Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞ր ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանն ու Իրանը, և ինչպիսի՞ն է համագործակցության հեռանկարը

Վերադարձ լուրերի բաժին

17:44 , 22 Ապրիլ 2016

Հայաստան-Իրան համատեքստում Հայաստանն ունի լրջագույն անելիքներ ոչ միայն տնտեսության մեջ, այլև ընդհանրապես հանրային մոտեցումը Իրանի հանդեպ փոխելու հարցում: Այս համոզմանն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցած «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումի ժամանակ իր զեկույցում անդրադարձավ Հայաստան-Իրան համագործակցության ծրագրերին ու հեռանկարներին:

Ըստ նրա` եթե դասակարգելու լինենք հայ-իրանական համագործակցության հնարավոր բոլոր ոլորտները, ապա ակնհայտ է, որ տնտեսության դաշտում մենք կարող ենք ունենալ մի շարք խոշոր ոլորտներ, որոնցից առաջին հերթին պետք է մատնանշենք էներգետիկայի համակարգը, էներգետիկ հնարավորությունների օգտագործումը, ընդ որում` այդ հնարավորություններն իրենց հերթին պետք է ունենան երկու ենթադաշտեր, ենթաոլորտներ:

Առաջինը էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող հայ-իրանական համագործակցությունն է, երկրորդը` էներգակիրների ոլորտը. «Խոսքը վերաբերում է նախևառաջ իրանական գազին: Այժմ էլ Հայաստանն Իրանի հետ իրականացնում է «գազ` հոսանքի դիմաց» ծրագիրը, և ձևավորել է նոր ու չափազանց հետաքրքիր համագործակցության հարթակ: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության ձևաչափին, որը կարող է օրինակելի համարվել նաև այլ ոլորտներում Հայաստանի դերակատարությունը բարձրացնելու առումով: Սա ունի ոչ միայն տնտեսական կարևոր նշանակություն, այլև խիստ կարևոր է աշխարհաքաղաքկաան տեսանկյունից, որովհետև Հայաստանը Վրաստանի համար սկսում է ձեռք բերել նույն այն դերակատարությունը, ինչը ներկայում ունի Վրաստանը Հայաստանի համար: Այսինքն` մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հավասարություն»,- նշեց իրանագետը:

Կարդացեք նաև` Ինչ ենք վաճառում Իրանին և ինչ ենք այնտեղից ներմուծում. ՀՀ-Իրան առևտրի իրական պատկերը (ինֆոգրաֆիկա)

Վարդան Ոսկանյանի խոսքով` մյուս կարևոր ուղղությունը բնականաբար հաղորդակցության խնդիրն է, այսինքն` Հայաստանն Իրանի, ինչպես նաև Վրաստանի ու Ռուսաստանի համար որպես տրանզիտային երկիր դարձնելը, որովհետև ակնհայտ է` մեր պետությունն ունի մի չափազանց կարևոր առավելություն. դա Իրանի հետ բարեկամական հարաբերություններին զուգահեռ` բացառիկ և միակ երկիրը լինելն է ԵՏՄ շրջանակում, որն ունի ցամաքային կապ այս երկրի հետ: «Մենք պետք է հստակորեն գիտակցենք այս բացառիկ հնարավորությունն ու դերակատարությունը այդ միջանցքն ապահովելու նաև տրանսպորտային առումով:

Խոսքը վերաբերում է այստեղ ևս երկու ենթաոլորտների. դա ավտոմայրուղային կապն է Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մի կողմից Պարսից ծոցի հետ, մյուս կողմից` Սև ծովի վրացական նավահանգիստների հետ: Եվ երկրորդը երկաթուղու խոշորածավալ նախագիծն է, որը քաղաքական իմաստով որևէ խնդիր չունի, սակայն պահանջում է բավական մեծ ծավալի ներդրումներ: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է, որ մենք մրցակցային ներկա պայմաններում շեշտադրում անենք արագության վրա, որովհետև ակնհայտ է` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է մրցակցային դաշտ տրանսպորտային կապ ապահովելու ոլորտում, որովհետև մեզ հետ մրցակցում են այնպիսի խաղացողներ, որոնք ունեն Հայաստանի հանդեպ բացահայտ թշնամական վերաբերմունք: Դրանք Ադրբեջանն ու Թուրքիան են իհարկե: Հետևաբար` այս դաշտում մեր արագությունը մեզ բերելու է ոչ միայն տնտեսական, այլև կրկին քաղաքական դիվիդենտներ»,- ասաց նա` ընդգծելով` այս առումով մեր բոլոր ջանքերն այժմ պետք է ուղղենք Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության հնարավորինս արագ ու որակյալ տեմպով ավարտին հասցմանը, որը, ըստ նրա, մեզ համար ունի նաև ռազմավարական նշանակություն` հաշվի առնելով վերջին պատերազմական գործողություններն Արցախում. «Դրա առնվազն մի հատվածն ապահովում է Արցախի անվտանգությունը, եթե չխոսենք տնտեսական հարցերի մասին»,- շեշտեց նա:

Ըստ Վ. Ոսկանյանի` այս առումով մենք ունենք մեկ այլ կարևոր առավելություն. Հայաստանն ամենակարճ ուղին է, որը կարող է միացնել Սև ծովը Պարսից ծոցի հետ: Այսինքն` ըստ էության մեր ռելիեֆային պայմանները բավական բարդ են, բայց աշխարհագրորեն մեր դիրքը չափազանց նպաստավոր է. «Մեր մեջ, չգիտես` ինչու, արմատավորված է մի մտայնություն, համաձայն որի` Հայաստանը փակուղի է: Ըստ էության` մենք փակուղի չենք: Մեզ ստիպել են, փակել են մեր Արևմուտքն ու Արևելքը, բայց մենք կարող ենք օգտագործել Հյուսիսը Հարավին կապելու մեր հնարավորությունները, և փառք Աստծո, արդի տեխնոլոգիական աշխարհում թունելների միջոցով լեռնանցքներ հաղթահարելը մեծ խնդիր չէ, եթե հաշվի առնենք, որ համապատասխան ներդրումներ կարելի է անել` այդ ոլորտը զարգացնելու համար:

Կարդացեք նաև՝ Արծվիկ Մինասյանի զեկույցը «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումի ժամանակ

Մենք ունենք մի կարևոր առավելություն ևս Իրանի հետ հարաբերություններում: Դա այն է, որ Հայաստանն այս երկար ու ձիգ տարիների ընթացքում որևէ կերպ չի մասնակցել հակաիրանական որևէ գործողության` լինի դա տարածաշրջանային թե միջազգային մակարդակով: Հայաստանը նույնիսկ ենթարկվել է ճնշումների` կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների պարագայում ֆինանսական հոսքերի հետ, և այդ ճնշումները եղել են բավական խիստ ու բավական զգալի: Հայաստանը, ըստ էության, տեղի չի տվել այդ ճնշումներին, և դա կարևոր դիվիդենտ է` ներկայացնելու համար իրանական կողմին: Այս առումով պետք է նաև նկատել` վերջին պատերազմական գործողությունները խաթարեցին ադրբեջանական հանրապետության` որպես տնտեսական հուսալի, անվտանգ կամ կայուն գործընկերոջ կերպարը, որովհետև ակնհայտ է` այսուհետ Ադրբեջանում կատարվող ցանկացած ներդրում, պայմանավորված նրա քաղաքական ղեկավարության անկանխատեսելի որոշումներով ու վարքագծով, կարող է վտանգված լինել»,- նշեց նա:

Իրանագետն անդրադարձավ նաև զբոսաշրջային ոլորտին ու այն լուրջ հնարավորություններին, որ ունի Հայաստանն այդ ոլորտը զարգացնելու համար: Նա շեշտեց` այստեղ կարևորագույն խոչընդոտը վիզային ռեժիմն է, որն այժմ էլ գործում է Հայաստանի ու Իրանի միջև. «Այստեղ կան անվտանգային խնդիրներ, և ես կարծում եմ` հնարավորինս արագ պետք է լուծվեն այդ խնդիրները: Բացեմ փակագծերը. գիտեք` Հայաստանի արտաքին սահմանը վերահսկվում է ոչ հայկական ուժերի կողմից, ու հետևաբար` վիզային ռեժիմի հանումը զրկելու է մեզ Հայաստան մուտք գործող քաղաքացիների հոսքը ղեկավարելու հնարավորությունից` որևէ լծակ չթողնելով մեզ: Բայց կարելի է դա լուծել այլ մեխանիզմներ կիրառելով: Այս պարագայում մենք կարող ենք ակնկալել իրանցի զբոսաշրջիկների հոսք ոչ միայն դեպի Երևան, այլև դեպի Հայաստանի հարավային ծայրամասեր: Այս առումով սա չափազանց կարևոր է, որովհետև Հայաստանը զարգանում է խիստ անհամաչափ, և դիցուք իրանցի զբոսաշրջիկը կարող է անցնել Հայաստանի սահմանն առանց խնդրի, երկու օր անցկացնել այստեղ իր հանգստյան օրերը և վերադառնալ Իրան` չհասնելով Երևան:

Այս փոփոխությունները պետք է փոխեն նաև Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկի որակական կազմը, որովհետև ակնհայտ է` տարիներ շարունակ զբոսաշրջության ոլորտում կատարված աշխատանքները միտված են եղել Եվրոպայից զբոսաշրջիկ հրապուրելուն, իսկ Եվրոպայից Հայաստան է ժամանում որպես կանոն թոշակի անցած միջին վիճակագրական անձը, որը դողում է իր գումարների վրա: Դա այն դեպքում, երբ իրանցի զբոսաշրջիկն ավելի երիտասարդ է, ավելի ակտիվ անձ է և ժողովրդական լեզվով ասած` ավելի փող ծախսող զբոսաշրջիկ է»,- ընդգծեց պարոն Ոսկանյանը:

Վերջում նա նշեց` մյուս ոլորտները, որտեղ կարելի է զարգացնել հայ-իրանական հարաբերությունները, առնչվում են իրանական ներդրումների հրապուրմանը այստեղ` Հայաստանում. «Կարևորագույն ոլորտներից մեկը, որը մեզ համար կարող է ապահովել հստակ ֆինանսական հոսքեր ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի առումով, Հայաստանի կրթական ոլորտն է, որը բավական հրապուրիչ է իրանցիների համար: Իրանն ամենաերիտասարդ հասարակություն ունեցող երկրներից մեկն է տարածաշրջանում` 80-միլիոնանոց շուկա, որի բնակչության մեծամասնությունը երիտասարդ է, և որը հայերիս նման ձգտում է ստանալ որակյալ կրթություն: Այս առումով պետք է հնարավորինս զարգացնել Հյաաստանի կրթական ոլորտը, որոշակի հատվածներում հարմարեցնել իրանական սպառողին»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը տրամադրում է ուսանողական վարկեր շահավետ պայմաններով

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է գրավիչ պայմաններով ուսանողական վարկ:

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են