Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞վ է 547 մլն դրամ վճարած անձը՝ խոշոր հարկատուների ցանկից

Վերադարձ լուրերի բաժին

12:07 , 03 Օգոստոս 2016

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում մի ուշագրավ անուն կար՝ Մարկոսյան Գագիկ Ռաֆայելի։

Ուշագրավ էր նրանով, որ այս անձնավորությունը 2016 թվականի հունվար-հունիսին պետբյուջ է վճարել 547.8 մլն դրամ և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 113-րդ հորիզոնականը։

Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ լուրջ հարկային մուտք է Հայաստանի մասշտաբներով՝ նկատի ունեցեք, որ նույնքան հարկ է մուծել նաև արագաչափերի տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը։

Սակայն սա միակ ուշագրավ կետը չէ։ Այս անձնավորությունը նախորդ տարվա հարկատուների ցանկում ընդհանրապես չկա։ Իսկ պետռեգիստրում գրանցված Գագիկ Մարկոսյան անուն ազգանունով անհատ ձեռնարկատերերից ոչ ոքի տվյալները չեն համապատասխանում այս անձին՝ ՀՎՀՀ-ն ուրիշ է։

Որոշեցինք դիտմել Google-ի օգնությանը։ Ի վերջո, եթե մարդը կես տարվա ընթացքում ավելի քան 1.1 մլն դոլարի հարկ է մուծում, նրա անունը դժվար թե որևէ տեղ չերևա։ Անկեղծ ասած, սպասում էինք, որ որոնման արդյունքների մեջ կլինի որևէ խոշոր, բայց անհայտ գործարարի անուն։

Սակայն կես տարվա կտրվածքով որոնման արդյունքներով հիմնական Գագիկ Մարկոսյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրենն էր։ Նա է, ով իր տեղակալների հետ միասին մեղադրվում էր ՀԱԷԿ-ից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով ավելի քան 783 միլիոն դրամի վնաս։

Կրկին աչքի անցկացրեցինք խոշոր հարկատուների ցանկը։ Պարզվեց՝ այս անձնավորության վճարած հարկերը ոչ ուղղակի հարկեր են (շահութահարկ, եկամտահարկ), ոչ էլ անուղղակի (ԱԱՀ, ակցիզային հարկ)։ Դրանք ամբողջությամբ մտնում են «այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ» հոդվածի տակ։ Նման բան հազվադեպ է լինում։

Հետո կրկին աչքի անցկացրեցինք ԱԱԾ-ի հաղորդագրությունը։ Այդտեղ կար այսպիսի կարևոր ձևակերպում` պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Այս ամենը համադրելով՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց նույն Գագիկ Մարկոսյանի մասին է։ Մանավանդ, որ հայրանունն էլ է համընկնում։ Իսկ բացատրությունն այն է, որ նա 547.8 մլն դրամ է վճարել՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Ու, բնականաբար, դա տեղ է գտել այլ հարկերի մեջ։

Չենք պնդում, որ դա այդպես է, և եթե պարզվի, որ 547.8 մլն դրամ վճարած անձը մեկ այլ Գագիկ Մարկոսյան է և կապ չունի ՀԱԷԿ-ի պատմության հետ, ապա պատրաստ ենք ներկայացնել նրա պարզաբանումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս