Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որտեղ պահել փողերը և ինչ արժույթով

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 22 Օգոստոս 2016

Այս հարցերը մշտապես տանջել են Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հաջողացրել են իրենց վաստակած գումարներից քիչ թե շատ խնայել։

Առաջին հարցը հետևյալն է՝ որտե՞ղ պահել փողերը։ Ներքնակի տա՞կ, թե՞ բանկում։ Թե՞ ավելի լավ է ներդնել որևէ բիզնեսում կամ գույքի մեջ։

Սովետական բանկերում ներդրված խնայողությունների փոշիացումը երկար ժամանակ նստվածք էր թողել քաղաքացիների ենթագիտակցության մեջ։ Այսինքն՝ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ բավականին ցածր էր։ Ու երբ այդ՝ առանց այն էլ ցածր վստահությունը սկսեց կամաց-կամաց վերականգնվել, առաջ եկավ մեկ այլ հիասթափեցնող պատճառ՝ անկախության առաջին տարիներին մեկը մյուսի ետևից բացվող ու սննանկացող բանկերն ու ֆինանսական բուրգերը։

Ինչևէ, մեր համաքաղաքացիները ժամանակի ընթացքում իրենց մեջ ուժ գտան և կրկին սկսեցին վստահել բանկերին։ Փողը սկսեց ներքնակի տակից տեղափոխվել բանկային համակարգ։

Մեկ-երկու տվյալ նշենք, որպեսզի այդ տեղաշարժը ավելի ակնհայտ երևա։ 2000 թվականի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի՝ ՀՀ ռեզիդենտներից ընդունած ավանդների մեծությունը կազմում էր ընդամենը 93 մլրդ դրամ (սրա մեջ մտնում են թե՛ ժամկետային ավանդները, թե՛ հաշիվները)։ Այդ գումարից 19.5 մլրդ դրամը ՀՀ դրամով ավանդներն են, 73.5 մլրդ-ը՝ ԱՄՆ դոլարով ավանդները։

2016 թվականի հուլիսի վերջի դրությամբ ունենք հետևյալ պատկերը՝ ընդամենը ավանդներ՝ 1 տրիլիոն 581.8 մլրդ դրամ, այդ թվում՝ դրամային ավանդներ՝ 613.2 մլրդ դրամ և դոլարային ավանդներ՝ 968.6 մլրդ դրամ։

Այսինքն՝ 15 տարվա ընթացքում առևտրային բանկերում պահվող ՀՀ ռեզիդենտների ավանդները աճել են 17 անգամ։ Այդ թվում ՀՀ դրամով ավանդները՝ 31.4 անգամ։

Սա խոսում է ոչ միայն բնակչության եկամուտների աճի, այլ բանկերի նկատմամբ վստահության աճի մասին։ Ստորև բերված գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել ավանդների մեծությունը 2000-2016թթ. ընթացքում՝ ըստ արժույթի։

deposits-2000-2016

Հիմա գանք երկրորդ հարցին՝ ի՞նչ արժույթով պահել։ Սա պակաս կարևոր հարց չէ։ Սակայն այս հարցին կոնկրետ պատասխան կամ խորհուրդ ոչ ոք չի կարող տալ։

ՀՀ դրամո՞վ, թե՞ արտարժույթով։ Ամեն քաղաքացի այս հարցի պատասխանն ինքնուրույն է որոշում՝ ելնելով նրանից, թե ինքը ինչ սպասումներ ունի՝ փոխարժեքի հետ կապված։ Եթե քաղաքացին ՀՀ դրամին չի վստահում, կամ կարծում է, որ դրամը կարող է արժեզրկվել, ապա նա իր խնայողությունները պահում է այլ արժույթով։

Ընդ որում, մեր քաղաքացիներն այս հարցում էլ դառը փորձ ունեն։ 2009 թվականի մարտին դրամի կտրուկ արժեզրկումից կարճ ժամանակ առաջ իշխանությունները քաղաքացիներին կոչ էին անում խնայողությունները պահել դրամով։ Այդ կոչին հետևողները, բնակաբար, տուժեցին։

Ի՞նչ վիճակ է այսօր։ Ըստ ամենաթարմ տվյալների՝ ՀՀ քաղաքացիները նախապատվությունը տալիս են արտարժույթին։ Ինչպես նշեցինք, 2016 թվականի հուլիսի վերջի դրությամբ 1 տրիլիոն 581.8 մլրդ դրամ ավանդներից 968.6 մլրդ-ը դոլարային են։ Այսինքն՝ բանկերի ավանդային պորտֆելի 61%-ը դոլարային է։ Ժամկետային ավանդների դեպքում դոլարայնացումն ավելի բարձր է՝ 64.7%։

deposits-currency

Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ Մեր նորանկախ պատմության ընթացքում եղել է ժամանակահատված, երբ դրամային ավանդները գերակշռել են արտարժութայինին։

2005 թվականից սկսած՝ դրամային ավանդների տեսակարար կշիռը սկսեց աճել։ 2007-ից մինչև 2008 թվականի վերջը դրամային ավանդները գերակշռում էին՝ 63/37 հարաբերակցությամբ։ Դա պայմանավորած էր դրամի շարունակվող ամրապնդմամբ։

2009 թվականի վերջին, ինչպես տեսնում եք պատկերը կրկին փոխվեց։ Դրամային ավանդների տեսակարար կշիռը փոխվեց մինչև 33%։ Հիմնական պատճառը 2009 թվականի մարտին դրամի 24% արժեզրկումն էր։ Դրա հետևանքով՝ նախ դոլարային ավանդների արժեքը դրամով արտահայտված աճեց, և բացի այդ՝ մարդկանց մեծ մասը դրամային ավանդները փոխարկեց դոլարայինի կամ պարզապես դուրս բերեց բանկից։

Վերջին փոխարժեքային շոկը 2014 թվականի դեկտեմբերին էր, երբ 1 դոլարի փոխարժեքը 410 դրամից հասավ 460 դրամի։ Արդյունքը եղավ դրամային ավանդների կրճատումը՝ թե՛ բացարձակ առումով, թե՛ տեսակարար կշռով։

2014 թվականի նոյեմբերի վերջին դրամային ավանդների ծավալը 501.4 մլրդ դրամ էր, իսկ երկու ամիս անց՝ 2015 թվականի հունվարի վերջին՝ 467.1 մլրդ։ Իսկ դոլարային ավանդների ծավալը այդ նույն ժամանակահատվածում 793.7 մլրդ դրամից հասավ 847.1 մլրդ դրամի։

Սա, իհարկե, 2009 թվականի նման լուրջ փոփոխություն առաջ չբերեց, սակայն ավանդների դոլարայնացման մակարդակը մի քանի տոկոսային կետով բարձրացրեց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ