Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել մայիսի 30-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին:

«Մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ առաջին չորս ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7.1 տոկոս աճ են ունենում: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել:

Ուզում եմ մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով: Շինարարության ոլորտում, իհարկե, աճն ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում ենք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան: Ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի: Մենք հիմա, կարծում եմ, ճիշտ քաղաքականություն ենք վարում, երբ շինարարական նախագծերը կամ հիպոթեկային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի և կոնկրետ ծրագրի հետ: Այսինքն՝ մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց, համոզված եմ, որ շինարարության ոլորտում ակտիվությունը շատ ավելի շոշափելի կլինի, չնայած առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք, այնուամենայնիվ, որոշակի տեսել ենք: Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է: Երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը, և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաև միջին անվանական ամսական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և կարծում եմ՝ այս դինամիկան, առաջիկայում սպասվող և կանխատեսվող, այսինքն հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: Եվ մենք հույս ունենք նաև, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի այս դինամիկան կնկատվի ավելի շոշափելի նաև մասնավոր հատվածում: Եվ սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,-ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական հիմնական ցուցանիշները և նշել, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7 տոկոսով։ Մասնավորապես, ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 60 տոկոսով, ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամիսների արտահանումը կազմել է 14 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68 տոկոս, շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է 5 մլն դոլար՝ արտահանման ծավալն աճել է 34 տոկոսով։ Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատ կազմել է 11 տոկոս։ Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5 տոկոս: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20 տոկոսով։ Կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7 տոկոս։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված տվյալներն ավելի ամրապնդեցին տնտեսության լավ տրամադրություն ունենալու մասին հայտարարությունը: «Եվ սա իսկապես շատ լավ նորություն է: Պետք է խոստովանել, նախորդ ամիսներին մենք շատ կենտրոնացած էին տնտեսության վրա և հիմա պետք է, այդ կենտրոնացվածությունը չթուլացնելով, նաև այլ մեզ հայտնի ոլորտներում առկա խնդիրները քայլ առ քայլ լուծենք, որովհետև ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի, և դա մենք անպայման կանենք»,-ասել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ոլորտում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: «Այն կարևորագույն ճանապարհահատվածները, որոնց նախագծման հետ խնդիրներ են եղել, նախատեսում են մեկ անձի միջոցով նախագծերը պատվիրել։ Այս տարի կունենանք 330 կմ-ից ավելի կնքված ճանապարհահատվածներ, կաշխատենք ավելին անել, սակայն 330 կիլոմետր նախանշվածը ամբողջությամբ կիրականացնենք»,-նշել է փոխնախարարը։

Կառավարության ղեկավարը տնտեսության զարգացման համատեքստում կարևորել է նաև ճանապարհաշինությունը և ընդգծել. «Իհարկե, կապիտալ շինարարության առումով միայն ճանապարհաշինությունը չէ, բայց ճանապարհաշինությունն ունի երկու շատ կարևոր նշանակություն: Առաջինը՝ ենթակառուցվածքների զարգացումն ինքն ակտիվացնում է տնտեսությունը: Կարծում եմ՝ ճանապարհների կառուցումը և լավ վիճակն ունի շատ կարևոր հոգեբանական նշանակություն ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի, մարդկանց տրամադրության վրա: Եվ մենք պետք է իսկապես հնարավորինս արագ տեմպերով, բայց որակի մասին չմոռանալով, հանրապետության ճանապարհները բերենք բարձր մակարդակի»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: