Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որո՞նք են Հայաստանի տնտեսության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրները. Արծվիկ Մինասյանի զեկույցը «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումի ժամանակ

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 22 Ապրիլ 2016

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ  «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումը, որը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել էին BPA (Busines Partners of Armenia) ընկերությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Հանդիպման սկզբում զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի տնտեսության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներին:

Նախարարի խոսքով` առաջին խոշոր հիմնախնդիրը վերաբերում է մեր տնտեսության մեջ այսօր դիտարկվող պարտքի չափազանց մեծ բեռի առկայությանը, ինչը սահմանափակում է մեր տնտեսվարող սուբյեկտներին առավել ակտիվ գործունեություն ծավալել, իսկ առանձին դեպքերում նրանք նաև որոշակի ճգնաժամային վիճակում են հայտնվում:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն բազմաթիվ ահազանգեր ունի այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտներն ի վիճակի չեն սպասարկելու պարտքային բեռը: Որպես կարևորագույն լուծում` մենք առաջարկել ենք քննարկման առարկա դարձնել պարտքի վերակազմավորման, արժեթղթավորման, ինչպես նաև տնտեսության ճգնաժամային կառավարիչների ներգրավման մոտեցումը, ինչը թույլ կտա մեր տնտեսության մեջ այդ սուբյեկտներին վերանայելու և ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու տնտեսության կառավարման հարցերում: Անշուշտ, այս քաղաքականությունը չի կարող երկարատև լինել, որովհետև դրանով մենք կարող ենք վնասել ֆինանսական կայունությունը, բայց որ այս փուլում սկզբունքային նշանակություն է ստանում պարտքի բեռի թեթևացումը և մեր համախառն արտաքին պարտքի էական վերակազմավորումը, դա միանշանակ է, և սա այսօր մեր տնտեսության կարևորագույն մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի` երկրորդ կարևոր խնդիրը ներդրումներն են: Նա նկատեց` ներդրումների ներգրավման տեսակետից մենք այսօր կարիք ունենք օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի առավել ամբողջացման. «Սկզբունքային նշանակություն ունեն ներդրողների իրավունքների պաշտպանության հարցերը, որտեղ առանձնակի  կարևորվում է նաև փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը: Պետք է ցավով արձանագրենք, որ այս մասով այս պահին մենք չունենք այնքան հզոր մեխանիզմ, որը թույլ կտա անգամ փոքր, անուղղակի կամ թեկուզ ուղղակի ներդրողների իրավունքների լիարժեք պաշտպանություն իրականացնել, ինչն էականորեն նաև սահմանափակում է որոշումների կայացման հնարավորությունը օտարերկրյա ներդրողների համար:

Իսկ ահա երրորդ ուղղությունը մրցակցային միջավայրն է: Սահմանադրական նոր կարգավորումների համաձայն` մենք պետք է իրականացնենք առավել ակտիվ մրցակցային քաղաքականություն, այդ թվում նաև հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն, ինչը ենթադրում է նոր օրենսդրություն, նոր մոտեցումներ»,- նշեց նա:

Կարևոր խնդիրների շարքում Արծվիկ Մինասյանը նաև առանձնացրեց ոլորտային աջակցության սխեմաները: Ըստ նրա` այսօր ունենք մի քանի ոլորտներ, որոնք Հայաստանի տնտեսության հիմնական առավելություններն են: Դրանք առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնք այսօր տարածաշրջանում համարվում են լավագույնը, և հենց այս ոլորտն է, որ կարող է նաև առաջիկայում էական առաջընթաց արձանագրել նաև տնտեսության մյուս ճյուղերի համար. «Խոսքը վերաբերում է նաև տեխնոլոգիական փոփոխություններին, որովհետև մեր տնտեսության առջև ծառացած մյուս կարևոր խնդիրը տնտեսության տեխնոլոգիական վերազինումն է: Առանց դրա` մենք չենք կարող ժամանակակից տնտեսական առաջընթաց արձանագրել: Առանց արտադրողականության աճի` մեր տնտեսությունները կմնան միշտ երկրորդ պլանում: Այս տեսանկյունից` տեղեկատվական տեխնոլոգաների ու ինովացիաների ոլորտը գերակայություն է համարվում, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ հստակ քաղաքականություն իրականացնել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` տնտեսության կարևոր ուղղություններից է նաև զբոսաշրջության ոլորտը, և այստեղ մենք իսկապես մեծ պոտենցիալ ունենք, մեծ հնարավորություն, որ զբոսաշրջության ոլորտի ճիշտ քաղաքակաանության միջոցով կարող ենք էական տնտեսական եկամուտ ապահովել մեր երկրի համար:

«Սրան զուգակցվում է նաև ավիացիոն քաղաքականությունը, որտեղ մենք, որդեգրելով բաց երկնքի քաղաքականությունը, այսօր ունենք էական առաջընթաց այս մասով, մասնավորապես բազմաթիվ ավիաընկերություններ իրենց մուտքն են ապահովում հայկական օդային տարածք: Առաջիկայում մենք սպասում ենք շատ ավելի հիմնավոր ավիաընկերությունների մուտք, ինչն էականորեն նաև կթեթևացնի, կիջեցնի այն գները, որոնք այսօր մեր օդային փոխադրումներում կան: Մենք մրցակցության մեջ պետք է ունենանք նաև կայուն և Հայաստանում բազավորված ավիաընկերություններ: Դա նշանակում է` մենք պետք է այստեղ ունենանք թեկուզ օտարերկրյա ընկերություններ, որոնք կարող են Հայաստանից իրականացնել տարբեր չվերթեր` օգտվելով նաև 5-րդ ազատության իրավունքից, այսինքն` այս քաղաքականության միջոցով մենք ցանկանում ենք հետագայում Հայաստանը դիտարկել նաև որպես տարանցիկ կարևոր փոխադրման վայր»,- շեշտեց Մինասյանը:

Հիմնախնդիրների շարքում նախարարը դիտարկեց նաև արդյունաբերական քաղաքականությունը: Ըստ նրա` թեև այստեղ մենք ունենք արդյունաբերական աջակցության ռազմավարություն, ռազմավարական գործիքներ, սակայն կարիք ունենք նոր վերանայումների: «Դրա համար մեր առաջիկա սկզբունքային հարցերից մեկն արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերանայումն է լինելու, գործիքների համալրումն ու ընդլայնումը, որպեսզի արդյունաբերական քաղաքականության մեջ մենք ունենանք շատ ավելի մեծ արդյունքներ»,- հավելեց նա:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: