Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտում որքան ներդրում էր կանխատեսվում և որքանն է կատարվել. $830 մլն-ի բացվածքը

Վերադարձ լուրերի բաժին

11:26 , 15 Սեպտեմբեր 2017

Վերջին շրջանում ներդրումների թեման բավականին շատ է շոշափվել։ Նախորդ անգամ ծավալուն հոդվածով անդրադարձել էինք ՀՀ ներդրումային ցուցանիշներին և կառավարության ներդրումային խոստումներին։ Այս անգամ կրկին շարունակում ենք ներդրումների թեման, քանի որ ահագին նոր տեղեկություններ են հայտնվել այս մասով։

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն արդեն կազմել է իր գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, որտեղ ըստ առանձին ոլորտների՝ ներկայացված են գործունեության արդյունքները։ Բնականաբար՝ հաշվետվության մեջ առանձին տեղ է հատկացված ներդրումներին և, մասնավորապես, 830-850 մլն դոլարի ներդրումների խոստմանը։

Կառավարության հաշվետվության մեջ հայտարարված ներդրումների թիվն ավելի կոնկրետ է՝ 834.1 մլն դոլար։ Հիշեցնենք, որ մինչ այժմ շրջանառվում էր 830-850 մլն կամ 830-840 մլն չափը։

Ավելին, ներկայացած է նաև այդ 834.1 մլն դոլարի ոլորտային բաշխումը՝ որ ոլորտում որքան ներդրում էր կանխատեսվում։

Ինչպես կարող եք տեսնել գծապատկերում, ամենից շատ՝ 220.2 մլն դոլարի ներդրումներ (հայտարարված ծավալի 26.4%-ը), նախատեսվել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում։ Այս գումարի հիմնական մասը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող ներդրումներն են Ամուլսարի ոսկու հանքավայրում։

Ըստ ներդրումների ծավալի՝ երկրորդ տեղում տրանսպորտի և կապի ոլորտն է (119.5 մլն դոլար), երրորդը՝ քաղաքաշինությունը (111.5 մլն դոլար)։

invv01

Իսկ դրանց ո՞ր մասն է կատարվել։

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն օրերս պարզաբանում էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ հայտարարված ներդրումների շուրջ 40%-ը տարվա առաջին կիսամյակին արդեն իսկ իրականացվել է։

Կառավարության հաշվետվության մեջ ներկայացված է ավելի երկար ժամանակահատված՝ տարվա առաջին 8 ամիսները։ Ըստ այդ տվյալների՝  2017 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արդեն իսկ կատարվել է շուրջ 376 մլն դոլարի ներդրում, ինչը հայտարարված ծավալի 45%-ն է։ Համեմատենք՝ 6 ամսում իրականացվել է խոստացված ներդրումների 40%-ը, 8 ամսում՝ 45%-ը։ Եթե այս տվյալները ճիշտ են, նշանակում է, որ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում բավականին քիչ ներդրում է իրականացվել՝ ընդհանուրի 5%-ը։ Ինչևէ, կառավարությունը հավաստիացնում է, որ ներդրումները խոստացված ծավալով կլինեն, քանի որ դրանց մեծ մասը ծրագրված էր հենց տարվա վերջին ամիսներին։

Սակայն այս 45% կատարողականի ցուցանիշն ավելի հետաքրքիր է դառնում, երբ դիտարկում ենք ըստ ոլորտների։ Այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտում հայտարարված ներդրումների քանի՞ տոկոսն է արդեն իսկ իրականացվել։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, ամենաբարձր կատարողականը՝ 71%, գրանցվել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում. հայտարարված 220.2 մլն դոլարից տարվա առաջին 8 ամիսներին ներդրվել է 155.4 մլն-ը:

invv02

Տարածքային կառավարման և զարգացման ոլորտում հայտարարված 79.2 մլն դոլարի ներդրումներից կատարվել է 57%-ը՝ 45 մլն դոլարի ներդրում։

Արդարադատության ոլորտում ներդրումների կատարողականը 53% է. հայտարարված 4.7 մլն դոլարի ներդրումներից իրականացվել է 2.5 միլիոնը։

Ամենացածր ներդրումային կատարողականը գրանցվել է մշակույթի և պետական գույքի կառավարման ոլորտներում, համապատասխանաբար՝ 4% և 3%։ Մասնավորապես, մշակույթի ոլորտում այս տարվա համար հայտարարված 1 մլն 762 հազար դոլարի ներդրումներից կատարվել է 75.3 հազարը, իսկ պետական գույքի կառավարման ոլորտում՝ 21.5 մլն դոլարից՝ 582.5 հազարը։

Ի դեպ, ներդրումների և հատկապես հայտարարված այս 834 մլն դոլարի մասին խոսելիս մի կարևոր հանգամանքի մասին նշենք։ Շատերին թվում էր, որ այս 834 մլն դոլարը վերաբերում է ուղղակի ներդրումներին։ Թեպետ պաշտոնական հայտարարություններում «օտարերկրյա» բառը երբեք չի շեշտվել, սակայն «ներդրումներ» ասելիս շատերը հասկանում են հենց օտարերկրյա ներդրումները, որոնց ներգրավման համար կառավարությունը փորձում է բարելավել ներդրումային միջավայրը, ստեղծում է ներդրումային ակումբ, և այլն։

Սակայն, պարզվում է, այդպես չէ։ 834 մլն դոլարը միայն օտարերկրյա ներդրումներին չի վերաբերում, և երբ 2017 թվականն ամփոփելուց հետո պարզվի, որ օտարերկրյա ներդրումները դրանից պակաս են, կառավարությունը կարող է պատասխանել՝ մենք նման բան չենք խոստացել։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած պարզաբանման՝ այդ թվի մեջ մտնում են ինչպես՝ պետական, այնպես էլ՝ մասնավոր ներդրումները։ «Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ»,- նշվում էր պարզաբանման մեջ։

Պետական, այսինքն` պետական բյուջեի հաշվին իրականացվող ներդրումներն արդեն իսկ նշանակում է, որ գործ ունենք ոչ թե օտարերկրյա, այլ տեղական ներդրումների հետ։ Նույնը՝ մասնավոր ներդրումային ծրագրերի հիշատակումն է, առանց շեշտելու, որ դրանք կատարվելու են օտարերկրյա ընկերությունների կողմից։

Կարճ ասած, այս ձևակերպումն արդեն անուղղակիորեն հայտարարում է, որ խոսքը ոչ միայն օտարերկրյա, այլ ընդհանուր (այդ թվում՝ նաև օտարերկրյա) ներդրումների մասին է։ Սա շատ նման է արտահանման մակարդակը ՀՆԱ-ի 45%-ին հասցնելու խոստմանը, երբ միայն վերջերս հստակեցվեց, որ կառավարությունը նկատի ունի ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների արտահանումը (այսինքն՝ զբոսաշրջությունը)։

Այնպես որ, կառավարությունից հաշվետվություն պահանջելուց առաջ նախ պետք է մի շատ կարևոր քայլ կատարել՝ խոստումը հնչելուն պես պահանջել կոնկրետացնել, թե իրականում ինչ է խոստանում կառավարությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%: