Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Վերադարձ լուրերի բաժին

01:15 , 04 Հունիս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքի, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին:

Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019 թ. կատարվել է 56 միջոցառում, 2020 թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթևի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների և արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների և 100-ից ավելի գործարարների համար: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաև առցանց: Զեկուցվել է նաև Ներդրումների աջակցման կենտրոնում ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում գտնող ծրագրերի մասին:

b4b.am

Նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն արտացոլելու նպատակով լրամշակման փուլում են արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության և չափագիտության ռազմավարությունները: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջիկա անելիքների առումով իրականացվելու են գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, արդյունաբերության զարգացման, ՓՄՁ խթանման, գյուղատնտեսության աջակցության և արդիականացման շարունակական միջոցառումներ:

Նախարարի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքով և որակով: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: Վարչապետին ներկայացվել են ՊՄԳ կազմակերպման հիմնական սկզբունքները, նշվել է, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է:

– Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում:

– Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման, համապատասխան մասնագետների ներգրավման և տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել:

Վարչապետը հետաքրքրվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացման ընթացքով: Նախարարը զեկուցել է, որ աշխատանքները տարվում են գործող աջակցության ծրագրերի լավարկման, հարկային կարգավորումների բարելավման, հողային ռեֆորմի իրականացման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրի իրականացման և պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման համակարգի գործարկման ուղղություններով:

Նշվել է, որ գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Ներկայացվել է նաև ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրման միջոցառումների ընթացքը: Վարչապետը կարևորել է գյուղոլորտի պետական աջակցության արդյունավետ իրականացումը և հանձնարարել ձեռնարկել առավել դանդաղ տեմպով իրականացվող միջոցառումները խթանող քայլեր:

Հողային ռեֆորմի մասին նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի և Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչև տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: