Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նոր կառավարության ծրագիրը՝ առաջին հայացքով

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 03 Հունիս 2018

E-Gov.am կայքում երկու օր առաջ հրապարակվեց ՀՀ կառավարության ծրագիրը։ Դեռ ժամանակ կլինի այն մանրամասն, կետ առ կետ ուսումնասիրելու և տեսակետ հայտնելու համար, այս պահին պարզապես արձանագրենք այն կետերը, որոնք անմիջապես աչքի են զարնում։

Այսպես, կառավարության ծրագիրը բավականին լակոնիկ է՝ 33 էջ կամ 5769 բառ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ծրագիրը, որը ներկայացվել էր մինչև խորհրդարանական ընտրությունները՝ 2016 թվականի հոկտեմբերին, նույնպես բաղկացած էր 33 էջից կամ 5773 բառից։ Ավելի լակոնիկ եղել էր միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003թթ. ծրագիրը՝ 4974 բառ։

Հիշեցնենք նաև, որ փոխարենը՝ Կարեն Կարապետյանի կառավարության արդեն երկրորդ ծրագիրը, որը ներկայացվեց արդեն ընտրություններից հետո՝ 2017 թվականի հունիսին, ռեկորդային էր երկարության առումով։ Այն բաղկացած էր 25 172 բառից (122 էջ)։

Կարելի է ենթադրել, որ, ինչպես Կարապետյանի դեպքում, այնպես էլ Փաշինյանի դեպքում, այս ծրագրի լակոնիկությունը պայմանավորված է, այսպես ասած, միջանկյալ, ժամանակավոր բնույթով։ Կարապետյանի ծրագրից 6 ամիս անց պետք է ընտրություններ տեղի ունենային, իսկ այս կառավարության ծրագրում էլ նշվում է, որ արտահերթ ընտրություններ են լինելու առնվազն մեկ տարի հետո։

Սակայն մի տարբերություն այս առումով կա. Կարապետյանի առաջին ծրագրում շեշտը դրված էր հիմնականում առաջին 6 ամիսների գործունեության վրա։ Այսինքն՝ գործողությունները բաժանված էին կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածների, և որոշ քայլերի իրականացման համար հստակ ժամկետներ էին նշվում՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի և այլն։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը ժամկետների առումով անորոշ է։ Այսինքն՝ անհասկանալի է, թե ծրագրի դրույթների ո՞ր մասն է հասցնելու իրագործել ա՛յս կառավարությունը՝ մինչև արտահերթ ընտրությունները։

Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ կառավարության ծրագրում թվեր ընդհանրապես չկան։ Օրինակ՝ խոսվում է աղքատության նվազման, ներդրումների աճի և այլնի մասին, սակայն թվային թիրախներ կամ նպատակադրումներ չկան (ասենք՝ մինչև քանի՞ տոկոս է կառավարությունը պատրաստվում նվազեցնել աղքատությունը)։

Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրն էլ թվերով հարուստ չէր, սակայն այնտեղ առնվազն 4 հստակ թվային նպատակադրումներ կային։ Այսպես, 2017-2017-2022 թվականների ընթացքում կառավարությունը նպատակադրում էր համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճ, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում:

Սա ինչ-որ առումով բացատրելի է։ Նոր կառավարությունը, ըստ էության, շատ քիչ ժամանակ ուներ թվերով և հաշվարկներով հիմնավորված ծրագիր մշակելու համար։ Առավելևս, որ, ինչպես նշեցինք, այս կառավարությունը ժամանակավոր բնույթ ունի։ Կարծում ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, և ընտրություններում հաղթելու դեպքում՝ արդեն նոր կառավարության ծրագիրը, կլինեն ավելի համապարփակ և թվային հիմնավորումներով։

Բացի այդ, կառավարությունն իր այս ծրագրում ակնարկել է, որ վիճակագրական այդ թիրախներն այդքան էլ չի կարևորում։ «Տնտեսության զուտ վիճակագրական աճը, որը էական ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում, մնում են որպես սովորական վիճակագրություն։ Մինչդեռ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորությունը կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն իր վրա զգալ տնտեսական աճի հետևանքներըց,- նշված է ծրագրում։

Տնտեսական բաղադրիչը կառավարության ծրագրում բաղկացած է 4 հիմնական ենթաբաժիններից՝

– Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ,

– Պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում,

– Տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում,

– Տնտեսական զարգացման առաջնահերթություններ։

Առաջին մասում նշվում է, որ տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։

Ստվերի դեմ պայքարի և պետական եկամուտների մասով՝ շեշտվում է, որ տնտեսական իրական զարգացմանը մեծապես խոչընդոտող մեկ այլ գործոն է ստվերային տնտեսվարումը։ «Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով կառավարությունը խնդիր է դրել էականորեն կրճատել ստվերային տնտեսությունը և ապահովել պետական եկամուտների ծրագրավորվածից էականորեն բարձր կատարողական։ Նման խնդրի իրագործման իրատեսականությունը հիմնավորվում է նրանով, որ հատկապես խոշոր բիզնեսում ստվերային շրջանառության ծավալները համաձայնեցված և որոշված են եղել իշխանության ներկայացուցիչների հետ»։

Ինչպե՞ս է կառավարությունը հասնելու աղքատության հաղթահարմանն ու զբաղվածության աճին։ Ծրագրից երևում է, որ կառավարությունն այդ առումով բավականին լավատես է՝ ակնկալվող ներդրումային բումի հնարավորությամբ։

«Կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վեր են ածվելու ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումները ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները»,- նշված է ծրագրում։

Ինչ վերաբերում է տնտեսական առաջնահերթություններին, ապա կառավարությունն առանձնացրել է երեք ամենակարևոր ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։ Շեշտվում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի ռազմաարդյունաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կլինի ապահովել մեր բանակի մարտունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը։

Գյուղատնտեսության մասով՝ կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ. «Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»։

Զբոսաշրջային բումը նույնպես կառավարությունը հիմնականում պայմանավորում է հեղափոխությամբ։ «Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։

Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը»,- նշված է ծրագրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։