Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞րն է այն «կշռաքարը», որ պետք է հավասարակշռի պետական բյուջեն

Վերադարձ լուրերի բաժին

Եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի սպասվող նվազեցումն առաջիկայում որոշակի դժվարություններ է ստեղծելու բյուջեի եկամտային մասը համալրելու առումով, այսինքն՝ այդ գումարը ոչ թե վճարվելու է պետությանը, այլ որպես հավելյալ տնօրինվող եկամուտ/շահույթ՝ հարկումից հետո մնալու է ֆիզիկական անձանց և կազմակերպությունների մոտ։ Միաժամանակ, կառավարությունն այս պահին որոշել է տվյալ հարկային բեռը մասամբ տեղափոխել ակցիզային հարկի և պետական տուրքերի «դաշտ»՝ առանձին ապրանքների գծով բարձրացնելով դրույքաչափերը կամ ակցիզային հարկ/պետական տուրք սահմանելով նոր ապրանքատեսակների/գործունեության տեսակների համար։ Ճի՞շտ է, թե սխալ այդ որոշումը (ակցիզային հարկի և պետական տուրքերի մասով)․կետ առ կետ ուսումնասիրության կարիք ունի, և այսօր մենք զերծ կմնանք գնահատականներ տալուց, փոխարենը կցանկանայինք խոսել գույքահարկի մասին, որպես բյուջեն հավասարակշռող «կշռաքարի»։

Հայաստանում անշարժ գույքի գույքահարկի «պոտենցիալը» շատ քիչ է օգտագործվում

Պատմականորեն Հայաստանում գույքահարկն ուղղվել է միայն համայնքային բյուջեների համալրմանը և ըստ էության կենտրոնական կառավարության ուշադրությունից դուրս է մնացել։ Իրենց հերթին համայնքները/համայնքապետարանները լինելով թույլ և ոչ կուռ ինստիտուտներ՝ ո՛չ կարողացել են լիարժեք հավաքագրել գույքահարկը, ո՛չ էլ հետամուտ են եղել, որ գույքահարկի հարկման համակարգը բարելավվի: Մեծ հաշվով դա նրանց չի էլ հետաքրքրում, քանի որ իրենց բյուջեների եկամտային մասի հիմնական աղբյուրը ֆինանսական համահարթեցման նպատակով պետական բյուջեից ստացած դրամաշնորներն են, իսկ անշարժ գույքի գույքահարկի մասնաբաժինը կազմում է 7.4%-ը (2018 թ.)։ Արդյունքում, այսօր Հայաստանում ավելի շատ գույքահարկ է հավաքագրվում փոխադրամիջոցների գծով, քան անշարժ գույքի գծով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում անշարժ գույքի գույքահարկ/ՀՆԱ հարաբերությունը 2017 թ.-ին կազմել է 0.18%, իսկ 2018 թ.-ին 0.16%:

image003

Աղբյուր՝ ՀՀ ՎԿ

Իսկ ինչպիսի՞ պատկեր է աշխարհում
ՏՀԶԿ երկրներում անշարժ գույքի գույքահարկ/ ՀՆԱ հարաբերությունը խիստ տատանվում է, եթե Ֆրանսիայում այն հասնում է 4.4%-ի, ապա Էստոնիայում 0.24% է, համեմատության համար, մեր հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 0.26%, այսինքն՝ 0.08%-ային կետով ավել, քան եղել է Հայաստանում 2017 թ.-ին։

image005
* ներառում է բոլոր մակարդակների կառավարությունների կողմից հավաքագրած անշարժ գույքի գույքահարկը, այդ թվում անշարժ գույքի նվիրատվության կամ ժառանգության հարկը։

Ի՞նչ հնարավորություն ունենք
Եթե մենք կարողանանք անշարժ գույքի հարկեր/ՀՆԱ հարաբերությունը հասցնել գոնե 0.9-1%-ի (այսինքն՝ այնքան, ինչքան Լատվիայում է), և որոշակի սկզբունքով այդ գումարի մի մասը «ինքնաբավ» համայնքներից (օրինակ՝ Երևանից) փոխանցվի պետբյուջե «ոչ ինքնաբավ համայքներին» (օրինակ՝ սահմանամերձ, բարձր լեռնային գյուղեր) վերաբաշխելու նպատակով, կառավարությունը հնարավորություն կունենար խնայելու մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ այնքան, ինչքան 2017, 2018 թթ.-ին ֆինանսական համահարթեցման նպատակով տարեկան տրամադրվել է համայնքային բյուջեներին։

Ինչո՞ւ փորձել բյուջեն համալրել գույքահարկով և ոչ թե ակցիզային հարկով։ Գույքահարկն ավելի «դիպուկ» գործիք է, քան ակցիզային հարկը, որը թույլ է տալիս հստակ թիրախավորել միջին և բարձր եկամտային խմբերը և լրացուցիչ բեռ չստեղծել ցածր եկամտային խմբերի համար։ Թեև գույքահարկի համակարգի վերանայումն էլ իրագործման տեսանկյունից դյուրին չէ։

Իսկ ո՞րն է գաղափարի իմաստը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում գույքահարկի հարկման բազան հողամասերի և շինությունների կադաստրային արժեքն է (ՀՕ, գլուխ 46), որը բավականին հեռու է շուկայական արժեքից, ինչն իր հերթին խախտում է արդարության սկզբունքը։ Օրինակ՝ Մաշտոցի պողոտայում գտնվող 120,000 դոլար շուկայական արժեքով բազմաբնակարան շենքի բնակարանի կադաստրային արժեքը կազմում է ընդամենը 4,400 դոլար, որի համար գույքահարկի դրույքաչափը 0% է, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել հարկման բազան։

Առհասարակ, գույքահարկը որպես հարկային եկամուտների լրացուցիչ աղբյուր օգտագործելու գաղափարը նոր չէ։ Օրինակ՝ 2016 թ.՝ Հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ, որոշ փորձագիտական շրջանակներ, ի դեմս Տիգրան Ջրբաշյանի, երբ առաջարկում էին 21%-21%-21% մոտեցումը (եկամտային հարկ, ԱԱՀ, շահութահարկ + շահաբաժնի հարկ), բարձրացնում էին նաև գույքահարկի համակարգի վերանայման հարցը, որպես բյուջեի հավասարակշռման միջոց։ Հետագայում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ևս մի քանի անգամ հրապարակային կողմ է արտահայտվել գույքահարկի համակարգի վերանայմանը։ Այս կառավարության տարբեր պաշտոնյաներ ևս նման կարծիք են հայտնել, սակայն կարծես թե սայլը տեղից չի շարժվում, գոնե հասարակության լայն շրջանակներին հայտնի չէ ձեռնարկված քայլերի մասին։

Վրաստանի փորձը
Վրաստանում անշարժ գույքի հարկման բազան որոշվում է շուկայական արժեքով և դրույքաչափը տատանվում է՝ կախված հարկային տարում ընտանիքի ունեցած եկամուտների մեծությունից (Վրաստանի Հարկային օրենսգիրք, հ․202), գործում են հետևյալ դրույքաչափերը՝

– եթե ընտանիքի եկամուտները հարկային տարում չեն գերազանցում 100,000 լարին (37,313 դոլարը), ապա գույքահարկի դրույքաչափը տատանվում է 0.05-0.2% միջակայքում, կոնկրետ 120,000 դոլարանոց բնակարանի դեպքում այդ գումարը կկազմեր 60-240 ԱՄՆ դոլար,

– եթե ընտանիքի եկամուտները հարկային տարում գերազանցում են 100,000 լարին (37,313 դոլարը), ապա գույքահարկի դրույքաչափը տատանվում է 0.8-1% միջակայքում, կոնկրետ 120,000 դոլարանոց բնակարանի դեպքում այդ գումարը կկազմեր 960-1200 ԱՄՆ դոլար:

Իհարկե, ամենևին պարտադիր չէ, որ Հայաստանը հետևի Վրաստանի օրինակին, անհրաժեշտություն կա խորությամբ ուսումնասիրելու միջազգային փորձը, եթե կուզեք, միգուցե, նաև ճիշտ կլինի հանրաքվե անցկացնել, սակայն գույքահարկի համակարգի վերանայումը պետք է լինի կառավարության առաջնահերթություններից, որը կապահովի անհրաժեշտ միջոցներ պետական բյուջեի համար և թույլ կտա ավելի «անկաշկանդ» լինել տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 19-06-19

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 26504.00 կետ: