Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերադարձ լուրերի բաժին

09:00 , 17 Հոկտեմբեր 2018

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ով իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։ Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» շարժումը դեռ շարժման սկզբից և դրանից առաջ դեմ էր արտահայտվում արագաչափերին և կարմիր գծերին։ Իսկ Հայկ Մարությանն անձամբ 2013 թվականին դեմ էր հասարակական տրանսպորտի թանկացմանը՝ 100 դրամը 150 դրամ դարձնելուն։

Քաղաքապետի կողմից այդ օրը հնչած մտքերը, մեղմ ասած, համահունչ չէին իր նախկին մոտեցումներին, ինչի պատճառով սկիզբ առավ բուռն քննադատություն, որ քաղաքային իշխանությունն այսօր անում է այն, ինչ նախկինում քննադատում էր։ Բանը հասավ այնտեղ, որ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանեց, որ իր ասածները սխալ են ներկայացվել մամուլում։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա, դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»,- գրել էր Հայկ Մարությանը՝ կոչ անելով միշտ դիտել տեսանյութը և չհավատալ հոդվածների վերնագրերին։

Մինչև առաջ անցնելը, որպեսզի տարընթերցումներ չլինեն, նախ ներկայացնենք Հայկ Մարությանի խոսքերի սղագրությունը։

Ի՞նչ է ասել Հայկ Մարությանը

Կարմիր գծերի հետ կապված

«Քայլերթերից մեկի ժամանակ մի հետաքրքիր խոսակցություն ունեցա. քաղաքացիներից մեկն ինձ ասաց՝ եկեք հանենք այդ կարմիր գծերը։ Ես ասացի՝ եկեք հենց հիմա այստեղ, այս ժողովրդավարական պրինցիպով հասկանանք՝ հանե՞նք, թե՞ ոչ։ Գիտեք, որ ամբողջ աշխարհում պարկինգի գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Ասեցի՝ եկեք այսպես անենք՝ դուք համաձա՞յն եք՝ կարմիր գծերը հանենք, այդ գումարը չհավաքենք, և այդ գումարով նախատեսված մանկապարտեզները, որ պետք է վերանորոգենք՝ չվերանորոգենք։ Դուք ասեք։ Մենք՝ մեր թիմը, իրականում ի՞նչ ենք անում. մենք ուղղակի կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդը ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք՝ խնդիր չկա։ Բայց ես էլ ասում եմ՝ կարմիր գծերը հանեցինք, այսքան գումար պակասեց, օրինակ՝ այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու կամ այսքան խնդիր քիչ ենք լուծելու։ Մենք ենք որոշելու, ուզո՞ւմ եք՝ գույքահարկերն էլ հանենք, ընդհանրապես գումար չհավաքվի, և չկարողանանք ոչ աղբահանություն ապահովել, ոչ տրանսպորտ, և այլն, և այլն։ Այսինքն, այս բոլոր գումարները որ հավաքվում են, եթե առաջ հավաքվում էր, գնում էր ինչ-որ մեկի գրպանը, դա չի լինելու, հիմա գնալու է քաղաքային բյուջե, և միայն մենք՝ Երևանի բնակիչներս ենք որոշելու՝ հավաքե՞նք, թե՞ ոչ։ Հավաքենք՝ ինչ-որ մի հարց լուծե՞նք, թե՞ չհավաքենք՝ այդ հարցը մնա չլուծված»։

Տրանսպորտի սակագնի հետ կապված

«Ես ինչո՞ւ էի դեմ, որովհետև տեղափոխվելու իրավունքը ամենակարևոր իրավունքներից է, որ մարդիկ պետք է ունենան, և այն ժամանակ դա լուրջ խնդիր էր առաջացնում։ Չեմ ասում՝ թանկանալու է, բայց շատ զավեշտալի է, որ 2013 թվականից՝ 5 տարվա ընթացքում, ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից՝ լուցկու, կարագի և այլն։ Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք։ Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չի: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու մեջ: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տեղափոխվելու միջոցները պիտի փոխվեն, և նոր խոսենք գների մասին:

Գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար մենք նույնպես պետք է միասին որոշենք: Երևանի բնակիչներին պետք է ասենք՝ տրանսպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է: Թիվը կոնստանտ է, չի փոխվելու: Հիմա մենք սուբսիդավորենք դա, և քաղաքացիների համար չթանկանա, բայց սուբսիդավորումը, միևնույն է՝ քաղաքային բյուջեից է գնալու, և քաղաքական բյուջեով ինչ-ինչ հարցեր չի լուծվելու: Ես միշտ բերում եմ մանկապարտեզների վերանորոգման օրինակը կամ դպրոցների բակերի բարելավման, և այլն: Այսինքն՝ այդ հարցերը չենք լուծելու և մենք սուբսիդավորելու ենք տրանսպորտը, թե մենք ուզում ենք մի փոքր թանկանա տրանսպորտը, և այդ հարցերը լուծենք»:

Ի՞նչ է նկատի ունեցել Հայկ Մարությանը

Նոր քաղաքապետը ո՛չ տրանսպորտի թանկացման, ո՛չ էլ կարմիր գծերի պահով հստակ պատասխան չի տալիս՝ այդ որոշումը թողնելով քաղաքացուն։ Սակայն հարցին առավել խորը նայելու դեպքում Մարությանը երևանցիներին առաջարկում է ընտրություն կատարել՝ ինչից հրաժարվել։ Կարճ ասած, սա զրո միավոր խաղ է. քաղաքապետն ասում է՝ դուք որոշեք, եթե կարմիր գծերից հրաժարվում ենք, հետո մեզ չմեղադրեք, թե ինչո՞ւ այսինչ մանկապարտեզը չվերանորոգեցինք, կամ այնինչ ծրագիրը չարեցինք։

Կամ տրանսպորտի պահով՝ մեսիջը հետևյալն է. դուք որոշեք՝ ցանկանում եք քիչ վճարել և մնալ հուսահատության գազելների մե՞ջ, թե՞ ըմբռնումով մոտենալ, որ նորմալ տրանսպորտ ունենալու համար պետք է վերանայել սակագները։

Այսինքն, քաղաքապետարանը ինչ որոշում էլ ցանկանա ընդունել, վերջնական դաբրոն պետք է տան ընտրողները։ Հայկ Մարությանը փորձում է տեղ հասցնել այն պարզ միտքը, որ քաղաքի բյուջեն ռետինից չէ. քաղաքը զարգացնելու համար՝ փող է պետք, որը պետք է տան բնակիչները։ Կտա՞ն՝ կզարգանա, չե՞ն տան, թող չպահանջեն։ Սա շատ տրամաբանական և հիմնավորված պնդում է, սակայն երևանցիների մեծ մասի համար անսպասելի, որովհետև շատերը սպասում էին, որ քաղաքում լրջագույն փոփոխություններ կլինեն՝ առանց իրենց գրպանին կպչելու։ Անսպասելի էր նաև այն պատճառով, որ այդ թեզը հստակ, բաց տեքստով նախընտրական շրջանում տեղ չէր հասցվել, որովհետև ոչ պոպուլյար և տհաճ թեմա է՝ ընտրություններից առաջ։

Քաղաքացու որոշումը

Ինչպես նկատեցիք՝ Հայկ Մարությանը թե՛ կարմիր գծերի, թե՛ տրանսպորտի մասին խոսելիս՝ շեշտը դնում է քաղաքացու դիրքորոշման վրա։ Ինչպես երևանցիները կորոշեն՝ այնպես էլ կվարվի քաղաքապետարանը։ Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ ի՞նչ է կարծում քաղաքացին։ Մարությանն այս հարցին ի պատասխան՝ նշում է՝ հանրաքվեներով։

Իրականում դա նորություն չէր. Մարությանը դեռ նախընտրական շրջանում էր խոսել տեղական հանրաքվեների անցկացման մասին։ Ավելին, նշել էր, որ հիմնականում կլինեն օնլայն կամ թվային «հանրաքվեներ»՝ երևանցիների կարծիքը ճշտելու համար: Իսկ կարևոր նշանակության հարցերի դեպքում կլինեն դասական հանրաքվեներ՝ քաղաքի մասշտաբով։

Որքանո՞վ է սա ճիշտ։ Մի կողմ թողնենք «մանր» ու տեխնիկական հարցերը (հանրաքվեներ անցկացնելու բարդությունը, ծախսերը և այլն)՝ ընդհանրապես որքանո՞վ է ճիշտ քաղաքային նշանակության հարցերը հանրաքվեով լուծել։

Մասնագետների մեծ մասն այն համոզմանն է, որ տնտեսական որոշումները հանրաքվեով կամ ժողովրդական քվեարկությամբ չի կարելի որոշել։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ոչ պոպուլյար որոշումներին։ Պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե ԱՊՊԱ-ի ներդրումը որոշվեր հանրաքվեով. համոզված կարող ենք ասել, որ այդ կարևոր համակարգն այսօր պարզապես չէր լինի։ Կամ ի՞նչ կլինի, եթե հարկերի դրույքաչափերը որոշվեն հանրաքվեով։ Բնական է, որ յուրաքանչյուր մարդ առաջնորդվում է նախևառաջ՝ իր սեփական շահերով, և չի բացառվում, որ մեծամասնությունը կողմ քվեարկեին ընդհանրապես հարկեր չվճարելու օգտին։

Տրանսպորտի սակագինը կամ կարմիր գծերի թեման հանրաքվեի դնելն արդարացված կլիներ միայն այն պարագայում, եթե քաղաքային իշխանությունը վստահություն չվայելեր, բավարար լեգիտիմություն չունենար՝ ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու համար։ Սակայն երևանցիները 82%-անոց վստահության քվե են տվել «Իմ Քայլը» շարժմանը և լիակատար մանդատ են տվել, որպեսզի քաղաքապետն ու «Իմ Քայլի» 57 ավագանու անդամներն իրենց անունից որոշումներ ընդունեն։

Նման դեպքում հասարակական հնչեղություն ունեցող հարցերը հանրաքվեի դնելով՝ քաղաքային իշխանությունը ոչ միայն խուսափում է պատասխանատվությունից՝ այն թողնելով քաղաքացու վրա, այլև կասկածի տակ է դնում սեփական լեգիտիմությունը։ Հասկանալի է, որ այդպես ավելի անվտանգ և անշառ է։ Ասենք՝ հանրաքվեով պարզ դարձավ, որ քաղաքացիները կողմ են տրանսպորտի թանկացմանը, քաղաքային իշխանություններին թանկացման համար քննադատելու թեման ավտոմատ փակվում է։ Իսկ եթե պարզվի՝ դեմ են, ապա քաղաքի զարգացման ծրագրերի ֆինանսավորման բացակայության մեղավորը դառնում է ընտրողը։ Այդպես հարմար է, սակայն ճիշտ չէ։

Ինչո՞ւ աղմուկը նոր բարձրացավ

Որովհետև երևանցիներն իրականում ընտրում էին ոչ թե Երևանի քաղաքապետ, այլ ընտրություն էին կատարում հեղափոխության և հակահեղափոխության միջև։ Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրային դրույթները, դրանց իրատեսականությունը մղվել էր երրորդ պլան։ Հարցերը, որոնք այսօր են հնչում, պետք է հնչեին նախընտրական շրջանում։

Օրինակ, երբ Հայկ Մարությանը նախընտրական շրջանում հայտարարում էր, որ ներմուծվելու են բարձրակարգ ավտոբուսներ՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող, տաքացման և հովացման համակարգեր, հաշմանդամություն ունեցող անձերի մոտ սայլակով մուտք գործելու հնարավորություն ունեցող, ներկաները ծափահարում էին, սակայն չէին հարցնում՝ ի՞նչ է դա արժենալու և ի՞նչ փողերով է իրականացվելու։ Նույնն էր, երբ ասվում էր, որ ավարտին կհասցվի մետրոպոլիտենի «Թումո» կենտրոնի մոտ կայարանը, կամ վերելակների խնդիրը կլուծվի, որը հսկայական գումարներ է պահանջում։ Ընդհանրապես, «Իմ քայլը» դաշինքի ծրագրում տեղ գտած 47 կետերից յուրաքանչյուրը պետք է դառնար մանրամասն քննարկման առարկա, քաղաքացիները պետք է ի սկզբանե ճշտեին՝ ի՞նչ է խոստանում «Իմ Քայլը» (և մնացած ուժերը) և ինչի՞ հաշվին։ Սակայն նման հարցեր չհնչեցին, ինչը հասկանալի էր, սակայն ցանկալի չէր։

Կոնկրետ տրանսպորտի սակագնի մասին

Խոսելով կոնկրետ տրանսպորտի սակագնի մասին՝ հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին քաղաքային իշխանությունը ցանկանում էր հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից դարձնել 150 դրամ։ Բողոքն այդ նախաձեռնության դեմ ոչ թե բուն 50 դրամանոց թանկացումն էր, այլ խաբվածության զգացումը։ Հարցը ներկայացվեց այնպես, որ իբր նախաձեռնությունը գալիս է երթուղիներ շահագործող ընկերությունների կողմից։ Նրանք պատճառաբանում էին, որ թանկացել են գազը, պահեստամասերը, մնացած ապրանք-ծառայությունները, հարկային բեռն էլ այնքան ծանր է, որ 100 դրամի դեպքում հնարավոր չի լինի ապահովել հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումներ։ Ներկայացված հաշվարկն այնքան անարժանահավատ էր, որ քննարկումն անգամ անիմաստ էր դառնում։ Փաստն այն է, որ մայրաքաղաքային տրանսպորտն արդեն 5 տարի կարողանում է աշխատել 100 դրամով։

Այժմ խնդիրն այլ կերպ է դրվում։ Ոչ թե ասվում է՝ տրանսպորտը թանկացնենք, որ կարողանանք պահպանել եղածը, այլ ասվում է՝ եթե ցանկանում ենք մայրաքաղաքում ունենալ ավելի լավ տրանսպորտ, ուրեմն սակագները պետք է վերանայվեն։

Սակայն այստեղ էլ հակասություն կա։ Հայկ Մարությանը նախընտրական շրջանում մի քանի անգամ ընդգծել է, որ միասնական տոմսերի համակարգ ներդնելու դեպքում տրանսպորտը, հակառակը՝ կդառնա ավելի մատչելի։ «Դա լրիվ նոր կատեգորիայի տոմս է։ Դուք ոչ թե գնում եք միանգամյա տոմս՝ մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու համար, այլ գնում եք տոմս, որը ժամանակ է։ Դուք գնում եք 1 ժամվա տոմս, կամ՝ 1 օրվա տոմս, կամ՝ 1 ամսվա, 3 ամսվա, 6 ամսվա, 1 տարվա։ Ու եթե գնում եք, ասենք, 1 ժամվա տոմս, դուք իրավունք եք ունենում օգտվել Երևանում գտնվող բոլոր տեսակի տրանսպորտից, այդ մեկ ժամվա ընթացքում՝ քանի անգամ ուզենաք՝ նստեք-դուրս գաք։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, եթե առաջ դա անում էիք ամեն անգամ 100 դրամ տալով, դա շատ ավելի թանկ է նստում, քան նստելու է այս տոմսը»,- ասում էր Հայկ Մարությանը։

Ավելին, նաև նաև ասել էր, որ միաժամանակ պահպանվելու է 100 դրամանոց տոմսը. «Եթե դուք ուզենաք օգտվել ընդամենը 2-3 կանգառ անցնելու համար։ Սրա գինը պահելու ենք 100 դրամ, որպեսզի այն մարդիկ, ովքեր օգտվում են փոքր, կարճ ճանապարհորդությունից, իրենք չտուժվեն՝ իրենց համար գինը մնա նույնը։ Բայց հավատացնում եմ ձեզ, այդ տոմսից քիչ են օգտվելու, որովհետև այս միասնական տոմսը շատ ավելի շահեկան է և շատ ավելի հարմար»։

Ստացվում է՝ Հայկ Մարությանը խոստացել է Երևանում ապահովել բարձրակարգ տրանսպորտ՝ ավելի մատչելի սակագներով։ Այդ դեպքում ընդհանրապես անհասկանալի է դառնում՝ ինչի՞ համար է այս ամբողջ լարվածությունը, տրանսպորտի թանկացումը հիմնավորելու փորձերը և հանրաքվեի մասին խոսակցությունը։

Չնայած մյուս կողմից՝ երևի հանրաքվեի միջոցով քաղաքային իշխանությունը կկարողանա ավելի՛ ճշգրիտ ներկայացնել իր խոստումները։ Իսկ ավելի լայն իմաստով՝ տեղական հանրաքվեներն այն «գինն են», որը վճարվելու է Երևանի ավագանու ընտրությունները Երևանի խնդիրներից տարանջատելու դիմաց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: