Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր պլատֆորմը հնարավորություն կտա տարեկան 16.5 մլն դոլար ներդնել ՏՀՏ ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 29 Փետրվար 2016

Գաղտնիք չէ, որ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, որն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: Սակայն ոլորտի մասնագետները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են՝ եթե ոլորտում արմատական փոփոխություններ չիրականացվեն և լուրջ ներդրումներ չարվեն թե՛ դրսեց ու թե՛ ներսից, ապա առկա ներուժը կհամալրի արտասահմանյան ընկերությունների աշխատաշուկաները: Հենց այս խնդրի լուծմանն էր ուղղված «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որի շրջանակում երեկ քննարկվեց կենսաթոշակային ապահովագրության գումարները ՏՏ ոլորտում ներդնելու ծրագիրը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կատարվող ներդրումների ծավալը շատ ցածր է, բայց մյուս կողմից՝ ոլորտի զարգացման համար շատ կարևոր է, որ ներդրումային գործընթացն ու հնարավորություններն ավելի մեծանան.

«Խոսքը վերաբերում է և՛ բիզնես ներդրումներին, և՛ անհատական ներդրումներին, քանի որ մեր ոլորտում հիմնական աշխատակազմը երիտասարդներ են, որոնք ունեն տարբեր խնդիրներ՝ սկսած հիփոթեքային շուկայում ինտեգրվելուց: Նշեմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ֆինանսաշրջանառության մոտ 60 տոկոսն աշխատավարձերն են, որովհետև հիմնական ծախսերը կապված են աշխատողների վարձատրության հետ: Հիմա մեր առաջարկությունն այն է, որ ստեղծվի որևէ պլատֆորմ, որը հնարավորություն կտա կենսաթոշակային ապահովագրության  գումարները, այսինքն՝ տարեկան առնվազն 16.5 մլն դոլար և ավելին ներգրավել ինվեստիցիոն հնարավորության մեջ հենց տեխնոլոգիական ոլորտում, որովհետև դա շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ»,- նկատեց պարոն Չոբանյանը:

Նրա խոսքով՝ այսօր բանկային գործիքները մատչելի չեն ՏՏ ոլորտում, որովհետև այն երկարաժամկետ զարգացման ոլորտ է, և բարձր տոկոսներն ուղղակի կործանարար կարող են լինել ոլորտի համար. «Վենչուրային շուկայում մենք արդեն ունենք մեկ ընկերություն, բայց այն դրամաշրջանառության ծավալը, որ կա վենչուրային կապիտալի ներդրման առումով, Հայաստանում շատ ցածր է: Մյուս կողմից՝ մենք 2015թ.-ին արձանագրել ենք ստարտափ ոլորտի էական աշխուժացում, որը, իհարկե, կապված էր նաև ոլորտում հարկային արտոնությունների տրամադրման հետ: Եվ ահա այս ամենին զուգահեռ՝ պետք է լինի ինվեստիցիոն հնարավորություն, այլապես դա կարող է բերել այնպիսի բացասական հետևանքների, ինչպիսին է մեր ստեղծած այդ ռեսուրսների ուղղակի արտահոսքը Հայաստանից: Եթե մենք չկարողանանք օգտագործել այդ ռեսուրսները՝ սկսած գաղափարներից, վերջացրած աշխատողներով, որոնց ուղղությամբ հսկայական ներդրումներ ենք կատարում կրթական համակարգում, այդ մարդիկ ուղղակի կհամալրեն արտասահմանյան ընկերությունների աշխատաշուկաները»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը:

Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին մոտ 70 հոգի՝ տարբեր ընկերություններից, այդ թվում՝ ներկայացուցիչներ «Օրանժ Արմենիա», «Յուքոմ», «Զանգի Լայվքոմ», «Լեգալ Լաբ», «Ինստիգեյթ Դիզայն», «Երևակ», «Ինստիգեյթ Մոբայլ» և այլ ընկերություններից, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանից,  «Հարմոնիա» և «ՍեքԴև» հիմնադրամներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարություններից, ՀՀ կենտրոնական բանկից, «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնից և այլ կազմակերպություններից: Քննարկման մասնակիցներին ներկայացվեց միջազգային առաջատարների՝ մասնավորապես ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և Կանադայում գործող կոոպերատիվ վարկային միությունների փորձը: Ըստ այդմ՝ հանդիպման ընթացքում նախանշվեց այն հիմնական օրակարգը, որ հայաստանյան ընկերություններն առաջիկայում պետք է դնեն իրենց և կառավարության առջև:

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ-ում գործում են կենսաթոշակային ապահովագրության երկու կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեք տիպի ֆոնդեր՝ բարձր, միջին և ցածր ռիսկայնության: Ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են ընտրել որոշակի ուղղություններ: Երեկ քննարկման ընթացքում ներկայացված ծրագրի նպատակն էր նաև այն, որ աշխատակիցներին տրվի ընտրության հնարավորություն՝ տնօրինելու իրենց գումարների հետագա ճակատագիրը՝ ի օգուտ ՏՏ ոլորտի զարգացման: Խնդիրն այն է, որ այսօր դեռևս չկա այն մեխանիզմը, որի շնորհիվ  քաղաքացիները, աշխատողները կկարողանան ընտրել ու իրենց գումարները ներդնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Քննարկման առարկան էլ այն էր, որ ստեղծվեն այդ մեխանիզմները՝ ծրագիրն իրականացնելու համար:

Արդյունքում բոլոր ներկայացված նախագծերը բավական բուռն արձագանք ստացան ոլորտի ներկայացուցիչների կողմից: Որոշվեց առաջիկայում մշակել   գործողությունների մանրամասն ու հստակ նախագիծ, բոլոր ուղղություններով սկսել բանակցությունները կառավարության հետ, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություններ ու հաշվարկներ, սկսել քննարկումները համայնքի մյուս անդամների հետ, որպեսզի 2-3 ամսից պատրաստ լինեն բոլոր ծրագրերը՝ նպատակ դնելով մինչև տարեվերջ ունենալ կոնկրետ արդյունքներ: Մասնավորապես՝ ընկերություններ, որոնք ներգրավված կլինեն օպցիոնների տեղաբաշխման ծրագրում և կազմակերպություն, որը զբաղվում է IT ոլորտում վարկային, ապահովագրական ու  սոցիալական ապահովագրության գումարների տեղաբաշխման, ներդրումների և այլ խնդիրներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Մի քանի միլիոն դոլարանոց հսկա Caterpillar-ներն արդեն Ամուլսարում են

Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքվում է

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: