Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ունենք երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ռեալ հնարավորություններ». Վարչապետն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

09:52 , 04 Սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին:

Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում: «Նախորդ տարի տոնում էինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես արդյունավետ և դինամիկ զարգացող: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և հատկապես տնտեսական կապերը խթանելու համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման և խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում: «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան: Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով: «Թումո»-ն այն տեղերից է, որտեղ ևս կարող ենք միասին աշխատել: Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները», – նշել է նա:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձևավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին և իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային և բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում:

Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարի «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում և Ճապոնիայում երկու երկրների մշակույթի օրերի անցկացման անհրաժեշտությունը, կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ձևավորել համատեղ օրակարգ և ակտիվ աշխատել այն կյանքի կոչելու համար:

Վարչապետը կարևորել է նաև հումանիտար ու գործարար կապերի սերտացումը և այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: