Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր կորոնավիրուսը, առողջ ապրելակերպը և մեր ֆինանսները

Վերադարձ լուրերի բաժին

Մեզնից շատերն ունեն մտավախություններ ու այդքան էլ գոհ չեն կյանքի ռիթմի փոփոխությունից. ոմանք տանից են աշխատում, ոմանք գուցե չեն էլ աշխատում, մեկի ամառվա պլաններն են փոխվել, մյուսի հարսանիքն է չեղարկվել … մենք բոլորս մի նավում ենք, և չպետք է հուսահատվել, այլ այս իրավիճակում ևս պետք է հոգ տանել առողջ ապրելակերպի և առողջության, ինչպես նաև դրամապանակի պարունակության մասին: Ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նստակյաց կյանքն ու մեր դրամապանակը

Մեզնից շատերն ունեն մտավախություններ ու այդքան էլ գոհ չեն կյանքի ռիթմի փոփոխությունից. ոմանք տանից են աշխատում, ոմանք գուցե չեն էլ աշխատում, մեկի ամառվա պլաններն են փոխվել, մյուսի հարսանիքն է չեղարկվել … մենք բոլորս մի նավում ենք և չպետք է հուսահատվել, այլ այս իրավիճակում ևս պետք է հոգ տանել առողջ ապրելակերպի և առողջության, ինչպես նաև դրամապանակի պարունակության մասին:

Ինչպե՞ս:

Մենք այժմ շարժման մեջ չենք գտնվում այնքան, որքան առաջ: Այս իրավիճակը հաղթահարելու համար, դե, կամ պարզապես որովհետև տանն ենք, ուտում ենք շատ և ամեն ինչ: Տնային տնտեսուհիները զարմացնում են նորանոր բաղադրատոմսերով, իսկ քաղցրավենիքի մասին էլ չենք խոսում: Շատերիս համար խանութ գնալը մի տեսակ տոն է դարձել: Սա կարող է ժամանակավոր սփոփանք լինել, սակայն շատ վտանգավոր է թե՛ մեր առողջության, թե՛ անձնական ֆինանսների համար:

Նոր բաղադրատոմսերով ճաշատեսակներ կարելի է և պետք է պատրաստել, սակայն հաշվի առնենք և ճիշտ տնօրինենք դրանց չափաքանակն ու կալորիաները: Քաղցրավենիքը կարող է օգտակար լինել, բայց ոչ դրա չարաշահումը: Իսկ հայելուն նայել և աշխատանքի գնալ վաղ թե ուշ պետք է լինելու, իսկ առողջության մասին էլ արդեն ասացինք։ Այս ամենն ուղղակիորեն կապված է նաև մեր բյուջեի հետ: Այս օրերին առավել քան երբևէ հարկավոր է հիշել անձնական բյուջեի ողջամիտ կառավարման մասին:

Խելամի՛տ կառավարենք մեր կենցաղն ու բյուջեն

Կազմենք ամսական բյուջեի պլան:

Ճիշտ հաշվարկենք մեր ներկա եկամուտներն ու ծախսերը. շատերիս եկամուտները զգալիորեն նվազել են, հետևաբար հարկավոր է կրճատել նաև ծախսերը:

Իսկ ահա ծախսերի համար մնացած գումարը բաժանենք ըստ շաբաթների:

Շաբաթվա ծախսերն էլ բաշխենք ըստ սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների (օրինակ՝ մաքրման միջոցներ) և լրացուցիչ ծախսերի (օրինակ՝ հագուստ, նվերներ):

Հիշենք, որ եթե ֆինանսիստները «խաղաղ» ժամանակներում առաջարկում են առաջնորդվել 80/10/10 սկզբունքով՝ եկամուտներիդ 80%-ը կարող ես ծախսել, 10%-ը պետք է խնայել, իսկ մնացած 10%-ով կիսվել ուրիշների հետ, ապա այսպիսի իրավիճակների համար անձնական ֆինանսների խորհրդատու Քիմբերլի Պալմերն առաջարկում է անցնել 50/50 սկզբունքին:

Նախատեսված գնումներն ընդդեմ գայթակղիչ գնումների

Գնումներ կատարելիս հետևենք այս քայլերին

Յուրաքանչյուր շաբաթվա համար կազմենք անհրաժեշտ գնումների ցուցակ:

Խանութ գնանք միայն այդ ցուցակով ծրագրած ու մեր շաբաթական ծախսերի համար նախատեսված գումարի չափով գնումներ կատարելու համար:

Չտրվենք «սա էլ գնեմ» գայթակղությանը միայն այն պատճառով, որ ցուցափեղկին տեսնում ենք այս կամ այն բանը, և այդ պահին ցանկություն է առաջանում գնել այն: Մտածենք՝ «իսկ անհրաժեշտ գնումների ցանկին դա պատկանո՞ւմ է»:
Գնենք միայն անհրաժեշտ չափաքանակով, որպեսզի հետագայում ստիպված չլինենք դեն նետել փչացած կամ չօգտագործված մթերքը: Գնահատենք մեր աշխատանքն ու ռեսուրսները։

Երբեմն ցանկություն է առաջանում գնել այս կամ այն իրը, քանի որ տանն ենք և ունենք դրանից օգտվելու համեմատաբար շատ ժամանակ: Սակայն մտածենք, արդյոք այն մեզ պե՞տք է լինելու, երբ վերադառնանք մեր սովորական առօրյային: Եթե մինչ հիմա այդ իրն այնքան էլ անհրաժեշտ չի եղել, գուցե չարժի՞ այն ձեռք բերել միայն ժամանակավոր գործածության համար։

Սովորենք և սովորեցնենք չվատնել

Մենք սովոր ենք սպառելու, երբեմն անգամ վատնելու, ինչը հաղթահարելուն կարող են օգնել այս խորհուրդները:
Խնայելը բարդ չի լինի, եթե սկսենք օրինակ անիմաստ հոսող ջուրը փակելուց (20 վայրկյան ձեռքերը օճառով շփելու ժամանակ), լույսն անջատելուց (երբ երկար ժամանակ է, ինչ խոհանոցում ենք, իսկ միջանցքում մեկ է ոչ ոք չկա) ու գազը անջատելուց (եթե ուտեստը պետք է նորից ջեռոցում տեղադրել 10 րոպեից): Շատերս չենք էլ նկատում, որ իրականում այդպես չենք վարվում։

Այսօր չվատնածի համար կարիք չի լինի վճարել վաղը:

Փորձենք օգտվել առողջ և ոչ թանկ ճաշատեսակների բաղադրատոմսերից և նախապես ծրագրենք շաբաթվա կերակրատեսակներն ու դրա համար անհրաժեշտ ծախսերը: Ի դեպ, ոչ թանկ ամենևին չի նշանակում ոչ համեղ:
Սառնարանի բաղադրության ճիշտ պլանավորումը թե՛ մեր բյուջեի, թե՛ մեր առողջության ճիշտ պլանավորման կարևորագույն բաղադրիչներից է:

Մեր և մեր երեխաների առողջության կարևորագույն բաղադրիչներից է նաև ֆիզիկական ակտիվությունը: Այդ պատճառով փորձենք ճաշատեսակների ընտրության և պատրաստման գործընթացին ներգրավել նաև մեր երեխաներին: Սննդի պատրաստման ընթացքում դա կօգնի պահել նրանց ֆիզիկապես ակտիվ:

Ճաշատեսակների պատրաստման, ընտրության և դրանց համար հատկացվող ծախսերի պլանավորման գործընթացին մեր երեխաներին ներգրավելով՝ նրանց կօգնենք սովորել ճիշտ կազմել բյուջեն, ճիշտ չափաբաժին ընտրել, ճիշտ բաշխել ծախսերն ու չվատնել ռեսուրսները՝ սնունդ, ջուր, բնական գազ, փող և ժամանակ:

Այնուամենայնիվ, եթե սնունդն ավելանում է, մտածենք և մեր երեխաներին էլ հանձնարարենք փորձել գտնել այդ սնունդը այլ կերակրատեսակներում գործածելու կամ լրացուցիչ համեմունքներով մի այլ կերակրատեսակի վերածելու հնարամիտ եղանակներ:

«Վախենում եմ մի տեղ գնալ». խնայելու առիթներ

Իսկ ի՞նչ հնարավորություններ է նոր կորոնավիրուսն ընձեռում խնայելու համար: Մենք ժամանակավոր զրկված ենք/էինք կամ ինքներս մեզ զրկում ենք սրճարաններ, գեղեցկության սրահներ այցելելու, թատրոն ու համերգ հաճախելու, տարեդարձի խնջույքների մասնակցելու և հոբելյարին անակնկալ նվերով զարմացնելու երջանկությունից: Բայց այս «դժվախտությունը» կարելի է և պետք է դարձնել հնարավորություն: Չէ՞ որ մենք հնարավորություն ունենք խնայելու այդ բոլոր գումարները և հատուկ ֆոնդ առանձնացնելու հետագա անակնկալ իրավիճակների համար: Եթե աշխատում ենք տնից, ապա այդ ֆոնդի համար կարող ենք խնայել նաև չվճարվող ճանապարհածախսը:

Առողջ ապրելակերպ և ողջամիտ ֆինանսական որոշումներ

Դե ինչ, չընկճվենք, չմոռանանք մարզվելու (օրինակ՝ նաև համացանցում հասանելի տեսադասերի միջոցով), տարածքում զբոսանքը վայելելու և առողջ ապրելակերպի մասին: Հետևենք մեր ու մեր սիրելիների առողջությանը: Առողջ ու ողջամիտ կերպով տնօրինենք նաև մեր ֆինանսներն ու ռեսուրսները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Կոմիտեն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով

Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։