Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր հյուրանոցներ ու աշխատատեղեր. Ծաղկաձորը նախատեսում է ավելացնել զբոսաշրջիկների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 14 Փետրվար 2017

Ծաղկաձոր քաղաքը ձմեռային սեզոնին արդեն ընդունել է 120 հազար այցելու: Այցելուները թե Հայաստանի բնակիչներ են, թե աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այցելուների այս տվյալները գերազանցում են նախորդ ձմեռային սեզոնին գրանցված ցուցանիշները:

«Նախորդ ձմեռային սեզոնի համեմատ, այս տարի այցելուների թիվը մոտավոր 1000-1200-ով ավելին է: Պահանջարկը բավական մեծ է: Ծաղկաձորը միշտ պահանջված է: Մեզ մոտ հիմնական այցելուները հետխորհրդային երկրներից են` Ռուսաստանից, Բելառուսից և այլ պետություններից: Բավական հաճախ են գալիս Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

Փոխքաղաքապետը նկատեց, որ ձմեռային տուրիզմի համար Ծաղկաձորում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կան` ճոպանուղի, սահքուղիներ: Դե իսկ առատ ձյունն էլ անպակաս է: Գարիկ Հայրապետյանի խոսքով, Ծաղկաձոր գալ ցանկացողների թիվը շատ է, պարզապես քաղաքի հյուրանոցային տնտեսություններն առայժմ այդքան հնարավորություն չունեն: Քաղաքում գործում են 42 հյուրանոցներ և հյուրատներ: Ներկայում քաղաքի հյուրանոցային տնտեսությունն ունի մոտ 5200 մահճակալ: Ի դեպ, վերջին մի քանի տարիներին սկսել է զարգանալ հյուրատների մշակույթը: Ծաղկաձորում կեցության 1 օրվա արժեքը սկսվում է 5 հազար դրամից, հասնում 80 հազարի: Այսինքն՝ յուրաքանչյուր այցելուի համար Ծաղկաձորն առաջարկ ունի:

«Պահանջարկից ելնելով` Ծաղկաձորում հյուրանոցների և հյուրատների ավելացման անհրաժեշտություն կա: Կառավարությունը զբոսաշրջության քաղաքականության համատեքստում նախատեսում է ներդրումային միջոցներ ուղղորդել դեպի Ծաղկաձոր: Մենք արդեն մի քանի ուղղություններով ծրարգրեր ներկայացրել ենք»,-ասաց փոխքաղաքապետը: Դրանք կապված են քաղաքի ենթակառուցվածքների, հյուրանոցային տնտեսությունների բարելավման, զբոսաշրջիկների զբաղվածությունն ապահովելու հետ:

Փոխքաղաքապետը նշեց, որ հյուրանոցների սեփականատերերը շարունակում են նոր մասնաշենքեր կառուցել, ընդլայնվել, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունեն: Այդ գործընթացը որևէ տարի կանգ չի առնում: Հյուրանոցների ավելացմամբ ու ընդլայնմամբ էլ ավելանում է նաև նոր աշխատատեղերի թիվը: Աշխատողներ ներգրավվում են տեղից և հարևան համայնքներից: Փոխքաղաքապետը նկատեց, որ այսօր Ծաղկաձորում հարևան համայնքներից մոտ 1000 աշխատող կա:

Ծաղկաձորի քաղաքապետարանը չի բավարարվում եղած ցուցանիշով, աշխատանքներ է տանում թե տեղական, թե արտասահմանյան տուրօպերատորների հետ: Ապահովվում է նաև մասնակցություն զբոսաշրջային ցուցահանդեսներին` Ծաղկաձորը ներկայացնելով որպես դահուկային քաղաք` իր սարերի գրավչությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 1-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։