Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան կարժենա «Ծառուկյան» դաշինքի 15 տնտեսական առաջնահերթությունների իրագործումը

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 21 Փետրվար 2017

«Ծառուկյան» դաշինքը վերջերս հրապարակեց իր 15 տնտեսական առաջնահերթությունները, որոնք խոստանում է իրագործել՝ իշխանության գալու դեպքում։

ԶԼՄ-ները և փորձագետները սկսեցին ակտիվ քննարկել այս 15 կետերը՝ փորձելով հասկանալ, թե դրանց իրագործումը ինչ կարժենա պետական բյուջեի համար։ Այսինքն՝ ինչ եկամուտներից է զրկվելու պետական բյուջեն (օրինակ՝ գերփոքր բիզնեսին հարկերից ազատելով) և ինչ լրացուցիչ ծախսեր է ունենալու (օրինակ՝ կենսաթոշակը 25 հազար դրամով բարձրացնելով)։

Լրատվամիջոցներից մեկը հաշվարկ էր ներկայացրել, ըստ որի՝ 15 կետերի իրագործման համար տարեկան անհրաժեշտ կլինի 487.5 մլրդ դրամ (մոտ 1 մլրդ դոլար), որի հնարավորությունը Հայաստանը չունի։ Այսինքն՝ սա պոպուլիզմ է։

Տնտեսագետ, «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ ծրագրում նշված կետերը բոլորը իրագործելի են շատ կարճ ժամկետում` ունենալով տնտեսագիտական, ֆինանսական լուրջ հիմնավորումներ:

Ըստ Մ. Առաքելյանի՝  ծրագիրը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 50 մլրդ դրամ (100 մլն դոլար), որը կազմում է բյուջեի ընդամենը 4 տոկոսը: Նա նաև աղբյուրն է նշել՝ ՀՆԱ տարեկան 5-7 տոկոս աճը ապահովելու է 70 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր, իսկ ստվերային տնտեսության նույնիսկ 20 տոկոսի վերացումը կապահովի 250 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ: «Մնացած գործոնները` ազատ, մրցակցային պայմաններ, բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացում և այլն, նույնպես բերելու են էական ազդեցության` տնտեսական աճի, ներդրումների աճի, բյուջետային մուտքերի ավելացմանը»:

Ստորև ներկայացնում ենք «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը և Մեսրոպ Առաքելյանի պարզաբանումները՝ դրանցից յուրաքանչյուրի մասով։

 

1. Կենսաթոշակի ավելացում

Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:

Պարզաբանում։ Կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 140 մլրդ դրամ, կենսաթոշակային կուտակային համակարգի վերացման դեպքում կխնայվի 30 մլրդ դրամ: Կենսաթոշակների գումարի առնվազն 70 տոկոսը ուղղվելու է սպառմանը, որը կառաջացնի 20 տոկոս` 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր:

2. Նվազագույն աշխատավարձ

2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

Պարզաբանում։ Նվազագույն աշխատավարձը հարկվում է և հաշվի առնելով, որ նվազագույն աշխատավարձով աշխատակիցները հիմնականում մասնավոր ոլորտից են, դրանց մասով կստացվի նվազագույնը 10 մլրդ լրացուցիչ եկամուտ:

3. ՓՄՁ հարկեր

Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:

4. Գերփոքր բիզնեսի հարկեր

Պարզաբանում։ Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

Պարզաբանում։ Փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերը` շրջանառության հարկ, արտոնագրային վճար, հաստատագրված վճար, կազմում են մոտ 20 մլրդ դրամ: Հարկերից ազատելու տնտեսական էֆեկտը չհաշվելու դեպքում, առավելագույն չստացված եկամուտը կկազմի 20 մլրդ դրամ:

5. Հարկային համաներում

Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:

Պարզաբանում։ Հարկային համաներման բազա հանդիսացող տույժերը և տուգանքները երբեև չեն էլ վճարվելու և այդ 60 մլրդ դրամը չի մտնելու բյուջե:

6. Գյուղատնտեսության խրախուսում

Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:

7. Արագաչափերի և կարմիր գծերի վերացում

«Ծառուկյան » դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:

Պարզաբանում։ Արագաչափերի, կարմիր գծերի մուտքերը բյուջե կազմելու են 10 մլրդ դրամ` կատարվող փոփոխութուններից հետո:

8. Կուտակային կենսաթոշակային համակարգ

Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։

Պարզաբանում։ Տես առաջին կետը։

9. Գազի սակագնի նվազեցում

Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:

10. Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում

Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:

11. Հսկիչ գների վերացում

Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, « հսկիչների » կիրառումը:

12. Ոռոգման վճարներ

Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:

Պարզաբանում։ ՈՒսման վարձերին, ոռոգման ջրին ուղղված գումարը չի գերազանցելու 10 մլրդ դրամը

13.Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։

14. Բնօգտագործման վճարներ

Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի:

Պարզաբանում։ Բնօգտագործման վճարները մի քանի անգամ ավելացնելու դեպքում բյուջեն կստանա լրացուցիչ 70 մլրդ դրամ եկամուտ:

15. Ուսման վարձեր

Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

Պարզաբանում։ ՈՒսման վարձերին, ոռոգման ջրին ուղղված գումարը չի գերազանցելու 10 մլրդ դրամը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.