Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուշագրավ որոշման նախագիծ՝ կառավարության նիստի օրակարգում

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:22 , 20 Հուլիս 2016

ՀՀ կառավարության վաղվա՝ հուլիսի 21-ի նիստի օրակարգում տեղ է գտել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը։

Ինչպես նշվում է որոշման նախագծում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Կառավարության կայքում նաև որոշ մանրամասներ են ներկայացված։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հիդրո Կորպորացիա» ընկերության նպատակն է վերազինել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն համայնքում կառուցած Արգիչի գետի ՓՀԷԿ-ը, որը հանդիսանում է 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ և 9500մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգոկասկադ: Հիդրոէներգոկասկադը օգտագործելով նշված տարածքի գետի պոտենցիալը` արտադրելու է էլեկտրոէներգիա: Այս նպատակով՝ ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.89 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 850 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կպահպանվի 15 գործող աշխատատեղը` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 170, 2017թ.- 200 և 2018թ.-210 հազ. դրամ, և վերազինման նպատակով կստեղծվի շուրջ 10 ժամանակավոր աշխատատեղ:

Թվում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա։ Կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստում որոշվում է արտոնություն տալ այս կամ այն ընկերությանը, որը ներդրումային նպատակներով իրականացնում է 300 մլն դրամը գերազանցող ներմուծում։
Այս դեպքում էլ՝ ընկերությունը մոտ 8 մլն դոլարի ներդրում է պատրաստվում անել, աշխատատեղեր ստեղծել, ու այդ նպատակով 850 մլն դրամի սարքավորումներ է բերում։
Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Թուրքական ապրանքի գործոնը

Պարզվում է՝ ընկերությունն այդ սարքավորումները ներմուծում է Թուրքիայից։ Չէ, իհարկե, մենք բաց տնտեսություն ենք և Թուրքիայի հետ նորմալ ծավալների առևտրաշրջանառություն ունենք։

Սակայն նույն կառավարությունը 2 ամիս առաջ քննարկում էր թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու հնարավորությունը։ Իսկ այսպես, ստացվում է, խրախուսում է ներմուծումն այդ երկրից։

Ընդ որում, այնպես չէ, որ ներմուծվելիքը բարդ սարքավորումներ են և հնարավոր է բերել միայն Թուրքիայից։

turkey-xoxovak

Խոսքը գնում է ապակեմանրաթելային խողովակների մասին։ Ընկերությունը Թուրքիայից ներմուծում է Մ 1400 մակնշման այդպիսի խողովակ՝ 1025 տոննա ծավալով։ Արտաքին առևտրի կոդն է 7019՝ ապակեմանրաթել և արտադրանք դրանից։

Մասային վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին այս նույն կոդով Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 680 տոննա ապրանք՝ շուջ 15 երկրներից։ Դրանից 226 տոննան ներմուծվել է Թուրքիայից, 182 տոննան՝ Չինաստանից, 141.6 տոննան՝ Ռուսաստանից, 112.4 տոննան՝ Իրանից։ Ընդ որում, մաքսային արժեքի և ծավալի համեմատությունից երևում է, որ իրանական ու ռուսական մանրաթելն ավելի էժան է։ Իհարկե, հնարավոր է, որ կան որոշ տեխնիկական նրբություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան այս արտադրանքի միակ մատակարարը չէ։

Որպեսզի ասվածը սխալ չընկալվի՝ հատուկ ընդգծենք՝ ընկերության իրավունքն է՝ որոշել ինչ գնել, որտեղից գնել, և ինչ գնով գնով։ Այս ամենը նպատակ ունի ցույց տալ կառավարության գործողությունների միջև նկատվող հակասությունը։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Ֆիննախը համաձայն չէ արտոնությանը

Պարզվում է՝ ֆինանսների նախարարությունը դեմ է այս ընկերության ԱԱՀ-ն հետաձգելու որոշմանը։

«  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն, ապրանք­ների ներ­մուծ­ման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու համար անհրաժեշտ է, որպեսզի ապրանքների ներ­մուծումն իրականացվի ներդրումային ծրագրերի շրջանակում: Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնա­սիրու­թյու­­նից, սակայն, ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի էությունը պարզ չէ, քանի որ փաստաթղթերում, ըստ էության, որպես ներդրումային ծրագիր է ներ­կա­յաց­վել ապա­­կեմանրաթելային խողովակների ներմուծումը: Ավելին, ներկայացված փաստա­­թղթերի համա­­­­ձայն, ապակեմանրաթելային խողովակներիe ներմուծմանը հաջորդող երկու տարիների ընթաց­­­քում ընկերության կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալ­ները այդ ապրանք­ների ներմուծման տարվա համեմատությամբ նվազելու են, ինչը անհաս­կա­նալի է, քանի որ ներդրու­­­­մային ծրագրերի իրականացումը պետք է ուղղված լինի արտադրական ներուժի զար­գաց­մանը և արտադրու­թյան ծավալների ընդլայն­մանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետների հետաձգման արտոնությունից օգտվելու հնարավորության ընձեռումը նպատակահարմար չէ», – նշված է ֆինանսների նախարարության եզրակացության մեջ:

Դիմումի հետ կապված տեխնիկական բնույթի մի քանի բացթողումներ է նշել նաև Պետական եկամուտների կոմիտեն։

Ու չնայած սրան՝ կառավարությունը որոշում է բավարարել ընկերության դիմումը, 3 տարով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը (որը կազմում է մոտ 1.7 մլրդ դրամ)

Մերժված, ետ եկած

Կառավարությունը արդեն մեկ անգամ՝ 2013 թվականի օգոստոսին, մերժել էր այս ընկերության դիմումը՝ ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու հետ կապված։ Ընդ որում, ընկերությունը այն ժամանակ նույնպես ցանկանում էր ապակեմանրաթելային խողովակներ ներմուծել Թուրքիայից՝ գրեթե նույն ծավալով (862 մլն դրամի)։ Նպատակն էլ նույնն էր՝ «Հիդրո Կորպորացիան» նախատեսում էր Արգիչի գետի վրա «Արգիչի ՓՀԵԿ» հիդրոէլեկտրակայան կառուցել, որը պետք է շահագործման հանձնվեր 2014 թվականին:

Չնայած այս ամենին՝ կառավարությունը ընկերության ներկայացրած ծրագիրը գնահատել էր 25.3 միավորով, որը բավարար չէ այդ արտոնությունը ստանալու համար:

Այժմ ամփոփված միջին արդյունքը 27 միավոր է։ Ամենաբարձր գնահատականը տվել է էներգետիկայի նախարարությունը (38), ամենացածրը՝ ֆինանսների նախարարությունը։

Նշենք նաև, որ Արգիչի փոքր ՀԷԿ-ի կառուցումն այն ժամանակ հարուցել էր բնապահպանների և տեղի բնակչության վրդովմունքը։ Ըստ Էկոլուրի՝ «Հիդրո Կորպորացիա»-ն ՀԷԿ-ը կառուցում է Սեւանա լիճ թափվող ամենախոշոր գետի վրա, շինարարությունն ապօրինի է և խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:

Ում է պատկանում «Հիդրո Կորպորացիա»-ն

Պետռիգիստրի կայքից հնարավոր չեղավ պարզել այս ընկերության հիմնադիրների և բաժնետերերին, քանի որ այն փակ բաժնետիրական ընկերություն է։ Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի որոշմամբ երևում է, որ այս ընկերության 50%-ից ավելի բաժնեմաս է ձեռք բերել ֆիզիկական անձ Գրիգոր Առաքելյանը։

Բանն այն է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ այդ գործարքը հանդիսանում է խառը համակենտրոնացում և ենթակա է հայտարարագրման։

Հաշվի առնելով, որ «Հիդրո Կորպորացիա» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում գործունեություն չի ծավալել` հանձնաժողովն ամրագրել է, որ նշված համակենտրոնացումը չի հանգեցնում գերիշխող դիրքի և թույլատրել է «Հիդրո Կորպորացիա» փակ բաժնետրական ընկերության և ֆիզիկական անձ Գրիգոր Առաքելյանի համակենտրոնացումը` ֆիզիկական անձ Գրիգոր Առաքելյանի կողմից «Հիդրո Կորպորացիա» ընկերության 50 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Դրանից հետո փայաբաժինների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակված չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե