Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոչ ծայրահեղ. պետական պարտքն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

2020 թ.-ի հուլիս ամսվա դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 939.5 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 8.4%-ով՝ կամ 618 մլն դոլարով: ՀՀ պետական պարտքն ավելացել է ի հաշիվ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ներգրավվող պարտքի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ հուլիս ամսվա դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը ավելացել է 4.7%-ով՝ կազմելով 6 մլրդ 55 մլն դոլար: Արտաքին պետական պարտքը հիմնականում ավելացել է Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված 231 մլն դոլար ծավալով վարկով, որը կառավարությունն օգտագործելու է կորնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար (Stand By Arrangement 2020): Նշենք, որ հուլիս ամսվա վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքից մոտ 479 միլիոն դոլարը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պարտքն է, իսկ մնացածը՝ կառավարությանը:

Ինչ վերաբերում է ՀՀ ներքին պետական պարտքին, ապա այն հուլիս ամսվա վերջի դրությամբ ավելացել է 22.6%-ով՝ կազմելով 1 մլրդ 884 մլն դոլար: Ներքին պետական պարտքի ավելացման պատճառը՝ պետական բյուջեի եկամուտների նվազման պայմաններում բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է եղել: Նշենք որ, ճգնաժամային իրավիճակով պայմանավորված 2019 թ.-ի հունվար-հուլիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 51.1 մլրդ դրամով կամ 5.8%-ով:

Կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար ընդունվել է կառավարության պարտքի ռազմավարություն: Այդ ռազմավարության մեջ ներառված են ցուցանիշներ, որոնց կատարման դեպքում պարտքի կառավարման գծով որևէ խնդիրներ չեն առաջանա: Որպես վերը նշյալի հիմնավորում կարող ենք ներկայացնել հետևյալ ցուցանիշները. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 4,6%: Հիշեցնենք, որ 2019թ.-ի վերջին այն եղել է 4,8%: Արտաքին վարկերի և փոխառությունների գծով միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 2,0%, 2019թ-ի վերջի 2,3%-ի փոխարեն: Ցուցանիշների ուսումնասիրության արդյունքում նվազում ենք նկատում նաև պետական գանձապետական պարտատոմսերի գծով։ Նկատելիորեն ավելացել է պետական գանձապետական պարտատոմսերի գծով մինչ մարումը մնացած միջին կշռված ժամկետը՝ հուլիսին հասնելով 11 տարվա։ Այս ամենը նշանակում է, որ պարտքի տոկոսը նվազում է, ավելանում է ժամկետայնությունը, ինչը նվազեցնում է պարտքի սպասարկման հնարավոր ռիսկերը։

ՀՀ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հուլիս ամսվա վերջի դրությամբ կազմում է 53.5%: Պարտքի ժամկետայնության աճի և միջին տոկոսադրույքի նվազման պայմաններում այս ցուցանիշը կառավարելի տիրույթում է:

2020 թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը ներգրավել է 334.1 մլն դոլարի վարկային միջոց, մարել է արտաքին վարկի՝ 121.1մլն դոլար մայր գումարի պատրավորություն և 57.2 մլն դոլարի տոկոսավճար: Պարտքի սպասարկումը կատարվում և կատարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական պարտքի կառավարելիության առումով կարևոր է դրանում առկա ռիսկերի նվազեցումը՝ ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացումը, բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներքին բաղադրիչի ավելացումը նպաստում է փոխարժեքի տատանումներով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը։ Բացի այդ, պարտքի սպասարկման հնարավոր ռիսկերի նվազեցմանն են նպաստում պարտքի ժամկետայնության աճը, տոկոսադրույքների կրճատումը։ Այս տեսանկյունից կարևոր քայլ կլինի առաջիկայում արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխումից հրաժարումը։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: