Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նատալի Ֆարմը» ՏՄՊՊՀ-ին կներկայացնի թունաքիմիկատների թանկացման հիմնավորումները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

09:42 , 06 Փետրվար 2019

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 5-ին հարուցեց վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ:

ՏՄՊՊՀ-ից B4B.am-ին հայտնեցին, որ նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում: Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի եւ մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչեւ գնագոյացում՝ ողջ շղթան:

Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձեւավորման վրա:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում եւ իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝ միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) եւ հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ): Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը եւ Գերմանիան:

Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-18 թվականները, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման եւ իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ:

Ընդհանուր առմամբ շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը կազմել է 44 տոկոս, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 տոկոսը:

Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք եւ իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները: Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ 2018-ին «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը, ինչը կարող է հանդիսանալ գերիշխող դիրքի չարաշահում Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018 թվականին 2017-ի համեմատ բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել:

Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները եւ այլ ծախսերը միասին: Այսպես. 2017 թվականի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ մանրածախ վաճառքի գինը՝ 2 500 դրամ (+600), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ինքնարժեքը եղել է 2 100, իսկ վաճառքի գինը՝ 3 100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեեւ ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24տոկոսով, ինչը հանգեցրել է նաեւ ընկերության շահութաբերության աճին:

Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցեց վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաեւ տնտեսվարողից տեղեկատվություն եւ հիմնավորումներ պահանջելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ