Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Վերադարձ լուրերի բաժին

15:41 , 25 Մայիս 2018

Մեր նախորդ հրապարակման շրջանակում մենք անդրադարձել էինք սփյուռքից ներդրումներ ներգրավելու գործիքներից մեկին՝ սփյուռքի պարտատոմսերին (diaspora bonds): Այս հրապարակմամբ կցանկանային անդրադառնալ այն հարցին, թե ինչ սկզբունքներով պետք է թողարկվեն և որտեղ պետք է ներդրվեն այդ միջոցները։

Նախքան Հայաստանին վերաբերող կոնկրետ սկզբունքներ և ուղղություններ մատնանշելը, փորձենք համառոտ ներկայացնել նման գործիքով աշխատած մի քանի երկրի փորձ, որոնց նպատակը դարձյալ տնտեսության զարգացումն է եղել (հիշեցնենք, որ առանձին դեպքերում երկրները նաև այլ նպատակներ են հետապնդել, ինչպես օրինակ Հնդկաստանը՝ վճարային հաշվեկշռի բացասական մնացորդը կրճատելը): Այսպես, Եթովպիան արդեն 9 տարի՝ որոշակի պարբերականությամբ, թողարկում է սփյուռքի պարտատոմսեր, Կապույտ Նեղոսի վրա Մեծ Եթովպիական Վերածննդի ջրամբարի կառուցումը ֆինանսավորելու համար, որը թույլ կտա գործարկել 6450 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան (ամենահզորը Աֆրիկայում): Ի դեպ, պարտատոմսերի վերջին թողարկումը եղել է 2018թ-ի առաջին եռամսյակում և հաջողվել է ներգրավվել 56մլն ԱՄՆ դոլար։ Իսրայելի պարագայում, ներդրումներն ուղղվել են ինչպես ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը (ինչպես ծովի ջրի աղազերծման և ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը), այնպես էլ արդյունաբերական և գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորմանը։ Ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացմանն ուղղված սփյուռքի պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները գրեթե բոլոր երկրներում էլ առավելապես ուղղվել են ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը։

Ի՞նչ սկզբունքներ պետք է որդեգրի Հայաստանը սփյուռքի պարտատոմսերի հարցում

1. Սփյուռքի պարտատոմսերի եկամտաբերությունը պետք է մրցունակ լինի – այսինքն տիպային ամերիկահայի համար, ով ունի 50,000 ԱՄՆ դոլար խնայողություն, Հայաստանի սփյուռքի պարտատոմսերում ներդրում կատարելը պետք է ֆինանսապես գրավիչ լինի։ Այսպիսի սկզբունքը թույլ կտա ապահովել գաղափարի/ծրագրի շարունակականությունը, այլապես ինչ-որ մի պահի սփյուռքահայերը կդադարեն ներդրումներ կատարել։ Բացի այդ շատ կարևոր է մտայնությունը, որ երկիրը փնտրում է ներդրողներ/գործընկերներ, այլ ոչ թե բարերարներ։

2. Ներդրումներն առավելապես պետք է ուղղված լինեն բիզնես նախագծերի ֆինանսավորմանը – այսինքն այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք իրենց բերած ֆինանսական արդյունքով կարող են ապահովել մարումները սահմանված ժամկետում, օրինակ, եթե պարտատոմսերը թողարկվում են 10 տարի ժամկետով, ապա բիզնես նախագծի ներդրումների հետգնման ժամկետը չի կարող 10 տարուց երկար լինել։ Սկզբնական փուլում, նպատակահարմար կլինի նաև բացառել այնպիսի ենթակառուցվածքային նախագծերը, որոնք ուղղակի ֆինանսական հոսքեր չեն ապահովում (օրինակ անվճար ճանապարհները) և պետությունն ինքն է մարումներ կատարելու։ Այսպիսի «կոնսերվատիվ» մոտեցումը թույլ կտա ապահովել ներդրողների բարձր վստահությունը։

3. Պարտատոմսերը պետք է թողարկվեն կոնկրետ նախագծերի ֆինանսավորման համարայսինքն պետք է ընտրվեն սահմանափակ քանակությամբ նախագծեր, որոնց համար պահանջվող ընդհանուր ներդրումների չափով կհայտարարվի պարտատոմսերի թողարկում, սա թույլ կտա խուսափել «վերացականության» ծուղակից և ներդրողները իրենց ունեցած գիտելիքների սահմանում կարող են գնահատել նախագծերի իրատեսականությունը/նպատակահարմարությունը։

4. Պետք է սահմանվեն նախագծերի ընտրության որոշակի չափանիշներ ­– քանի որ սա համազգային նախագիծ/գաղափար է պետք է փորձել համադրել բիզնես և սոցիալական տարրերը, օրինակ, որպես սկզբունք կարող են ընդունվել բիզնես նախագծերի բարձր շահութաբերության մակարդակը (առնվազն նախագծերի մի մասի համար), նպաստումը կյանքի որակի բարձրացմանը (օրինակ, հիվանդանոցների կառուցումը) և ստեղծված աշխատատեղերի քանակը, որն իր հերթին թույլ կտա կրճատել գործազրկությունը և հետագա արտագաղթը։

5. Պետությունը (կամ պետական ենթակայության ներդրումային ընկերությունը) պետք է որոշակի փայաբաժին ունենան այդ նախագծերում – մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ սոցիալական արդարության մասին պատկերացումները խիստ սուբյեկտիվ են և մարդիկ հնարավոր է բացասական վերաբերվեն գաղափարին, որ օրինակ 20 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ ֆինանսավորումը կարող է ստանալ որևէ անհատի պատկանող ընկերություն, հետևաբար այդպիսի խոշոր նախագծերում պետությունը պետք է ունենալ որոշակի մասնաբաժին, որը հետո կարող է վաճառել։

6. Կոնկրետ նախագծերում ներդրումները պետք է լինեն սահմանափակ­ – առնվազն սկզբնական շրջանում 1 փոխառուի գծով անվճարունակության ռիսկը զսպելու համար պետք է սահմանվի որոշակի սահմանաչափ, օրինակ, 1 նախագծում ներդրումը չի կարող գերազանցել 20 մլն ԱՄՆ դոլարը։

 Ինչպիսի բիզնես նախագծերն են առավել իրատեսական՝

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Մենք կառաջարկեինք դիտարկել մի շարք ուղղություններ, ինչպիսիք են՝

– Արևային էներգետիկան (մասնավոր միջազգային ընկերության կողմից «Մասրիկ 1» նախագծի իրականացման պատրաստակամությունը արդեն լավ օրինակ է ներդրողների համար),

– Հիդրոէներգետիկան (օրինակ, եթե ներդրողներից որևէ մեկը հրաժարվի «Շնող» ՀԷԿ-ի ներդրումային նախագծի ֆինանսավորումից կամ այլ ներդրումային նախագիծ),

– Մշակող արդյունաբերության ոլորտի ՓՄՁ-ները (կարող է տրամադրվել սահմանափակ քանակությամբ արտոնյալ ֆինանսավորում ՓՄ ձեռներեցներին (օրինակ՝ առավելագույնը 100հազ․ ԱՄՆ դոլար), պայմանով որ ստեղծվեն որոշակի քանակությամբ աշխատատեղեր Երևանից դուրս՝ որոշակի հեռավորության վրա),

– Դեղագործությունը (խոշոր միջազգային կորպորացիաների հետ նախագծերի շրջանակում), որը արտահանման տեսանկյունից նպատակահարմար է և կարող է նպաստել տեղում գիտական հետազոտությունների զարգացմանը։

– Առողջապահությունը (օրինակ, միջազգային չափանիշներին համապատասխանող հիվանդանոցային համալիրների կառուցումը թույլ կտա ապահովել ներգնա, բուժական զբոսաշրջիկների ներհոսք, ինչպես նաև կարող է նպաստել ՀՀ-ում կյանքի որակի բարձրացմանը)։

Իհարկե, այս ակնարկում արտահայտված տեսակետները ենթակա են քննարկման  և փոփոխությունների, բայց մենք վստահ ենք, որ ազգային զարթոնքի այս փուլում պետք է որդեգրել ճիշտ ռազմավարություն սփյուռքի ներդրումային պոտենցիալը յուրացնելու համար։

 Կարդացեք նաև առաջին մասը՝ Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել  

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների