Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներդրումների և տնտեսական հեղափոխության մասին

Վերադարձ լուրերի բաժին

«Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը hamakarg.am կայքում հրապարակած ծավալուն հոդվածում անդրադարձել է ՏՏ և այլ ոլորտներում գործող տարբեր ձեռնարկություններին ՀՀ կառավարության շորհած արտոնություններին և այդ արտոնությունների ֆինանսական հետևանքներին՝ ՀՀ բյուջեի վրա: Խաչատրյանը նշել է, որ այդ քայլը հակամրցակցային է: Հոդված՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի կառավարությունը զարմացած է, թե ինչու են ներդրումներն այսքան քիչ։ Չէ որ, փայլուն հեղափոխությունից հետո, նույնքան փայլուն տնտեսական քաղաքականություն են վարում և, պետք է որ, Հայաստանը դրախտ լիներ ամեն տեսակ ներդրողների համար։ Կարևոր է այս հարցը քննարկել գործարարի տեսակետից՝ ինչու Հայաստանում ներդրումներ չեն կատարվում և ինչու չի արվում տնտեսական հեղափոխություն։

Իհարկե նախորդ կառավարությունների համակարգված գողությունը և ստվերը վերացել է, և դա անմիջապես տնտեսական նկատելի արդյունք տվեց։ Դրական արդյունքները, մանավանդ հարկահավաքման գործում, մենք տեսնում ենք։ Այդ դրական քայլերի արդյունքը դեռևս շատ ավելին է, քան սխալ քայլերի տված վնասը և, հավանաբար, դա էլ խանգարում է կառավարությանը գիտակցել տնտեսությունում եղած արատները և իրենց սխալ քայլերի մասշտաբները:

Որպեսզի այդ մասին ասվածը ընկալվի, նախ նկարագրենք, թե ինչպիսին է Հայաստանում տնտեսական մրցակցության վիճակը և տնտեսության մեջ կոռուպցիայի իրական վիճակը։ Պետք է նշել, որ սխալ տնտեսական քաղաքականությունն սկսվել է նախորդ կառավարությունների ժամանակ, և նոր իշխանությունները եռանդով խորացնում են դրանք։ Պատմությունը և օրինակները հիմնականում ՏՏ ոլորտի և Հայկական Ծրագրեր ընկերության մասին են։ Ես այս ոլորտը լավ գիտեմ և օրինակները շատ ցայտուն են։

Տնտեսական մրցակցության հարցում առանց փոփոխությունների․
2015 թ․ ապրիլին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՏՄՊՊՀ) վարույթ սկսեց Հայկական Ծրագրեր ընկերության դեմ՝ «Օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ» ձևակերպումով։

Կարիք չկա հիշել 4․5 տարվա վարույթների և դատական նիստերի պատմությունը, միայն ասեմ, որ մեզ այդպես էլ չեն ասել, թե ինչ խախտում ենք արել։ Մեզ ուղղակի ասացին՝ «Վարույթը վերջանա, կասենք։ ! ! !»

Մրցակցության իրական խնդիրները Հայաստանում․

Այս նույն ժամանակ Հայաստանում տեղի են ունենում մրցակցությունը, մասնավորապես՝ մեր մրցակցային իրավունքները խախտելու աղաղակող երևույթներ։ Այս երևույթների զգալի մասի հեղինակը ՀՀ կառավարությունն է, իսկ ՀՏՄՊՊՀ-ն կամ չի գիտակցում դրանց հակամրցակցային լինելը կամ չի համարձակվում կառավարությանն ասել այդ մասին։ Նկարագրենք մի քանի օրինակ, նորից ՏՏ ոլորտի և Հայկական Ծրագրերի կյանքից։

Առաջին՝ Արտոնություններ․

Երկրի բոլոր ձեռնարկությունները, անկախ իրենց գործունեության ոլորտից, մրցակցում են միմյանց հետ տարբեր ռեսուրսների համար։ Եթե կառավարությունն արտոնություն է տալիս մի ձեռնարկության, ասենք տրիկոտաժ արտադրողի, դա բացասական է անդրադառնում մյուս բոլոր ձեռնարկությունների վրա, այդ թվում՝ մեր կազմակերպության վրա, որովհետև մենք և այդ արտոնություն ստացած ձեռնարկությունը կարիք ունենք բազմաթիվ նույն ծառայությունների և ապրանքների, օրինակ՝ իրավաբանի ծառայության, համակարգիչների և այլն։ Արտոնություն ստացածին ավելի հասանելի կլինեն այդ ծառայությունները և ապրանքները, ընդ որում՝ դա փաստացի հնարավոր է լինում արտոնություն չստացածների, այդ թվում մեր, ֆինանսավորման (հարկերի) շնորհիվ։ Արտոնություններ տալը մրցակցության օրենքի ուղղակի խախտում է։ ՀՏՄՊՊՀ-ն պետք է վարույթ հարուցի կառավարության դեմ արտոնություն տրամադրելու ամեն որոշման դեպքում։

Երկրորդ՝ Արտոնություններ ՏՏ ձեռնարկություններին․

Ձեռնարկության մրցակցային հնարավորությունների վրա, շատ ավելի ծանր է անդրադառնում, երբ արտոնություն են ստանում նույն ոլորտի ձեռնարկությունները։ ՏՏ ոլորտում մոտ 1000 ձեռնարկություններից մոտ 500-ն ունեն զգալի հարկային արտոնություններ՝ զրո տոկոս շահութահարկ և 10 տոկոս եկամտային հարկ։ ՏՏ ոլորտի բոլոր ձեռնարկությունները մրցակցում են միմյանց հետ ամենակարևոր ռեսուրսի՝ մասնագետների համար։ Այս չափի արտոնություններն ուղղակի մահացու են արտոնություն չստացածների համար։ Ոլորտի ներսում արտոնություն տալը արդեն անմեղ անգրագիտություն չի։ Ուղղակի, ՏՏ ոլորտից, բիզնեսից և տնտեսագիտությունից ոչինչ չհասկացող մարդիկ նստած որոշում են՝ այս ընկերություններից (բնական է, աշխատող ընկերություններից) պետք է հարկերը հավաքել և տալ այն ընկերություններին, որոնք ըստ այդ չինովնիկների մեծ ապագա ունեն։

Երրորդ՝ Արտոնություններ 1С հաշվապահական համակարգ վաճառողներին․

Մեր՝ Հայկական Ծրագրեր կազմակերպությունը զբաղվում է բանկային և հաշվապահական ծրագրեր մշակելով և ներդնելով։ Հաշվապահական համակարգերի շուկայում մեր հիմնական մրցակիցներից մեկը ռուսական 1С հաշվապահական ծրագիրն է ։ Եւ ահա, մեր կառավարությունը հարկային արտոնություններ է տալիս նաև 1С հաշվապահական ծրագիրը Հայաստանում վաճառողներին։ Այստեղ արդեն ՀՏՄՊՊՀ-ի միջամտությունը բավարար չի։ Այս հարցով պետք է զբաղվի նաև ԱԱԾ-ն։

Չորրորդ՝ Հսկայական ստվեր ավտոմատացման շուկայում․

Եթե ՀՏՄՊՊՀ-ն 4.5 տարի մեզ տուգանելու հսկայական ջանքերի մի փոքր մասը ծախսեր Հայաստանի հաշվապահական և առևտրական համակարգերի շուկան ուսումնասիրելու վրա, հետաքրքիր պատկեր կտեսներ։ Այն կազմակերպությունները, որոնք աշխատում են Հայկական Ծրագրեր ընկերության հաշվապահական կամ առևտրական համակարգերով, կներկայացնեն համակարգը ձեռք բերելու և սպասարկելու բոլոր փաստաթղթերը։ Իսկ այլ համակարգերով աշխատող կազմակերպությունների զգալի մասը որևէ հիմնավորում չի ներկայացնի, նրանք համակարգերը ձեռք են բերում ստվերում աշխատող կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից։ Առևտրական համակարգերի դեպքում այդ չափը հասնում է մինչև 80-90 տոկոսի։ Արտոնությունների և ստվերի պատճառով հսկայական հարկեր չեն մուծվում բյուջե։ Այս հարցով պետք զբաղվի նաև ՊԵԿ-ը, չի զբաղվում։

Արտոնությունների այս օրինակները թեև ՏՏ-ին վերաբերվում են ամենամեծ չափով, բայց արդեն ընդգրկել են տնտեսության բոլոր ճյուղերը։ Իսկ հիմա արդեն արտոնություն են տալիս տիեզերական ոլորտում աշխատող կազմակերպությունների։ Գնահատում ենք կառավարության հումորի զգացումը։

Արտոնությունները կոռուպցիա են․

Պետք է տարբերել կաշառքը և կոռուպցիան։ Կաշառք ասում են այն դեպքում, երբ ուղղակի փող է տրվում։ Կոռուպցիան ավելի ընդհանուր հասկացողություն է։ Կոռուպցիա ասում են, երբ օգտագործելով պետական լծակները ինչ որ մարդիկ կամ կազմակերպություններ ստանում են որոշակի առավելություններ, ինչի համար կարող են «շնորհակալ» լինել ամենատարբեր ձևերով։ Առավելություններ ստանալու ամենատարածված ձևերից է արտոնությունը։ Կոռուպցիա և արտոնություն տերմինները ուղղակի հոմանիշներ են։

ՏՏ ոլորտում մոտ 90-100 մլն դոլարի շրջանառություն գտնվում է արտոնյալ հարկային դաշտում։ Այդ ձեռնարկությունները բյուջե չեն վճարում 15-20 մլն դոլար։ Ինչ որ մարդիկ օգնում են ինչ որ այլ մարդկանց, չվճարել 15-20 մլն դոլար։ Հայաստանում ստեղծված է հակակոռուպցիոն հանձնաժողով։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է լուրջ հետաքննություն անի այս հարցով։

Արտոնությունների վնասակար լինելու մասին գրված է էկոնոմիկայի ցանկացած դասագրքում։ Արտոնություն տալը արագ ինչ որ բան ստեղծելու պատրանք է միայն։ Ազատ մրցակցությունը արագ խթան չի, ինչին անընդհատ ձգտում է կառավարությունը, դա մեծ տնտեսական արդյունավետություն է ապահովում իր գոյության ամբողջ ընթացքում։ Մեր կառավարությունը, առանց պատկերացում ունենալու, թե ինչ ավերիչ բան է արտոնությունը և ինչ հզոր բան է ազատ մրցակցությունը, ակտիվ միջամտում է տնտեսական հարաբերություններին և հետևողականորեն իրար է խառնում ամբողջ մրցակցային դաշտը։ Կառավարության բոլոր տնտեսագետները պետք է կտրականապես դեմ լինեին արտոնություններ տրամադրելուն։ Արտոնություններն ուղղակի պետք է արգելեր էկոնոմիկայի նախարարությունը, մինչդեռ էկոնոմիկայի նախարարն անձամբ ներկայացնում և հիմնավորում է նոր արտոնություններ։

Կառավարության պրոֆեսիոնալիզմի պատկեր
ՏՏ ոլորտի իրական ծավալը 2018 թ. եղել է 120 մլն դոլար, ինչը ոլորտի հետ կապ չունեցող ձեռնարկություններին արտոնություն տալու և ՏՏ ոլորտում գրանցելու միջոցով դարձրել են 180 մլն դոլար։ Վարչապետը իր 100 փաստ Հայաստանի մասին ելույթում ներկայացրել է 730 մլն դոլարի ծավալ։ Աներևակայելի է, ինչպե՞ս են ՏՏ նախարարությունը, ՀՀ վիճակագրության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը, կառավարության աշխատակազմը թույլ տվել, որ այդքան աղավաղված տվյալ հասնի վարչապետին։ Վարչապետը հայտնել է նաև ՏՏ ոլորտում 4,157 նոր աշխատողների մասին, մինչդեռ մեր ԲՈՒՀ-երը միասին տալիս են ընդամենը ՏՏ ոլորտի 572 շրջանավարտ, որոնց 60 տոկոսը այնքան անպատրաստ է, որ երբեք ՏՏ ոլորտում չի աշխատում։ 2018թ․ ՏՏ ոլորտի ծավալի մասին տարբեր պետական մարմիններ հայտնում են տարբեր տվյալներ։ ՏՏ ոլորտի մասին ունենք հետևյալ պատկերը՝

Հայաստանի վիճակագրական կոմիտե՝ 180 մլն դոլար։ Հայաստանի վարչապետ՝ 730 մլն դոլար։ ՏՏ գործիչ Կարեն Վարդանյան՝ 900 մլն դոլար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ մեկ միլիարդ դոլար։ Այսպիսի ալտերնատիվ ճշմարտություններ։

Մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որտեղ հեղինակներն ասում էին, թե մեր կրթության, մեր մասնագետների այս մակարդակով հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, մանավանդ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Ըստ երևույթին այդ կարծիքներին ի պատասխան, կառավարությունը քննարկում արեց, որի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ այո, կստեղծենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որն էլ կխթանի կրթությունը։ Այսինքն՝ սկզբում բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, հետո կրթություն։ Մեր կառավարությունը կարծում է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ստեղծելու համար մասնագետներ չեն պետք, նախարարություն է պետք։

Կառավարության նիստերից մեկի ժամանակ կարծիք հնչեց, թե արտոնություններ տալը բացասաբար կազդի բյուջեի մուտքերի վրա։ Վարչապետ Փաշինյանը սկսեց հակառակն ապացուցել, որ ոչ՝ բացասական չի ազդի։ Դահլիճում նստած էին տնտեսագետներ և վարչապետը նրանց տնտեսագիտություն էր բացատրում։ Տնտեսագետները գլուխները կախ լսում էին, ոչ մի առարկություն։ Արտառոց տեսարան էր։ Մենք տեսնում ենք, որ մեր կառավարությունը և նրա մարմինները կամ չեն տիրապետում իրենց ոլորտին կամ անտարբեր են կամ վախենում են ձայն հանել։ Կարծում եմ երեքը միասին։

Ինչու չեն արվում ներդրումներ
Մեր վարչապետը, նախարարները ամենուր գովաբանում են Հայաստանի փայլուն բիզնես միջավայրը և կոչ են անում գործարարներին ներդրումներ անել Հայաստանում։ Ներդրումները չկան։ Ինչու՞։

Բանն այն է, որ գործարարները որևէ երկրում ներդրում անելու որոշում ընդունելիս լսում են ոչ թե այդ երկրի կառավարության ասածը, այլ լսում են մյուս գործարարներին և կարդում են անկախ մամուլը։ Բոլոր երկրների կառավարությունները, Ամերիկայից մինչև Սոմալի նույն բանն են ասում՝ մեր մոտ ամեն ինչ փայլուն է, բերեք ձեր փողերը։

Պոտենցիալ ներդրողնեըը լավ գիտեն, որ Հայաստանում չկա ազատ մրցակցային պայմաններ, որ կա հովանավորչություն, որ կազմակերպությունները կարող են անիմաստ հետապնդվել, որ պետական մարմինները ոչ կոմպետենտ են, որ մասնագետների ահռելի պակաս կա բոլոր ոլորտներում։

Այս օրերին նոր տեղեկատվություն ստացվեց հարևան Վրաստանի Քութայիսի քաղաքում կառուցվող տեխնոլոգիական համալսարանի մասին։ Վրացիները ներդրել են մեկ միլիարդ դոլար և ժամանակակից համալսարան են կառուցում 90,000 ուսանողների համար։ Ի՞նչ է կարծում մեր կառավարությունը, պոտենցիալ ներդրողները Վրաստան կգնան, թե՞ կսպասեն մինչև Հայաստանը ստեղծի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որն էլ կխթանի լավ կրթություն, որ Հայաստան գան։

Որտեղ պետք է արվի տնտեսական հեղափոխությունը․
Մեր հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև նախորդ կառավարությունը չափազանց ոչ արդյունավետ էր։ Պետք է նկատել, որ հեղափոխության արդյունքում, ժողովուրդը չի փոխվել, կառավարությունն է փոխվել: Հետևաբար նոր կառավարությունը պետք է առաջին հերթին մտածի, թե ինքն իրեն ինչպես արդյունավետ դարձնի, ոչ թե խորհուրդ տա ժողովրդին ակտիվ աշխատել։

Ամփոփենք, ինչ պետք է արվի, լուրջ տնտեսական աճ ապահովելու համար։

Առաջինը, արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելն է։ Կառավարման էֆեկտիվ համակարգ ստեղծելն աներևակայելի բարդ գործ է։ Ցավն այն է, մեր կառավարությունը դեռևս չի գիտակցել դրա կարևորությունը և դժվարությունները։

Երկրորդը՝ Կառավարման բարեփոխումներին զուգահեռ պետք է ունենալ տնտեսական բարեփոխումների ծրագիր։ Չեն լինում լուրջ տնտեսական բարեփոխումներ առանց տնտեսական բարեփոխումների ուժեղ առաջնորդի՝ հստակ գաղափարախոսությամբ և թիմով։ Ակնհայտ է, որ այդ առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել։ Նաև ակնհայտ է, որ այս կառավարությունում այդպիսի ֆիգուր չկա։ Կարծում եմ, այդ մարդուն գտնելը վարչապետի առաջնահերթ խնդիրն է։

Երրորդը, ինչը հնարավոր է և պետք անել անմիջապես, դա բացարձակ մրցակցային միջավայր ստեղծելն է։ Ազատ, հավասար մրցակցությունը տնտեսության զարգացման գլխավոր նախապայմաններից է։

Չորրորդը, կադրերի, մասնագետների հարցն է։ Այստեղ էլ մեր խնդիրները շատ են։ Դպրոցական կրթությունից մինչև ԲՈՒՀ-ական կրթություն և գիտություն ամեն ինչ քայքայված վիճակում է։

Աշոտ Խաչատրյան,
Հայկական Ծրագրեր Ընկերության նախագահ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: