Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանում ՀՀ դեսպան Մանասարյանը կարևորեց փոխադարձ տնտեսական կապերի զարգացումը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են, սակայն անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական կապերը։ Հայ-չինական հարաբերությունների, նախատեսվող ծրագրերի, Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ։ Հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Պրն Մանասարյան, Հայաստանն ու Չինաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Շուրջ 3 տարի է, ինչ վարում եք դեսպանի պաշտոնը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը:

– Պետք է անկեղծորեն ասել, որ տնտեսական համագործակցությունը մի փոքր ետ է մնում, բայց, հուսով ենք, որ կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների: Որոշ նախագծեր քննարկման փուլում են գտնվում: Չինաստանը մեզ համար դարձել է երկրորդ առևտրային գործընկերը ապրանքների ծավալով և այստեղ էլ բավականին մեծ հնարավորություններ կան թե՜ արտահանման, թե՜ ներմուծման մասով:

– Ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2019-20 թվականների համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ է Հայաստանի դեսպանությունն այժմ ակտիվ աշխատանքներ տանում:

– Մեզ համար այսօր շատ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը: Դա լինելու է մեր հիմնական ուղղություններից մեկը՝ ներդրումային ծրագրերի իրականացում, համատեղ ձեռնարկությունների բացում, տեղեկատվական ոլորտում ռեալ համագործակցություն: Ցանկանում եմ, որ հայ գործարարներն ավելի ակտիվ լինեն Չինաստանի հետ համագործակցության խնդրում: Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ Չինաստանը կազմակերպում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, սակայն հայ գործարարները այնքան էլ ակտիվ չեն մասնակցում դրանց: Իհարկե, դա էլ ունի իր բացատրությունը, բայց տնտեսական ոլորտն այն ուղղություններից է, որտեղ, իրոք, պետք է ակտիվ լինել, որպեսզի կարողանանք հասնել հաջողության: Նույնը հորդորում ենք չինացի գործընկերներին՝ ավելի ակտիվ մասնակցելու հայկական միջոցառումներին: Բավականին բարձր հաճախականությամբ չինական ընկերության ներկայացուցիչներն այցելում են Հայաստան, փորձում են հասկանալ բիզնես մթնոլորտը մեր երկում, ներդրումային դաշտի յուրահատկությունները: Դա պետք է շարունակվի և, ի վերջո, կտա իր արդյունքը:

-Այժմ Պեկինում ընթանում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովը: Չինաստանի իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն այդ գագաթնաժողովից։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ինչ քայլեր է ձեռնարկում և որն է Հայաստանի դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

– Կարծում եմ, այս նախաձեռնության շրջանակում մեզ համար կարևոր է լոգիստիկ հարցերի մեջ մեր մասնակցությունը գտնել կարողանալը: Խոսքը առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, և այս աշխատանքները կատարվում են: Միևնույն ժամանակ այլ ոլորտներում էլ նույնպես աշխատաքներ են իրականացնում: Այս տարի Հայաստանից մասնակցում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այստեղ համապատասխան փաստաթղթեր է ստորագրելու: Յուրաքանչյուր ակտիվություն, յուրաքանչյուր ձեռքբերում տնտեսական ոլորտում կարելի է որակել նաև որպես քայլ այս նախաձեռնության շրջանակում: Դրանք կարող են լինել լոգիստիկ, էներգետիկ, բնապահպանական ծրագրեր, համագործակցություն անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այս ամենը կարող ենք իրականացնել այս նախաձեռնության շրջանակում: Նախաձեռնությունը սկսվեց, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հռչակեց «Մեծ մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որն այնուհետև վերաձևավորվեց որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Գաղափարախոսությունը հետևյալն է՝ գլոբալիզացիայի միջոցով, տնտեսությունների փոխկապակցման և ինտեգրման արդյունքում գալ հասնել սոցիալական մակարդակի բարձրացման ու ավելի բարեկեցիկ կյանքի:

-Հայաստանի եւ Չինաստանի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կան: Արդյոք նախանշվա՞ծ են հստակ ուղղություններ:

– 2-3 տարի առաջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների քանակը կազմում էր շուրջ 3 հազար մարդ տարվա կտրվածքով: 2018 թվականին այն կազմել է մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Դա քիչ է, բայց դինամիկան շատ բարձր է: Այս դինամիկան հույս է տալիս, որ զարգացումը շարունակվելու է: Այդ նպատակով զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված ընկերությունները պետք է հասկանան, որ կան բաղադրիչներ՝ առանց որոնց հնարավոր չէ զարգացնել զբոսաշրջությունը: Ակնհայտ է, որ պետք է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, չինարեն խոսող զբոսավարներ, չինական բաղադրիչներով խոհանոցներ հյուրանոցներում և այլն, և դա իրականացվում է: Իհարկե, ամենամեծ խոչընդոտը ուղիղ չվերթի բացակայությունն է, բայց անգամ չվերթի բացակայության պարագայում մենք ունենք դինամիկա, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չինացիների համար հետաքրքրությունն է ներկայացնում: Ուղիղ չվերթը կլինի թվերի բարձրացման հետ՝ չի կարող առանց ուղևորների չվերթ լինել, և ուղևորներ ունենալու պարագայում չի կարող չվերթ չբացվել: Պետք է աչալուրջ լինել՝ եթե այդ զբոսաշրջիկների թիվը ավելանա, արդյոք կկարողանա՞նք սպասարկել այդ քանակությամբ զբոսաշրջիկների:

– Պրն Մանասարյան, ի՞նչ կասեք Չինաստանում հայ համայնքի կենսագործունեության մասին: Որքա՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում այստեղ ապրող հայ մարդիկ:

-Չինաստանում ժամանակավոր ապրող հայերի թիվը շատ դժվար է գնահատել, որովհետև հիմնական զանգվածը կազմում էին ուսանողները և որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք անձնական պայմանագրով էին աշխատում: Վերջերս բավականին մեծ քանակությամբ մարդիկ են ավելացել, ովքեր հիմնականում դասավանդում են անգլերեն: Մեր գնահատականներով՝ մոտ 700-800 հայ կա, սակայն նրանք ցրված են Չինաստանով մեկ:

-Ամփոփելով 2018 թվականը՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների գործունեության մեջ:

– 2018 թվականի հաջողություններից մեկը այն է, որ կարողացանք ամրապնդվել Ցինդաո քաղաքում, որտեղ ստեղծվել է բիզնեսի զարգացման գրասենյակ: Գրասենյակը գործում է բավականին ակտիվ, և դա կնպաստի ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը: 2018-ին Հայաստանում բացվեց չինական դպրոց, որը նույնպես մեծ հաջողություն է: Ավելացել է Հայաստանում սովորող չինացի ուսանողների քանակը, և շատացել են բնագավառները մասնագիտական առումով: Դա նույնպես լուրջ նվաճում է և, հուսով եմ, գնալով այն կզարգանա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: