Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուր են գնում ուղղակի օտարերկրյա ներդրումները

Վերադարձ լուրերի բաժին

Ապրիլին Global Finance ամսագիրը հրապարակել էր ուղղակի օտարերկրյա ներդրումներ (FDI) ներգրաված երկրների վարկանիշը: Այն ներկայացնում է 2018 թ. դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրում ներգրավելու հարցում ամենահաջողակ և ամենազգալի բարեփոխումներ իրականացրած 20 երկրների ցանկը: Ցուցակում ընդգրկվել են այն երկրները, որոնք կարողացել են օրենսդրությունը և բիզնես կարգավորումներն այնպես փոփոխել, որպեսզի օտարերկրյա ուղղակի ներդրումները հոսեն դեպի իրենց ազգային բյուջե:

Ըստ Global Finance-ի հետազոտության՝ որոշ երկրներ օտարերկրյա ներդրողներին գայթակղում են բնական պաշարներով: Կան երկրներ, որոնք ներդրողներին են գրավում մարդկային ռեսուրսներով: Իսկ որոշ պետություններ իրենց տնտեսության մեջ օտարերկրյա ֆինանսական հոսքերն ապահովում են հարկային լայն արտոնություններ սահմանելով և թափանցիկության ոչ խիստ ռեժիմով: Ինչ խոսք, կան նաև երկրներ, որոնք ձգտում են համատեղել վերոնշյալ բոլոր նպաստավոր պայմանները:

Հետազոտողներից Քորթնի ՄքՔաֆրին (Courtney McCaffrey) ասում է. «Ամեն ինչ սկսվում է խոշոր ներդրողների ցանկությունները բավարարելուց և հետագայում ցանկությունների փոփոխության դեպքում դրանց հարմարվելուց: Ներդրողները հաշվի են առնում և՛ շուկայի ակտիվները, և՛ կարգավորիչ գործոնները»: Նա շեշտում է, որ վերջին ժամանակներում ներդրողներն ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել կառավարմանը և կարգավորող գործոններին: «Եթե երկրները ցանկանում են գրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն կառավարման խդիրներին»,- հուշում է փորձագետը:

Որպես օտարերկրյա ներդրումների համար բարեպաստ միջավայր ստեղծելու և երկրի կարգավորող գործոնների բարելավման ճանապարհ մասնագետները նշում են մի քանի կարևոր քայլ՝ տվյալ երկրում ներդրողների համար գործունեություն ծավալելու ապահովություն և անվտանգություն, գործարարության կարգավորման և վեճերի հանգուցալուծման մեխանիզմների բարելավում, կորպորատիվ հարկերի նվազեցում:

Վերոնշյալ գործոններից բացի Global Finance-ը վարկանիշը կազմելիս հաշվի է առել ևս 2 կարևոր ցուցանիշ՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» և Խաղաղության համաշխարհային ցուցիչը:

Եվ այսպես, Global Finance-ի վարկանիշի համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու առումով 20 չեմպիոն երկրներն են՝
1) Մացյալ Թագավորություն, 2) Սինգապուր, 3) Նիդերլանդներ, 4) Իռլանդիա, 5) Ավստրիա, 6) Լյուքսեմբուրգ, 7) Պորտուգալիա, 8) Կիպրոս, 9) Ադրբեջան, 10) Գանա, 11) Հոնկ-Կոնգ, 12) Շվեդիա, 13) ԱՄՆ, 14) Մալայզիա, 15) Պանամա, 16) Մոզամբիկ, 17) Բելգիա, 18) Ալբանիա, 19) Վիետնամ, 20) Իտալիա:

Հիշեցնենք, սրանք այն երկրներն են, որոնք անցած տարվա ընթացքում կատարել են ամենահաջող փոփոխությունները, որոնց շնորհիվ օտարերկրյա ուղղակի ներդրում կատարելը դարձել է գրավիչ և հեշտ: Ցուցակում, ինչպես տեսնում եք, Հայաստանի անունը չկա: Եվս մեկ գործոն, ըստ որի կազմվել է այս ցուցակը, ներդրողների պաշտպանվածությունը և տվյալ երկրում գործունեություն ծավալելու ապահովությունն է: Ամուլսարի հետ կապված իրադարձությունները, թերևս այլ բան են հուշում մեր երկրում ներդրողների և ներդրումների պաշտանվածության և գործունեություն ծավալելու ապահովության վերաբերյալ:

Հայաստանը, որով ամբողջ աշխարհը հիացավ թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխություն իրականացնելու համար, դեռ չի կարողացել ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումների լուրջ քանակ և հոսք: Միգուցե պոտենցիալ ներդրողները սպասում են մեր երկրի կառավարության և ներդրողներից մեկի՝ Լիդիանի միջև ծագած վեճի հանգուցալուծմա՞նը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհին վստահեցնում է, որ նոր Հայաստանում պետությունը երաշխավորելու է ներդրողների ապահովությունը և որ յուրաքանչյուր ներդրող պաշտպանված է լինելու: Մի քանի օր առաջ էլ նա վստահեցրեց, որ ներդրումների ներգրավման առումով իր ղեկավարած կառավարությունն ընթանում է ճիշտ ուղով:


Այդուամենայնիվ, Global Finance-ի` օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու առումով չեմպիոն երկրների ցուցակում Հայաստանը չկա: Այսինքն՝ վերլուծական կենտրոնի փորձագետները չեն համարում, որ մեր երկիրը զգալի քայլեր է ձեռնարկել օտարերկրյա ներդրողներին գրավելու, նրանց ցանկություններն ու հետաքրքրությունները հաշվի առնելու և նրանց ներդրումը պահելու և ավելացնելու ուղղությամբ:

Ցավալի է, բայց նույն կենտրոնի մեկ այլ ցուցակում, որտեղ ներկայացված են նորեկները, Հայաստանը նույնպես չկա: Մեր երկիրն ընդգրկված չէ նաև FDI հսկաների ցուցակում: Իսկ հսկաների մեջ կարելի է հանդիպել այնպիսի երկրների անուններ, ինչպիսիք են օրինակ՝ Լյուքսեմբուրգը, Սուրինամը, Չադը, Մյանման, Ադրբեջանը, Ռուանդան, Պաղեստինը, Թուրքմենստանը, Զիմբաբվեն, Գաբոնը, Գանան, Եթովպիան և այլ երկրներ: Որպես վերջաբան՝ Global Finance-ի մասնագետները շեշտել են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ցուցիչը կազմելիս հաշվի են առել գործոնների մի ամբողջ բույլ: Դրանք ընդգրկում են և՛ վերոնշյալ խթանող միջոցառումները, և՛ FDI-ի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում, և՛ տվյալ երկրի խաղացած դերը համաշխարհային տնտեսության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը

Վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Չինաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը

ՉԺՀ վարչապետն ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար: