Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները: Գործադիրի ղեկավարը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունների կարևոր բաղադրիչն է Առևտրատնտեսական համագործակցությունը: «Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով»,- ասել է Փաշինյանը:

_47I6997

Նա նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:

_TM_3126

«Հուլիսին մենք սկսեցինք համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը: Այս նախագիծն իրականացնում է Renco ընկերությունը՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումային ծրագրում ներգրավված են նաև իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Renco-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 2000-ականների սկզբից և մեծածավալ ներդրումներ է կատարել հյուրանոցներում, լյուքս դասի բազմաբնակարան շենքերում և գրասենյակային նախագծերում»,- շեշտել է վարչապետը:

_47I6889

Նա հիշեցրել է, որ 2019 թվականի հունիսին մենք հյուրընկալեցինք հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար համաժողովն էր:

_47I6971

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հեղափոխությունից ի վեր արձանագրված տնտեսական ցուցանիշները և հաջողությունները: Նա ասել է, որ իր կարծիքով՝ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող Հայաստանում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է։

_47I6798

«Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն: Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է կառավարության արտաքին ներդրումների շրջանակի մաս։ Կառավարության ղեկավարը չի համաձայնել, թե Հայաստանը փոքր շուկա ունի: Նա նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող:

Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ինչո՞ւ ընտրել Հայաստանը» թեմայով ամփոփ զեկույցի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի, ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների կառավարման ոլորտում ներդրումային հնարավորությունների, ֆինանսական շուկայի վերաբերյալ։

_47I7016

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը: Նա անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, ներկայացրել մեր երկրում գինեգործության, մրգային օղիների և գինիների արտադրության ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հնարավորություններ, խոսել Հայաստան-Եվրոպական միության համագործակցության օրակարգի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակության և Եվրասիական տնտեսական միությունում նախագահության, ԵԱՏՄ շրջանակում առկա հնարավորությունների, ԵԱՏՄ-ԵՄ միջև Հայաստանի՝ կապող հարթակ հանդիսանալու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, և ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում և նպատակադրել է խթանել տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը։

_47I7135
«Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» հայ-իտալական գործարար համաժողովին մասնակիցների թիվը հասնում էր 150-ի։ Մասնակցում էին Իտալիայի գործարար համայնքի իտալացի և հայ ներկայացուցիչներ, Միլանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։