Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներդրումներ. փակագծերը բացելու ժամանակը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

10:07 , 11 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսության իրական հատվածում 2017 թվականի հունվար-հունիսին կատարված ներդրումների անկումային ցուցանիշները բուռն քննարկման առարկա դարձան մամուլում և սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ իրական հատվածում կատարված ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը երկրորդ եռամսյակում բացասական է՝  -24.8 մլրդ դրամ։ Այսինքն՝ ավելի շատ կապիտալ արտահոսել է, քան ներհոսել։ 2016 թվականի երկրորդ եռամսյակում ցուցանիշը նույնպես բացասական էր, սակայն ավելի քիչ՝ – 15 մլրդ։

Ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, ճիշտ է, բացասական չէ՝ 17.3 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշից պակաս է 1.1 մլրդ դրամով։

Առաջին կիսամյակի ներդրումային վիճակագրությանը մենք սեպտեմբերի 2-ին արդեն անդրադարձել ենք այս հրապարակմամբ։

Սակայն թեման շարունակում էր արդիական մնալ, և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ստիպված ծավալուն պարզաբանում ներկայացրեց ներդրումների թեմայով։

     Զուտ հոսքերը նվազել են, ստացումները՝ աճել

ՏԶՆ նախարարության պարզաբանման գլխավոր ասելիքն այն է, որ զուտ հոսքերը չի կարելի նույնացնել ներդրումների ընդհանուր հոսքերի (ստացումների) հետ։

«Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի՝ զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան», – նշված է պարզաբանման մեջ:

Իսկ որքա՞ն են եղել ստացումները։ ՏԶՆ նախարարությունը նշել է, որ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում, և այդ թվերը հաշվարկվել են իրենց կողմից:

Ըստ այդ հաշվարկների՝ 2017 թվականի առաջին կիսամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար:

Ավելին, ըստ նախարարության՝ 2017 թվականի հունվար-հունիսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ընդհանուր և ուղղակի ստացումները ավելացել են համապատասախանաբար 36.6 և 26.3 տոկոսով (2016-ի առաջին կիսամյակում ընդամենը ստացումները եղել են 749.6 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ 259.8 մլն դոլար։

mineconomy1

Աղբյուրը՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

     Ինչպես է նախարարությունը ստանում ներդրումների թիվը

Ինչպես նշեցինք, ՏԶՆ նախարարությունն ասում է, որ օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում, և այդ թվերը իրենք են հաշվարկում։

Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Այնքան պարզ, որ պարզ թվաբանությունից գլուխ հանող ցանկացած մարդ կարող է ԱՎԾ-ի տվյալների հիման վրա ստանալ այդ թվերը։

Այո, ԱՎԾ-ն ներդրումների հոսքերը եռամսյակների ընթացքում չի հրապարակում, սակայն հրապարակում է իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը` յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջի դրությամբ։

Այլ կերպ ասած, հրապարակում է 1988թ. մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածում միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը։ Կարճ ասած, հրապարակում է կուտակային ցուցանիշ։

ՏԶՆ նախարարությունը ներդրումների հոսքերը ստանալու համար պարզ թվաբանական գործողություն է կատարում՝ ժամանակահատվածի վերջի թվից հանում է ժամանակահատվածի սկզբի թիվը։

Կոնկրետ օրինակով դիտարկենք։

2017 թվականի հունիսի վերջի դրությամբ ընդամենը ներդրումների հոսքը կազմել է 6 տրիլիոն 774 մլրդ 521.5 մլն դրամ։ 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ այդ թիվը 6 տրիլիոն 278 մլրդ 124.7 մլն դրամ էր։

Դրանց տարբերությունը ստացվում է 496.4 մլրդ դրամ կամ 1024.4 մլն դոլար (հունվար-հունիսի միջին փոխարժեքով)։

inv-001

Գծապատկերը կազմված է մեր կողմից՝ ԱՎԾ տվյալների հիման վրա

Նույն կերպ, ուղղակի ներդրումների հոսքերի ծավալը 2016 թվականի 3 տրիլ 541 մլրդ 626 մլն դրամից հունիսի վերջին հասել է 3 տրիլիոն 700 մլրդ 603.7 մլն դրամի։ Կիսամյակիընթացքում եղել է շուրջ 159 մլրդ դրամի կամ 328 մլն դոլարի ուղղակի ներդրումների հոսք։

inv-002

Գծապատկերը կազմված է մեր կողմից՝ ԱՎԾ տվյալների հիման վրա

 

     Որքանո՞վ է «կիրառելի» նախարարության հաշվարկած ցուցանիշը

ՏԶՆ նախարարության կողմից ներդրումների հոսքերի հաշվարկը պարզ է։ Սակայն որքանո՞վ է կիրառելի այդ հաշվարկով ստացված թիվը և որքանո՞վ է համադրելի միջազգային և տեղական հրապարակումներում նշված ցուցանիշների հետ։

Օրինակ, ըստ ՏԶՆ մեթոդաբանության, կարելի է հաշվել, որ ներդրումների ընդամենը ստացումները 2016 թվականին կազմել են 2031,5 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումների գծով ստացումները՝ 715.7 մլն դոլար։ Սակայն այս թվերը ԱՎԾ-ի կողմից տարվա կտրվածքով հրապարակվող ներդրումային վիճակագրության մեջ չկան։ Կարող եք ինքներդ ստուգել Օտարերկրյա ներդրումները 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կոչվող զեկույցը։

Փոխարենը՝ տարվա կտրվածքով ԱՎԾ-ն հրապարակում է այս աղյուսակը։

table-1

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ընդամենը ներդրումները ըստ այս զեկույցի 2016 թվականին կազմել են 1 մլրդ 215 մլն դոլար, ուղղակի ներդրումները՝ 338 մլն դոլար։

Այս թվերը ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա և, մասնավորապես, ուղղակի ներդրումների մասով այս 338 մլն դոլարը կարելի է Համաշխարհային բանկի և այլ կառույցների բազաներում, և ոչ թե վերը նշված հաշվարկով ստացված 715.7 մլն դոլարը։

wb-01

 

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

 

     Խոստումների մասով

ՏԶՆ նախարարությունն անդրադարձել է նաև կառավարության խոստումներին՝ 2017 թվականի ընթացքում 830-850 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր իրագործելու մասով։

Այս կապակցությամբ պարզաբանման մեջ նշվում է.

«Խոսքը գնում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017 թ․: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է»։

Այս պատասխանն իրականում ավելի շատ հարցեր է առաջ քաշում։ Ուշադրություն դարձրեք հատկապես «այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր…»արտահայտությունը:

Եթե ձևակերպումը ճիշտ ենք հասկանում, ուրեմն ներդրումների մեջ հաշվարկվելու են նաև միջազգային վարկերը։ Ու եթե այդպես է, կրկին աչքի անցկացրեք վերևում տեղադրվաց աղյուսակը. վարկերը ներառված են  «այլ ներդրումներ» հոդվածի տակ, որի ծավալը անցած տարի եղել է 820 մլն դոլար։

Ուղղակի ներդրումների մեջ վարկերը չեն ներառվում։ Ու ըստ այդմ ստացվում է՝ կառավարությունը խոստացած  830-850 մլն դոլարը վերաբերում է ոչ թե ուղղակի ներդրումներին, այլ ընդամենը ներդրումներին։  Իսկ ընդամենը ներդրումների ծավալը նախորդ տարի կազմել է 1215 մլն դոլար։ Ստացվում է՝ կառավարությունն իրականում խոստացել է ավելի քիչ ներդրո՞ւմ բերել։

 Ենթադրում ենք, որ այդպես չէ։ Սակայն այս հարցում վերջնական կոնկրետություն մտցնելու համար կառավարությունից 1 բան է պահանջվում։

 

     Ինչ է պետք հրապարակել

Քանի որ ներդրումային վիճակագրությունը ներկայացվում է շատ խրթին ու անհասկանալի ձևով՝ տարբեր ցուցանիշներով, կառավարությանը հորդորում ենք կոնկրետ պատասխանել, թե Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներում հանդիպող այս ցուցանիշներից ո՞ր մեկն է, որ 2017 թվականի պիտի ունենա 830-840 մլն դոլարի արժեք՝

1. Ընդամենը ներդրումների զուտ հոսքեր (ներկայացվում է ՀՀ դրամով)

2. Ուղղակի ներդրումների զուտ հոսքեր (ներկայացվում է ՀՀ դրամով)

3. Ընդամենը ներդրումներ՝ ըստ վճարային հաշվեկշռի (ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնում՝ ըստ ԿԲ տվյալների, ներկայացվում է ԱՄՆ դոլարով)

4. Ուղղակի ներդրումներ՝ ըստ վճարային հաշվեկշռի (ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնում՝ ըստ ԿԲ տվյալների, ներկայացվում է ԱՄՆ դոլարով),

5. Ընդամենը ներդրումների հոսքեր կամ ստացումներ (հաշվարկվում է ՏԶՆ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով ԱՎԾ տվյալները)։

6. Ուղղակի ներդրումների հոսքեր կամ ստացումներ (հաշվարկվում է ՏԶՆ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով ԱՎԾ տվյալները)։

Կարճ ասած, երկար պարզաբանումների փոխարեն՝ կառավարությունը ավելի լավ կանի մեկ թվով նշի՝ նշված 1-ից 6 կետերից ո՞ր մեկին է վերաբերվում 830-850 մլն դոլարի խոստումը։ Կարծում ենք՝ դա դժվար չի անել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է