Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են խաղում հայերը. ԱՎԾ-ի մտահոգիչ թվերը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 11 Նոյեմբեր 2017

Խաղատներ, վիճակախաղեր, բուքմեքերներ, գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատներ… Այս ամենը Հայաստանում կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։

Իսկ որքա՞ն է այս ամենի՝ շահումով խաղերի շրջանառությունը։

Պաշտոնական վիճակագրությունը մինչև վերջերս առանձին տվյալներ չէր հրապարակում շահումով խաղերի շրջանառության մասին։

Շահումով խաղերը մտնում են պաշտոնական վիճակագրության՝ ծառայությունների բաժնի «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթախմբի մեջ։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում էր թե այդ ենթախմբի ծավալը որքան է, սակայն թե դրա մեջ որ մասն է մշակույթը, որը՝ ժամանցն ու հանգիստը, չէր մանրամասնում։

Այժմ ծառայությունը որոշել է բացել փակագծերը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ընդհանուր ծավալը կազմել է 196.6 մլրդ դրամ կամ մոտավորապես 410 մլն դոլար։ Այսինքն, կարելի ենթադրել, որ տարվա կտրվածքով այդ թիվը կկազմի մոտ 550 մլն դոլար։

Ավելին, ԱՎԾ-ն տալիս է նաև շահումով խաղերի բացվածքը։

Ինչպես տեսնում եք, խաղատներում  9 ամիսների ընթացքում «պտտվել է» 49 մլրդ դրամ (կամ մոտ 100 մլն դոլար)։

Սակայն բուքմեքերական ընկերությունների շրջանառությունը շատ ավելի մեծ է՝ 147.1 մլրդ դրամ։

Gambling1

Ու եթե այդ թիվը բաժանենք ամիսների, կստացվի, որ հայաստանյան բուքմեյքերները ամսական ընդունում են ավելի քան 16 մլրդ դրամի խաղադրույքներ։

Սա, իհարկե, չափազանց մտահոգիչ թիվ է։ Սակայն զարմանալի չէ, քանի որ Հայաստանում բուքմեքերական ընկերությունները ոչ միայն արգելված չեն, այլև ավելանում են և ակտիվ գովազդվում հեռուստատեսությամբ։ Ընդ որում, ինտերնետի հասանելիությունը գործնականում անիմաստ է դարձրել խաղատների դուրս բերելը մայրաքաղաքից, քանի որ օնլայն տարբերակով կարելի է և՛ խաղադրույքներ կատարել մարզական իրադարձությունների վրա, և՛ փողով պոկեր խաղալ։

Վիճակագրությունը նույնպես փաստում է, որ բուքմեքերները դժգոհելու պատճառներ չունեն։

Խաղատների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 7.2%-ով, խաղային ավտոմատներինը՝ 16.4%-ով, իսկ վիճակախաղերի և բուքմեքերական գործունեությունը աճել է 30%-ով։

Gambling2

Իհարկե, այստեղ պետք է անել մի քանի նկատառում.

1. Մոլեխաղերի ոլորտը, այսպես ասած, ստվերին հակված ոլորտ է։ Դժվար է գնահատել, թե օրինակ, խաղատների մասով ԱՎԾ-ի ներկայացրած թիվը որքանով է մոտ իրականությանը՝ հաշվի առնելով, որ կան ստվերային խաղատներ և գրանցված խաղատներում՝ ստվերային շարժ։ Ամեն դեպքում, կարելի է չկասկածել, որ իրական շարժը ԱՎԾ-ի ներկայացրած թվից փոքր չէ։

2. Որքան է հայերի կշիռը։ Դժվար է ճշգրիտ ասել, թե կոնկրետ բուքմեքերական ընկերությունների ստացած 147.1 մլրդ դրամից որ մասն է բաժին ընկնում Հայաստանում բնակվող խաղացողներին։ Բուքմեքերների գործունեության մեծ մասն այսօր օնլայն տարբերակով է կատարվում, և հայաստանյան բուքմեքերական ընկերության կայքով կարող են խաղադրույք կատարել նաև Ռուսաստանում կամ Մոզամբիկում բնակվողները։

Սակայն մյուս կողմից, Հայաստանում բնակվողներն էլ կարող են խաղադրույքներ կատարել միջազգային բուքմեքերների մոտ՝ William Hill, BWin և այլն։ Այնպես որ, մեկը մյուսին փոխլրացնում է։

Ավելացնենք, որ խաղամոլության տեմպերի այս աճը, որքան էլ զարմանալի լինի, մեկ դրական կողմ ունի։ Այս թվերի արդյունքում գրանցվում է ծառայությունների ոլորտի աճ, իսկ ծառայությունների ոլորտի աճի հաշվին՝ ընդհանուր տնտեսական աճ։ Սակայն այս դեպքում աճը հակառակ ազդեցություն ունի. ոչ թե բարձրացնում է մարդկանց բարեկեցությունը, այլ հակառակը՝ վատթարացնում և գցում պարտքերի մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: