Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

Վերադարձ լուրերի բաժին

11:04 , 23 Հունվար 2019

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքից։

«ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: Ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո):

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Կինոյի նախկին շենքը, որը մինչև այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի ու աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլև հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից և Չինաստանից, կլինեն նաև տեղական արտադրության սարքավորումներ: Ակնկալվում է, որ սարքավորումները կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին:

Ծրագիրը կօգնի տեղական 14 ՓՄՁ-ներին զարգացնել իրենց կարողությունները և մարզում կստեղծվի 60 մշտական աշխատանք: Ծրագրի շնորհիվ զբաղվածության կենտրոններում գրանցված 150 աշխատանք փնտրողներ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: ՓՄՁ-ները և բուրդ վերամշակող գործարանը կմիավորվեն՝ ստեղծելով տարածաշրջանային ասոցիացիա, որը կխթանի արդյունավետ գործարար հարաբերություններն ու ապրանքների վաճառքը: Այսպիսով, Շիրակի մարզը կդառնա որակյալ թելի և բրդի արտադրության կենտրոն:

Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը ընդգծեց ծրագրի կարևորությունը. «Կանանց աշխատանքով ապահովելը շատ կարևոր է: Այստեղ կաշխատեն ոչ միայն Ամասիա բնակավայրի կանայք, այլև հնարավորություն կստեղծվի լուծել մեր համայքնի 9 բնակավայրերում ապրող կանանց աշխատանքի հարցը: Գործարանը համայնքի բնակիչների համար մեծ ձեռքբերում է, մինչև հիմա բուրդն ամբողջությամբ թափվում էր, չէր օգտագործվում ու կարծես ավելորդություն լիներ»:

«Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախագահի Ռուզաննա Տորոզյանը ներկայացրեց իրենց աջացությունը. «Մեր կենտրոնն ունի «Բրդից կարպետ» արտադրամաս Սյունիքի մարզի ամենամեծ գյուղում՝ Շինուհայրում, որը աղքատության և միգրացիայի ամենաբարձր ցուցանիշն ունի: Մենք շատ ուրախ ենք, որ մեր լավագույն փորձը կիսում ենք, և Ամասիայում պատասխանատու կլինենք գործարանի մասնագիտական վերապատրաստումների և ամբողջ գործընթացի համար: 30 կանանցից ոմանք, որոնք սովորում են այստեղ, կաշխատեն թել մանելու արտադրամսում, մի մասը կաշխատի բրդի թեստավորման, լվացման արտադրամասում, ինչպես նաև կլինեն կանայք, ովքեր կաշխատեն թելերի ներկման արտադրամասում: Արտադրամասը մեծ է լինելու, կստեղծվի 20-ից ավելի աշխատատեղ: Իսկ մնացած կանայք, որոնք իսկապես հետաքրքրված են և կուզեն աշխատել, հնարավորություն կստեղծենք տնային պայմանններում աշխատելու, որովհետև մեր կազմակերպությունը այսօր թելերի շուկաներ ունի: Նրանք կարող են միանալ մեր շուկաներին, տնային պայմաններում թել արտադրել և եկամուտ ստեղծել»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զելենսկին հայաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էր, որ ի տարբերություն նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքն անպայման այցելելու է Հայաստան, իր թիմում կան հայեր, և ինքը հայ ժողովրդին շատ է սիրում:

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։