Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան կշահի աշխատողը, եթե պարենային զամբյուղը չհարկվի

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 24 Օգոստոս 2018

ՀՀ Կառավարությունն այժմ աշխատում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախօրեի ֆեյսբուքյան լայվում նշեց, որ փոփոխություններից մեկը վերաբերելու է եկամտային հարկին, այն նվազեցվելու է։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ երեկվա նշեց, որ եկամտային հարկի նվազեցմանը վերաբերող որոշումները հայտնի կդառնան մոտ օրերս։

Պաշտոնյանյաները դեռ ամբողջությամբ չեն բացում փակագծերը, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են պատրաստվում կատարել դրույքաչափի և շեմերի առումով, միայն նշում են, որ եկամտային հարկը կնվազի, փոխարենը՝ կաճեն անուղղակի հարկերը։ «Սեպտեմբերին արդեն կառավարությունում կունենանք միասնական դիրքորոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն, մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի »,-ասել էր Դավիթ Անանյանը։

Դրույքաչափերի մասով, փաստորեն, առայժմ կոնկրետություն չկա և հարկ կլինի սպասել, մինչև փոփոխությունների նախագիծը հրապարակվի։ Փոխարենը՝ կա մի հետաքրքիր և դրական նորույթ՝ կապված նույն եկամտային հարկի հետ, որի մասին օրերս Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

Նա նշել էր, որ առաջարկվում է չհարկել պարենային զամբյուղը, որը հաշվարկվում է վիճակագրական կոմիտեի կողմից։ Այսինքն՝ աշխատավարձից պետք է հանել սպառողական զամբյուղի արժեքը, որը եռամսյակային կտրվածքով հաշվարկվում է վիճակագրական կոմիտեի կողմից, և հարկը կիրառել մնացած գումարի վրա։

Գծապատկերում, որը մենք կազմել ենք, կարող եք տեսնել, թե ինչպես կփոխվի եկամտային հարկի բեռը 80-ից 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, եթե այս առաջարկը ընդունվի։ Որպես հաշվարկի հիմք վերցրել ենք պարենային զամբյուղի արժեքը 1 շնչի 2018թ. II եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ 35,2 հազար դրամ։

Նաև ընդգծենք, որ այս գծապատկերում հիմնվել ենք այն ենթադրության վրա, որ դրույքաչափը չի փոխվում։

Ամսական եկամտային հարկը՝ պարենային զամբյուղը հարկելու (գործող կարգով) և չհարկելու դեպքում, հազար դրամ

income-tax

Ինչպես տեսնում եք, պարենային զամբյուղը չհարկելու պարագայում՝ յուրաքանչյուր աշխատող ամսական մոտ 8000 դրամով քիչ եկամտային հարկ է վճարելու։ Կամ՝ յուրաքանչյուր աշխատողի փաստացի տնօրինվող եկամուտն ավելանալու է 8000 դրամով։

Շա՞տ է սա, թե՞ քիչ։ Տոկոսային առումով եթե դիտարկենք, ապա քիչ աշխատավարձ ստացողների դեպքում սա շոշափելի բարելավում է, շատ աշխատավարձ ստացողների դեպքում՝ ոչ այնքան։ Օրինակ, 80 հազար դրամ ստացողների համար այս փոփոխությունը նշանակում է տնօրինվող եկամտի 10% աճ, 300 հազար դրամ ստացողների համար՝ 2,6% և այդպես շարունակ։

Սա կարևոր է նաև այն առումով, որ ինչ-որ իմաստով ինդեքսավորվում է գնաճը։ Այսինքն, եթե գրանցվել է պարենային ապրանքների 5% գնաճ, և պարենային զամբյուղը թանկացել է, կառավարությունը ավտոմատ կերպով 5%-ով ավելացնում է չհարկվող շեմը։ Սա, իհարկե, ամբողջությամբ չի չեզոքացնի գնաճը, սակայն արդարության որոշակի մակարդակ այդուհանդերձ կապահովի։

Կընդունվի՞ փոփոխությունը, թե՞ ոչ

Ինչպես նշեցինք, այս առաջարկը նշանակում է, որ պետությունը յուրաքանչյուր աշխատողի հաշվով հրաժարվում է մոտ 8000 դրամ եկամտային հարկից (35,2 հազարի 23%-ը)։

Իսկ դա նշանակում է հարկային մուտքերի կորուստ։

Հակոբ Ավագյանը B4B.am-ի հետ զրույցում նշեց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության այս առաջարկը վերաբերում է այն աշխատողներին, որոնք ստանում են ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ։

Մեր ձեռքի տակ հստակ տվյալներ չկան, թե Հայաստանում մինչև 200 հազար դրամ հոգի է ստանում։ Սակայն մոտավոր գնահատականով կարող ենք ասել, որ նրանց թիվը շատ մեծ է՝ ընդհանուր գրանցված աշխատողների 75-80%-ը (ըստ ԿԲ զեկույցներից մեկի՝ Հայաստանում 150 հազարից պակաս ստացողների կշիռը զբաղվածների 66.2% է)։

Սա էլ իր հերթին նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը կարող է չհամաձայնել այս առաջարկին՝ հատկապես, որ դրանից բացի (ինչպես երևում է) նախատեսվում է նաև եկամտային հարկի դրույքաչափի բարձրացում։

Իհարկե, 8000 դրամ եկամտային հարկը, որից պետությունը հրաժարվում է, ուղղվելու է սպառմանը կամ խնայողություններից, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստեղծելու և նպաստելու տնտեսական աճին ու հետևաբար՝ հարկային մուտքերի ավելացմանը։

Սակայն ֆիննախը նման հարցերում սովորաբար ավելի զգուշավոր է և քիչ հակված անելու այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են դժվարություններ ստեղծել բյուջեի մուտքերը։

Ընդհանրապես, շատ նորմալ ու անգամ անհրաժեշտ է, որ նման հարցերում ֆինանսների նախարարության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության տեսակետները չհամընկնեն ու բանավեճի առիթ դառնան։ Հարցն այն է, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում կողմերը որ հարցերի շուրջ և ինչպիսի կոմպրոմիսների կգան։ Այդ մասին, ավելի մանրամասն, կխոսենք առաջիկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: