Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով կթեթևացնի ձեր գրպանը նոր Հարկային օրենսգիրքը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 29 Սեպտեմբեր 2016

Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, բավականին ուշ հայտնվեց ԱԺ պաշտոնական կայքում։ Քանի որ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին՝ պարզաբանենք միայն եկամտային հարկի մասը։

Այսպես, Հարկային օրենսգրքի լրամշակված տարբերակն առաջարկում է եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերն ու շեմերը։

Մինչև 150 հազար դրամ՝ 23%,

150 001 դրամից մինչև 2 մլն դրամ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը,

2 000 001 դրամից ավելի՝ 552 500 դրամ՝ գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը։

Առաջին ընթերցմամբ ընդունված ՀՕ նախագծով սահմանվում էին հետևյալ դրույքաչափերը.

Մինչև 120 000` ՀՀ դրամ 23%,
120 001 – 1 000 000 ՀՀ դրամ` 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը,
1 000 000-ից ավելի` 274 000 ՀՀ դրամ՝ գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-:

Իսկ այսօր գործող օրենսդրությամբ՝ հետևյալ մեխանիզմն է.

Մինչև 120 000 դրամ՝ 24.4%,
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Մենք կազմել ենք դինամիկ գծապատկերներ, որոնց օգնությամբ կարող եք ստուգել՝ որքան եկամտային հարկ եք վճարել այսօր գործող օրենսդրությամբ, որքան պետք է վճարեիք Հարկային օրենսգրքի նախնական տարբերակի դեպքում, և որքան պետք է վճարեք, եթե ընդունվի ՀՕ-ի՝ այժմ ներկայացված տարբերակը։

 

 

Կծանրանա՞, թե՞ կթեթևանա ձեր եկամտային հարկը

Այս գծապատկերը ցույց է տալիս, թե որքանով կավելանա կամ կպակասի ձեր ամսական բեռը՝ եկամտային հարկի մասով, եթե Հարկային օրենսգիրքը ընդունվի այս տեսքով։ Մինչև 280 հազար դրամ ստացողների ամսական եկամտահարկը կնվազի։ Ամենից շատ կնվազի 150 հազար աշխատավարձի դեպքում՝ 2580 դրամով։ Ամսական 270 հազար դրամ ստացողների համար եկամտային հարկի բեռը չի փոխվի։ Իսկ դրանից ավելի ստացողների բեռը կծանրանա։ Որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ կլինի տարբերությունը։ Օրինակ, 1.2 մլն դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 18420 դրամով ավելի շատ եկամտային հարկ, քան վճարում են այժմ։  

Ինչ է փոխվել Հարկային օրենսգրքի նախագծում՝ առաջին ընթերցումից հետո
Սա թերևս ամենահետաքրքիր պահն է, որը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ փոխզիջման գնաց կառավարությունը։

Ամսական մինչև 120 հազար դրամ ստացողների համար ՀՕ նախնական և այժմյան տարբերակները որևէ տարբերություն չեն պարունակում. եկամտային հարկի չափը ՀՕ երկու նախագծերի համաձայն էլ նույնն է։

120 հազարից մինչև 150 հազար ստացողների հարկային բեռը նախնական տարբերակի համեմատ թեթևանում է ամսական մինչև 1500 դրամով (տարբեր չափերով)։

150 հազարից մինչև 1 մլն ստացողների բեռը թեթևանում է ֆիքսված 1500 դրամով։

Ամսական 1 մլն դրամից մինչև 3.7 մլն դրամ ստացողները վճարում են շատ ավելի քիչ, քան ՀՕ նախնական տարբերակով։ Օրինակ, ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ՝ 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ՝ 340000 դրամ։

 

Ինչպես հիշում եք, հարկային օրենսգրքից ամենաշատը բողոքում էին 1-ից 2 մլն դրամ աշխատավարձ ստացողները։ 2 մլն դրամ ստացողների ամսական եկամտային հարկն ավելանում էր մոտ 85 հազար դրամով։ Լրամշակված տարբերակի համաձայն՝ նրանց հարկային բեռը գործող կարգի համեմատ ավելանում է 34 հազար դրամով։

Այսինքն, ՀՕ նոր նախագիծը նույնպես ենթադրում է եկամտային հարկի ավելացում, սակայն 51.5 հազարով դրամով ավելի քիչ ավելացում, քան նախնական տարբերակով։

Ամփոփելով՝ կստացվի հետևյալը։

Մինչև 204-ից 280 հազար դրամ ստացողները ՀՕ լրամշակումից պետք է գոհ մնան, որովհետև վճարելու են ավելի քիչ, քան այժմ։

280 հազարից մինչև 3.7 մլն դրամ ստացողները կարող են բողոքել (վճարելու են ավելի շատ, քան այժմ), բայց բողոքը ավելի թույլ կլինի (նախնական տարբերակով բեռն ավելի շատ էր ծանրանում)։

3.7 մլն դրամից ավելի ստացողների հարկային բեռը ծանրանում է ավելի շատ, քան ի սկզբանե նախատեսվում էր ՀՕ նախնական տարբերակով։ Սակայն մի քանի մլն դրամ աշխատավարձ ստացողների բողոքը դժվար թե ճիշտ ընկալվի  հասարակության կողմից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ