կողմից։ Դա ուղղակի հակասում է փողերի լվացման ու ահաբեկչության դեմ պայքարի մոտեցումներին։ Անանունությունը թույլ է տալիս կրիպտորարժույթով զենք ու թմրանյութ գնել, այլ ապօրինի գործարքներ կատարել։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են աշխարհի գերհզոր երկրները թույլ տալ, որ կրիպտոարժույթների համակարգը տարածվի ու զարգանա, թույլ տալ, որ կրիպտոարժույթով գործարքներ կատարվեն։ Իմ  կարծիքով,  դա` նկատի ունեմ առաջին հերթին բիթքոյնը, որոշ երկրների հատուկ ծառայությունների պրոյեկտն է։ Նպատակը հենց վերը նշված ապօրինի գործարքները, ամբողջ “կեղտը” մի տեղ կենտրոնացնելը,  տեսադաշտում պահելն ու  վերահսկելի դարձնելն  է։

Այո, համաձայն եմ՝ Հայաստանում էլ կրիպտոարժույթների նկատմամբ որոշակի հետաքրքրություն է նկատվում։ Ինձ էլ բազմաթիվ  մարդիկ դիմում են՝ խորհուրդ են հարցնում: Պատասխանում եմ, որ ես ռացիոնալ ներդրումների դպրոցի կողմակից եմ, ոչ թե զգայական: Բիթքոյնի դեպքում ամեն ինչ անանուն է, չկա վերահսկողություն, հասցեատեր, ոչ ոք չգիտի բիթքոյնի վերջնական քանակը և այլն։ Բոլորը խոսում են մայնինգի մասին, բայց գրեթե ոչ ոք հստակ չի պատկերացնում՝ դա ինչպես է արվում։ Սա ինձ հիշեցնում է ֆինանսական բուրգը, որի դառը պտուղները մեր հասարակությունը քաղել է։ Այդ իսկ պատճառով ինձ համար լիովին հասկանալի ու ընդունելի է Հայաստանի ֆինանսական կարգավորիչի վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ։

Ասում եք, որ դա մտածված պրոյեկտ է։ Հնարավոր չէ՞, որ այդ պրոյեկտը վերահսկողությունից դուրս գա, ու բանկերը պարտվեն այդ մրցակցության մեջ։

– Չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, քանի որ ֆինանսական շուկաները գտնվում են խիստ կարգավորման ներքո և աշխարհում ոչ ոք, գոնե առաջիկա 20-30 տարում, թույլ չի տա մասնավորին  իրականացնել պետության կարևորագույն գործառույթներից մեկը` փողի թողարկումը: Իսկ ինչ վերաբերում է կրիպտոարժույթներին, ապա, անկասկած, 5-10 տարվա ընթացքում թղթային փողին կփոխարինի էլեկտրոնային փողը, որը կթողարկվի պետության կողմից  և դա էլ կլինի մեր կրիպտոարժույթը:

Ասեմ ավելին, աշխարհում գոյություն ունեն մասնավորի կողմից թողարկված 1600-ից ավել տեսակի կրիպտորաժույթներ և այժմ ամբողջ աշխարհում  քննարկվում է դրանց որոշակի կարգավիճակ տալու հարցը: Շատ երկրների ֆինանսական կարգավորողները կրիպտոարժույթները դիտարկում են  որպես արժեթուղթ կամ ֆինանսական ակտիվ, սակայն ոչ դրամական միավոր:

Պետք է նշեմ, որ  կրիպտոարժույթների հիմքում դրված են հրաշալի տեխնոլոգիաներ,  որոնք կարելի է ներդնել բանկային համակարգում։ Խոսքը բլոկչեյնի մասին է, որը հիմա մեր ուշադրության կենտրոնում է և ուսումնասիրում ենք բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները: Ամեն ինչ պետք է անենք, որ մրցունակ լինենք` նոր տեխնոլոգիաներ կիրառելով էժանացնենք բանկային ծառայությունները:  Ես  վստահ եմ, որ  բանկը մնալու է որպես բանկ՝ պարզապես ուրիշ որակի և բնույթի ծառայություններ մատուցելով, քանի որ, ինչպես արդեն նշեցի, վստահության գործոնը շատ կարևոր է։ Երբ դրամական փոխանցում եք անում, ձեզ համար պետք է տեսանելի լինի՝ ով է այդ ամենի պատասխանատուն։ Իսկ ամենավստահելի պատասխանատուն բանկն է՝ իր պատմությամբ, հեղինակությամբ և լոգոյով:

Պրն Օսիպյան, թվային տեխնոլոգիաների այս սրընթաց զարգացումն ու բանկերի տրանսֆորմացիան նշանակո՞ւմ է արդյոք, որ բանկերը կհրաժարվեն իրենց աշխատակիցների մեծ մասից։ Գործի մեծ մասը կանեն ծրագրերն ու ռոբոտները։

– Ինչ խոսք, նոր տեխնոլոգիաները հեղափոխություն են անելու նաև աշխատուժի մասով։ Ամեն ինչն է փոխվելու՝ մարդկանց աշխատանքի  ձևը, վայրը։ Չի բացառվում շատերը սկսեն տնից աշխատել, աշխատավայր հասկացության իմաստն է փոխվում։

Նույն բանկերի մասնաճյուղերի իմաստն ու տրամաբանությունը ևս փոխվելու է, դրանք դառնալու են ավելի շատ ժամանցի վայրեր, որտեղ հաճախորդը կարող է գալ, սուրճ խմել և թվային եղանակով կատարել իր գործարքները։ Իհարկե,  տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեծանում է, բայց չենք կարող հրաժարվել մասնագետներից: Կրճատումներ,  անխուսափելիորեն կլինեն, սակայն ոչ շատ արագ: Մենք հիմա էլ արդյունավետությունը բարձրացնելու համար սկսել ենք ավելի շատ ոլորտներում արհեստական ինտելեկտ կիրառել: Այդտեղ մարդու կարիք չկա և համակարգիչն  ինքնուրույն է որոշումներ կայացնում:  Դա կարող եք կոչել ռոբոտիզացիա, բայց, այդ ամենով հանդերձ, մարդու գործոնն ու դերակատարությունը չի վերանում։ Մարդն ինքն է առաջադրանքները ձևակերպում այդ նույն տեխնոլոգիաների համար, ինքն է ուղղություն տալիս, կառավարում ռիսկերը։ Այնպես որ, իմ գնահատմամբ, դեռ առաջիկա 10 տարիների ընթացքում մարդու ուղեղը լինելու է առաջնային, այնուհետև այդ նժարը կարող է փոխվել արհեստական ինտելեկտի օգտին։

Պրն Օսիպյան,  խորհրդարանը արդեն ընտրեց հանրապետության նախագահին, առաջիկայում որոշվելու է վարչապետի հարցը։ Սովորաբար նման քաղաքական իրադարձությունները սպասողական տրամադրություններ են առաջացնում և պասիվացնում տնտեսական շարժը։ Բանկային համակարգի վրա զգո՞ւմ եք քաղաքական պրոցեսների ազդեցությունը, և ի՞նչ սպասելիքներ ունեք 2018-ից։

– Այո, այդ սպասումները տնտեսության մեջ կան, բայց ես միշտ ասում եմ ու հիմա էլ ուզում եմ կրկնել՝ մեզ մոտ    ձևավորված  է մի շատ  կարևոր մշակույթ. մեր պետական այրերն, ի պատիվ իրենց, զերծ են պահում տնտեսությունը և բանկային համակարգը քաղաքական բոլոր պրոցեսներից: Այսինքն՝ մենք կախվածության մեջ չենք ընտրություններից և անձերից, որը շատ մեծ առավելություն է:

Իհարկե, որպես բանկ, որպես ռիսկ գնահատող` մենք գնահատում ենք բոլոր ռիսկերը, այդ թվում նաև քաղաքական, նայում են զարգացման բոլոր սցենարները, բայց համոզված եմ, որ ամեն ինչ ընթանալու է սահուն և պարզ։

Սպասումները դրական են, ազդակները՝ նույնպես, թե՛ ներդրումների, թե՛ անշարժ գույքի շուկայի, թե՛ տնտեսության բոլոր մյուս ուղղություններով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։