Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են Հայաստանում ծախսում զբոսաշրջիկները, և որքան մենք՝ արտերկրում

Վերադարձ լուրերի բաժին

10:08 , 09 Ապրիլ 2018

Զբոսաշրջություն։ Սա կառավարության սիրելի ոլորտներից է, քանի որ 2017թ. տպավորիչ ցուցանիշներ է գրանցել։ Գրել ենք, որ 2017-ին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մոտավորապես 1.5 մլն։ 2016-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 18.7%-ով։

Սակայն զբոսաշրջությունն ինքնանպատակ չէ։ Այն պետք է երկրին «փող բերի»: Իսկ ինչքա՞ն փող է բերում զբոսաշրջությունը Հայաստանին, և ինչպե՞ս է փոխվել այդ գումարը՝ 2016 թվականի համեմատ։

Ներգնա զբոսաշրջության «բերած» փողն արտացոլվում է ՀՀ վճարային հաշվեկշռում՝ ճանապարհորդության և մարդատար տրանսպորտի մեջ զբոսաշրջության հետ կապված ծառայություններ տողի տակ։ Կամ, այլ կերպ ասած, սա մտնում է ծառայությունների արտահանման մեջ։ 2017 թվականին զբոսաշրջային ծառայությունների արտահանումից Հայաստանը ստացել է 1 մլրդ 121.1 մլն դոլարի եկամուտ։ Կամ, ավելի պարզ ասած, ներգնա (միջազգային) զբոսաշրջիկները Հայաստանում այդքան գումար են ծախսել։

2016 թվականի համեմատ զբոսաշրջային ծառայությունների արտահանումից ստացված եկամուտն աճել է 152.1 մլն դոլարով կամ 15.7%-ով։

Գծ. 1. Ներգնա զբոսաշրջությունը և դրա ապահոված եկամուտը 2007-2017թթ.

CH1

Այսինքն, զբոսաշրջիկների թիվն ավելի արագ է աճել, քան զբոսաշրջությունից ստացված եկամուտը։ Ընդ որում, այդ միտումը նոր չէ և սկսվել է 2013 թվականից։ Եթե 2017 թվականը համեմատենք 2007 թվականի հետ, կտեսնենք, որ զբոսաշրջիկների թիվն այս ընթացքում աճել է 3 անգամ, իսկ եկամուտը՝ 2.2 անգամ:

Իսկ որքա՞ն է ծախսում մեկ զբոսաշրջիկը՝ Հայաստան կատարած մեկ այցելության ընթացքում, և ինչպես է փոխվել այդ ցուցանիշը։ Մոտավոր գնահատականներով՝ 2017 թվականին մեկ զբոսաշրջային այցելությունից Հայաստանը ստացել է 750 դոլարի եկամուտ (զբոսաշրջությունից ստացված եկամտի և զբոսաշրջիկների թվի հարաբերակցությունը)։

Ինչպես տեսնում եք, 2007-2012 թվականներին այդ ցուցանիշը միջինում 1000 դոլար էր, սակայն 2013 թվականից սկսած կայուն կերպով նվազել է։

Այստեղ, բնականաբար, որոշ դեր ունի փոխարժեքը. տրամաբանորեն՝ որքան դրամն արժեզրկվում է, այնքան քիչ եկամուտ կգա զբոսաշրջությունից, որովհետև զբոսաշրջիկն ավելի քիչ արտարժույթ է «մանրում»՝ Հայաստանում իր ծախսերը հոգալու համար։ Սակայն միայն փոխարժեքի գործոնը չէ, որ դեր է խաղում. 2015-2017 թվականներին դրամն արժեզրկվել է 1%-ով, իսկ մեկ զբոսաշրջիկին ընկնող եկամուտը նվազել է 4.5%-ով։

Գծ. 2. Մեկ զբոսաշրջային այցելության ընթացքում ծախսված միջին գումարը և դոլարի փոխարժեքը

CH2

Կարճ ասած, զբոսաշրջիկները գնալով ավելի ու ավելի քիչ գումար են ծախսում Հայաստանում։

Սա նշանակում է, որ նախ՝ պետք է վերլուծել սրա պատճառները։ Ու երկրորդ՝ ուշադրություն դարձնել ոչ միայն զբոսաշրջիկների թվի աճին, այլ այնպես անել, որ զբոսաշրջիկները Հայաստանում ավելի շատ գումար ծախսեն։ Սա ոչ մի դեպքում չի նշանակում՝ «թալանել» այցելուներին կամ թանկացնել գները. դա հակառակ ազդեցության կբերի։ Սա նշանակում է՝ զարգացնել այնպիսի ապրանք-ծառայություններ, որոնք հետաքրքիր կլինեն զբոսաշրջիկի համար, և միևնույն ժամանակ՝ մատչելի։ Կամ, ավելի պարզ ասած, չի կարելի սահմանափակվել միայն Գառնի-Գեղարդ-Սևանով և խորովածաքաբաբային մշակույթով։ Այստեղ կրեատիվ է պետք՝ այնպիսի բաներ ստեղծելու համար, որը զբոսաշրջիկը չի կարողանա գտնել այլ երկրում, և որի համար չի ափսոսի գումար վճարել։

Սակայն զբոսաշրջության և դրա բերած եկամտի մասին խոսելիս՝ չի կարելի մոռանալ մի շատ կարևոր հանգամանքի մասին։ Ոչ միայն դրսից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան, այլ նաև Հայաստանից են զբոսաշրջային այցելությունների մեկնում արտերկիր։ Ու եթե ներգնա զբոսաշրջության եկամուտը համարվում է ծառայությունների արտահանում, ապա արտագնա զբոսաշրջությունն էլ ծառայությունների ներմուծում է։ Այսինքն, պետք է դիտարկել նաև, թե որքան զբոսաշրջային ծառայություն ենք ներմուծում (որքան են ծախսում հայաստանցի զբոսաշրջիկներն արտասահմանում)։

Այսպես, 2017 թվականին զբոսաշրջային նպատակներով Հայաստանից մեկնել է 1 մլն 481.7 հազար մարդ, որը 2016 թվականի ցուցանիշից բարձր է 17.3%-ով։ Այս մարդիկ 2017 թվականին արտերկրում ծախսել են 1.2 մլրդ դոլարից շատ գումար՝ 92.5 մլն դոլարով ավելի շատ, քան ներգնա զբոսաշրջիկների կողմից այստեղ ծախսվածը։ Սա հենց զբոսաշրջային ծառայությունների գծով բացասական հաշվեկշիռն է։ Ընդ որում, այդ ճեղքվածքը 2016 թվականին ավելի փոքր էր՝ 50.1 մլն դոլար էր։ Այն պատճառով, որ հայաստանցի զբոսաշրջիկների՝ դրսում ծախսած փողն է ավելացել 194.5 մլն դոլարով կամ 19%-ով։

Հիմա սա կարճ ամփոփենք։ Հայաստանցի զբոսաշրջիկներն արտերկրում ավելի շատ են ծախսում, քան օտարերկրյա զբոսաշրջիկները՝ Հայաստանում։ Ու երկրորդ, հայաստանցի զբոսաշրջիկների կողմից արտերկրում ծախսված գումարն ավելի արագ է աճում (19%-ով), քան օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից Հայաստանում ծախսվող գումարը (15.7%-ով)։

Իհարկե, սա շատ բնական է, և ոչ մի վատ բան չկա, որ մեր հայրենակիցները հանգստանում են արտերկրում։ Ավելին, դա կարող է մեկնաբանվել նաև՝ որպես Հայաստանի բնակչության բարձր գնողունակության ապացույց։ Սակայն մտահոգության առիթ ամեն դեպքում կա, որովհետև հայաստանցիները դրսում ավելի շատ են ծախսում ոչ թե՝ այն պատճառով, որ այնտեղ ամեն ինչ ավելի թանկ է, այլ՝ հակառակը։ Ծաղկաձորում 1 շաբաթ հանգստանալն ավելի թանկ է, քան Բաթումում։ Սա նշանակում է, որ Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, պետք է գրավիչ ու մատչելի լինի ոչ միայն՝ օտարերկրյա զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: